Հայ հասարակության տարբեր գործիչներ՝ միջազգայնագետներ, փորձագետներ, քաղաքագետներ տարակուսած, ոմանք էլ վրդովված են Լիլիթ Մակունցի ԱՄՆ-ում դեսպան նշանակելու կապակցությամբ։ Այս գործիչները դեռևս գտնվում են հնացած, կարծրատիպային մտածողության ճիրաններում։ Նրանք չեն տեսնում ժամանակակից գլոբալիստական աշխարհի փոփոխությունները։ Չեն ընկալում Հայաստանի առջև ծառացած նոր մարտահրավերները նույնպես։ Այսօրվա փոփոխվող աշխարհը պետություններից պահանջում է նոր, կրեատիվ մտածողություն և այն երկրները , որոնք այդ ամենը չեն գիտակցում՝ կհայտնվեն պատմության աղբանոցում։ Այդ համատեքստում, այսօր մեզ անհրաժեշտ է համաքայլ գնալ այս ամենին, հատկապես դիվանագիտական ոլորտում։ Եվ համոզված եմ, որ հատկապես ԱՄՆ նորընտիր նախագահ, դեմոկրատ Ջո Բայդենի ընտրվելուց հետո, հայ-ամերիկյան հարաբերությունները լավագույնս կամրապնդվեն և կզարգանան հենց Լիլիթ Մակունցի դեսպան նշանակվելու պայմանում։
Լիլիթ Մակունցը երիտասարդ, առաջադեմ, տարբեր, հատկապես՝ մշակույթի և դիվանագիտական ասպարեզներում փորձառու գործիչ է։ Հիշենք, թե ինչպիսի ծաղկում ապրեցին Հայաստանի մշակույթն ու արվեստը, նրա թեկուզ կարճաժամկետ մշակույթի նախարար եղած պաշտոնավարման ընթացքում։ Նախկին, հանցավոր ռեժիմի կողմից լճացած, վերջնական անկման եզրին հասցված մշակութային օջախները նոր շունչ առան, իսկ արվեստի գործիչների ոգևորությանը չափ ու սահման չկար։ Միայն Օպերայի և Բալետի թատրոնի ռեակցիոն կոլեկտիվը, նախկինների հովանավորությամբ ընդվզեց և այժմ գտնվում է աննկարագրելի ծանր իրավիճակում։
Լիլիթ Մակունցը, գիտակցելով իր անձնական պատասխանատվությունը Հայաստանի պետականության գործում, զոհաբերեց իր մշակութային «եսը» և գնաց մեծ քաղաքականություն, դառնալով, ներեցեք՝ ընտրվելով պատգամավոր, ստանձնելով իշխող խմբակցության ղեկավարի ծանր և պատասխանատու դերը։ Նրա ջանքերի շնորհիվ, «Իմ քայլը» խմբակցության որոշ անփորձ պատգամավորներ աճեցին և դարձան լուրջ քաղաքական գործիչներ։ Խմբակցության անդամները հետևելով իրենց խմբակցության ղեկավարի ազատ և անկաշկանդ մտքին և խոսքին, իրենք նույնպես սկսեցին ազատորեն արտահայտել իրենց մտքերը, զերծ կուսակցական կաղապարներից։
Լիլիթ Մակունցը ցուցադրել է իր բարձր գիտելիքներն ու վերլուծական ընդունակությունները նաև միջազգային ոլորտում։ Բոլորը հիշում են նրա ուղղակի հանճարեղ կանխատեսումն առ այն, որ Թուրքիան ոչ մի դեպքում չի մասնակցի հայ-ադրբեջանական ռազմական գործողություններին։
Կարդացեք նաև
Այնպես որ, Լիլիթ Մակունցի նշանակումը ԱՄՆ դեսպան՝ նոր խոսք է ոչ միայն հայկական, այլ միջազգային դիվանագիտության մեջ։ Այնուամենայնիվ, ես գտնում եմ, որ այդպիսի ներուժ ունեցող գործիչը պետք է նշանակվեր արտգործնախարար։
Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ
Երգիծանկարը՝ Սուքիաս ԹՈՐՈՍՅԱՆԻ/Toto