Լիանա Մեջլումյանը այն ծնողներից է, որը հերոս որդի է տվել հայրենիքին: Նրա ավագ որդին` Իշխան Արայի Մանուկյանը, որ ընդամենը 18 տարեկան էր, անմահացել է Արցախյան երկրորդ պատերազմում:
Մայրն ասում է, որ Իշխանը սովորել է Մոնթե Մելքոնյանի անվան 11 դպրոցում, իններորդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել է բժշկական քոլեջ` ատամնատեխնիկ էր: 3 տարի սովորելուց եւ Գյուղակադեմիա ընդունվելուց հետո` զորակոչվել է բանակ: 3 ամսվա ծառայող էր, որ սկսվեց պատերազմը:
«Սկզբում լավ էր ամեն ինչ, գոհ էր իր տեղից, հրամանատարությունից ու ընկերներից` մինչեւ չարաբաստիկ պատերազմը: Սեպտեմբերի 27-ին ինքը մի քանի օր չզանգեց, ես շատ-շատ անհանգիստ էի, չէի քնում: Հետո հոկտեմբերի 1-ին զանգեց, հանգստացրեց, որ իբր ամեն ինչ լավ է: Բայց ի՞նչ լավ է… Գիտեմ, որ կռիվ էին տվել Ջաբրայիլում, ինքը հրետանավոր էր… 18-ամյա երեխեքը` երկու ամսվա ծառայող, զրահաբաճկոն չունեին, ասել էին՝ հրետանավորներին չի հասնում: Ասում են՝ այդտեղ կռիվ են տվել, հետո տեղափոխվել են Հադրութ:
Հադրութի գյուղերում էլ կռիվ տվել: Զինակից ընկերներից պատմեցին, որ կիսաքնած են եղել, երբ Իշխանը խոտերի շարժ է նկատել, պարզվել է «Յաշմա» ջոկատն է, ինչի մասին զեկուցել է հրամանատարին: Այնուհետեւ Մարտունիում են կռվել: 33 օր երեխեքը խրամատներում են եղել: Իշխանը միշտ ասում էր` լավ եմ, տրաքոցների ձայները պարզ լսվում էին, ինքը ասում էր` դա մեր մոտ չի, ներքեւներում է, արձագանքն ես լսում: Չէր ուզում անհանգստանանք, տեղն էլ չէր ասում: Ամենավերջում Կարմիրշուկայի մոտ՝ անօդաչու սարքից մի մասը զոհվել է, մի մասը վիրավորվել: Իշխանս նույնպես ծանր վիրավորվել է, տեղափոխել են հոսպիտալ, վիրահատել ստամոքսը, փայծաղը, ձեռքն ու ոտքը, երեխու մարմնի 60 տոկոսը այրված է եղել: Այնուհետեւ ուղղաթիռով բերել են Էրեբունի հիվանդանոց: Ես գլխապատառ հասա այնտեղ, ասացին, եթե դիմադրի, ողջ կմնա: Իր վիճակը կայուն ծանր էր, 5 օր այդպես մնաց,: Հենց ներս մտա, դեռ քնած չէր, չէին սրսկել: Ինձ որ տեսավ՝ ուրախացավ: Ասացի՝ Իշխան ջան, կդիմանա՞ս, բռունցքը սեղմեց, ցույց տվեց, որ հա` ոնց որ բան չէր եղել: Նոյեմբերի 5-ին չկարողացան Իշխանին փրկել»,-պատմում է տիկին Լիանան:
Կարդացեք նաև
Մայրն ասում է, որ որդին շատ բարի, կենսուրախ երիտասարդ էր, բացարձակ կոնֆլիկտային չէր: Սիրում էր գեղեցիկ հագնվել, ժամանցային վայրեր այցելել: Փետրվարի 19-ին տղայի ծննդյան օրն է: Իշխանը երազում էր բանակից հետո տեղափոխվել հոր մոտ` ՌԴ, այնտեղ աշխատել կլինիկայում ու կատարելագործվել մասնագիտության մեջ: Իշխանը տիկին Լիանայի ավագ որդին էր: Սիրած աղջիկ ուներ, մայրն ասում է «փակբերան» էր, չէր կիսվում: Նաեւ հավելում է, որ որդու զոհվելուց հետո Իշխանենց քոլեջից մի աղջիկ եւս իրեն գրել է, որ երկու տարի սիրահարված է եղել Իշխանին, սակայն չի համարձակվել բարձրաձայնել:
«Ինձ գրեց, որ Իշխանի զոհվելուց հետո գիշերները չի քնում, հենց աչքերը փակում է, Իշխանին է տեսնում համազգեստով: Իրենց քոլեջում սովորող բուժքույրներից էր այդ աղջիկը»,-նշում է տիկին Լիանան:
Մեր զրույցի ավարտին Լիանա Մանուկյանը հուզվեց. «Չկարողացա որդուս ներկայությունը վայելել, պատերազմը խլեց նրան»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ