«Իսկ ի՞նչ է փոխվել իմ ելույթից հետո»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Իմ քայլի» պատգամավոր Արփի Դավոյանը՝ պատասխանելով հարցին, թե հիմա է՞լ է կարծում, որ երկրի թիվ մեկ խնդիրն ընդդիմությունն է, ինչպես օրեր առաջ էր հայտարարել։
«Ավելի կարեւոր հարցեր կան, որոնց շուրջ կարելի է խոսել․ իմ կարծիքը, որը վերաբերում էր ընդդիմությանը, որեւէ փոփոխություն չի կրել եւ ես բացատրել եմ, թե ինչու է այդպես»,-նշեց Արփի Դավոյանը։
Թե ինչ խնդիրներ է ստեղծում ընդդիմությունը, Արփի Դավոյանը նշեց․ «Ցանկացած երկրում պետք է լինի առողջ ընդդիմություն։ Ընդդիմությունը պիտի լինի զարգացած։ Սակայն չկա ընդդիմություն-իշխանություն խոսույթ, որովհետեւ ընդդիմությունն այսօր ունի միայն մեկ օրակարգ՝ դա իշխանություն ստանձնելն է։ Նրանք չունեն առողջ քննադատություն։ Երբ ընդդիմությունը նման տեքստերով է հանդես գալիս ժողովրդի առաջ, չի կարող խնդիր չհամարվել։ Դուք տեսե՞լ եք՝ ընդդիմության ներկայացուցիչներն ինչպես են խոսում ժողովրդի մասին։ Տեսե՞լ եք՝ ժողովրդի մասին ինչ բառեր են օգտագործում։ Այն մարդիկ, որոնք խոչընդոտում էին հեղափոխության կայացմանը, այսօր վարկաբեկում են իշխանություններին: Ընդդիմությունն ավելի է խորացնում սեւերի եւ սպիտակների բաժանումը՝ վիրավորելով նրանց, ովքեր սատարում են իշխանությանը»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ