Եվրախորհրդարանի «Ընդհանուր արտաքին եւ անվտանգային քաղաքականություն», ինչպես նաեւ «Ընդհանուր անվտանգային եւ պաշտպանական քաղաքականություն» զեկույց-բանաձեւերի արցախյան պատերազմի վերաբերող բաժնի ողջունումը թե՛ Երեւանի եւ թե՛ Ստեփանակերտի կողմից օրինաչափ է։
Ընդհանուր առմամբ, Եվրախորհրդարանի կողմից ընդունված զեկույց-բանաձեւերում ամրագրվել են բազմաթիվ կարեւոր դրույթներ, որոնք վերաբերում են Արցախի դեմ սանձազերծված պատերազմին եւ դրանում Թուրքիայի ներգրավվածությանը, իրականացրած պատերազմական հանցագործություններին, հարձակման հետեւանքների վերացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին, հատկապես` մարդկային, մարդասիրական հարցերի շուրջ: Առանձնապես կարեւոր է նկատվել, որ Եվրախորհրդարանը ո՛չ միայն դատապարտի պատերազմական հանցագործությունները, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության եւ ենթակառուցվածքների, պաշտամունքի վայրերի թիրախավորումը, այլեւ ընդգծել է, որ այդ հանցագործությունները չպետք է մնան անպատիժ։ Շեշտվել է նաեւ ԵԱՀԿ-ի ձեւաչափի շրջանակներում հիմնահարցի կարգավորման բանակցությունները շարունակելու անհրաժեշտությունը։
Հասկանալի է Եվրախորհրդարանի քաղաքական տրամաբանությունը։ Բաքուն չի հասցեագրվել այս զեկույցում։ Քննադատության թիրախը Անկարան է։ Հակառակ դրան, որ այն կոչ է անում բոլոր ենթադրյալ պատերազմական հանցագործությունները պատշաճ կերպով հետաքննելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու: Հատկանշական է, որ Եվրախորհրդարանը նաեւ առանձնապես կոչ է անում միջազգային հետաքննություն կազմակերպելու օտար զինյալների, ահաբեկիչների ենթադրյալ ներկայության եւ տարանջատվող զինամթերքի ու ֆոսֆորային ռումբերի օգտագործման վերաբերյալ:
Նախ, սա կոչի տեսքով է եւ որեւէ ձեւով իրականացվելու պարտադիր բնութը չի ապահովում․ երկրորդ, ինչպես նկատվում է, հասցեագրումը բացակայում է։
Կարդացեք նաև
Նույն անհասցե պահվածքով չի հատկանշվում Անկարային վերաբերող բաժինը։ Անկարան մեղադրվում է իբրեւ ապակայանուցնող գործոն եւ պատերազմին ներգրավված պետություն։ Սակայն այստեղ եւս երանգային անհասցե բաժին է ներառվել։ Զեկույց-բանաձեւը մտահոգությամբ է ընդգծել տագնապին երրորդ երկրների զինվորական ներգրավվածությունը։ Այս դեպքում հավասարեցման օրենքը չէ, որ նկատի է ունեցել, քանի որ այլապես հստակորեն Թուրքիան ամբաստանվել է ապակայանուցմամբ եւ ներգրավվածությամբ։ Այստեղ ուղերձը Մոսկվային է, հատկապես երբ արծարծվում է զինվորական ներգրավվածությունը հակամարտությանը։
Առանց անվանարկման Մոսկվային ակնարկելը կապվում է ԵԱՀԿ-ի ձեւաչափի վերականգնման անհրաժեշտությունն արծարծելուն։ Մանավանդ, որ Եվրախորհրդարանը ընդգծել է, որ հակամարտության հարատեւ կարգավորումը դեռեւս չէ իրականացվել եւ խաղաղության հասնելու համար, շրջանի ապագա իրավական կարգավիճակի որոշման հոլովույթը պետք է գործադրվի ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահության ծիրում եւ հիմնված լինի վերջինիս հիմնարար սկզբունքների վրա։
ԵԱՀԿ-ի իրողական եւ լիարժեք վերաընդգրկումը նախ չի բխում Անկարայի, ապա Մոսկվայի շահերից։ Այս հաշվարկը բնականաբար անում են թե՛ Խաղաղապահ ուժերով իր անվտանգությունն ապահովող Ստեփանակերտը եւ թե՛ հավելյալ կախյալության մեջ խորացած Երեւանը։
Սակայն անկախ տարածաշրջանի գլխավոր խաղացողներից, ԵԱՀԿ-ի վերականգնումը կարող են առաջադրել թե՛ Վաշինգտոնը եւ թե՛ Բրյուսելը, որն այս դեպքում զեկույց-բանաձեւում պաշտոնականացնում է այս պահանջը։ Վաշինգտոնից եւս հնչում են նման ձայներ, առանց բացառելու Ներկայացուցիչների Տան կողմից Արցախի ճանաչման նախագծի քննարկման հնարավորությունը։
ԵԱՀԿ-ի վերաիմաստավորման մոտեցումում է կայանում Բաքվին որեւէ հասցեագրում չուղղելու եւ «երրորդ երկրներ» տարազով Մոսկվան չանվանարկելու մոտեցումը։ Միջնորդը պետք է պահի համահավասարության օրենքը եւ որեւէ անպատեհ կացություն չստեղծի առաջադրված ձեւաչափի ներառված համամիջնորդի նկատմամբ։
Շահան ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր