Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատերազմի ընթացքում ՀՀ իշխանությունները տվեցին երաշխիքներ, որ չեն խփելու նավթագազամուղերին». Արմեն Աշոտյան

Հունվար 25,2021 16:17

«ՀՀԿ-ի իշխանության տարիներին Արցախի հարցի բանակցային գործընթացն արձանագրել է հայկական կողմի համար մի շարք կարեւոր եւ հանգուցային հաջողություններ»,- այս կարծիքին է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Այսօր «Հայելի» մամուլի ակումբում նա ասաց, որ այդ հաջողություններն արձանագրել էր նաեւ ԵԱՀԿ ՄԽ ՌԴ համանախագահ Իգոր Պոպովը:

Դրանցում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը դիտվել է իբրեւ կարգավորման հիմնաքար. «Հայաստանը Մինսկի խմբի համանախագահների կողմից դիտվել է որպես կոնստրուկտիվ կողմ, մենք համանախագահների ֆավորիտն էինք, որովհետեւ այնքան խելոք էինք բանակցում, որ մեր դիրքերը պահելով՝ կարողանում էինք կառուցողական հանդես գալ Ադրբեջանի ֆոնի վրա։ Մյուս հաջողությունն այն է, որ Ռուսաստանի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի ղեկավարները 2009-ից մինչեւ 2013 թվականը հինգ հայտարարություն ընդունեցին, որով հաստատեցին, որ Արցախի կարգավիճակի հարցը հանգուցային է, պետք է լուծվի ազատ կամարտահայտությամբ»:

Արմեն Աշոտյանը մասնավորեցրեց. «Մենք ասում էինք՝ Ադրբեջան, Արցախը պետք է լինի անկախ պետություն, ինքը կորոշի իր ապագան, միջազգային հանրությունը համաձայն էր, դրա դիմաց պատրաստ էինք ազատել որոշ տարածքներ՝ 5+2: Բայց մինչեւ չլուծվեր կարգավիճակի հարցը, մենք չէինք պատրաստվում ազատել այդ տարածքները: Մենք ասում էինք՝ Ադրբեջան, եթե դու սկսես պատերազմ, մենք երկու բան կանենք`«Իսկանդերով» կխփենք քո գազանավթային ուղիներին եւ քո ֆինանսական պորտալարը կկտրենք, գումարած՝ Արեւմուտք, տիրություն արա քո միլիարդներին դրածդ հողի մեջ, որովհետեւ եթե Ադրբեջանի գյամերը չքաշես, մենք կսատկացնենք, կթաղենք քո միլիարդները: Երկրորդ, ասում էինք՝ Ադրբեջան, եթե պատերազմ սկսես ու երկար տեւեց, մենք Արցախի անկախությունը կճանաչենք, դրանով վերջ կդնենք բանակցային այդ ձեւաչափին»:

Նա ընդգծում է` ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հստակ բանաձևել էր, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։

Բայց, ըստ նրա, եղավ դավաճանություն. «Պատերազմի ընթացքում ՀՀ իշխանությունները տվեցին երաշխիքներ, որ չեն խփելու նավթագազամուղերին: Ոչ միայն չեն խփելու, այլեւ պատերազմի ընթացքում Ադրբեջանին հաջողվեց կառուցել նոր գազամուղ դեպի Եվրոպա: Սա խայտառակություն է»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031