«Առաջին անգամ լսեցի նման բան, հետեւաբար չեմ կարող մեկնաբանել։ Նման քննարկում չկա եւ չի եղել, այլ նշանակում չկա»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով տեղեկություններին, թե «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակումից հետո Արփի Դավոյանն է լինելու խմբակցության ղեկավար, ասաց «Իմ քայլի» պատգամավոր Արփի Դավոյանը։
Ինչ վերաբերում է ընդդիմության եւ փորձագետների գնահատականներին, թե Մակունցը դիվանագիտական փորձ չունի, Արփի Դավոյանը նշեց․ «Նման խոսակցությունները գալիս են տարբեր շահագրգիռ շրջանակներից։ Հիմնականում ցանկացած նշանակման համար նման խոսակցություններ կան»։
Հարցին, թե ո՞ր արժանիքի համար է Լիլիթ Մակունցը դեսպան նշանակվում, Արփի Դավոյանը դժվարացավ պատասխանել․ «Ես չեմ կարող ասել որեւէ հստակ բան։ Երբ նշանակումը լինի, բացատրություններ կտրվեն։ Կարծում եմ՝ այդ մասին երկար խոսելը, երբ մանրամասները հայտնի չեն, անիմաստ է։ Եթե իմ կարծիքն եք հարցնում, ապա այո, նա կարող է լինել լավ դեսպան։ Սա քաղաքական որոշում է»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ