«Պետական բյուջեի մասին օրենքով 2020 թվականի համար նախատեսված էր 1 տրիլիոն 607 մլրդ դրամ եկամուտների հավաքագրում, սակայն, կորոնավիրուսային համավարակով պայմանավորված` տարվա ընթացքում ցուցանիշը ճշգրտվեց, նվազեցվեց մինչեւ 1 տրիլիոն 326 միլիարդի: Դրա դիմաց ՊԵԿ- ի կատարողականը կազմել է 1 տրիլիոն 385 մլրդ դրամ։ Այսինքն՝ ճշտված ծրագրային ցուցանիշի նկատմամբ տեղի է ունեցել 59 մլրդ դրամով գերակատարում»,-այս մասին այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում ասաց ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման եւ հսկողության վարչության պետ Կարեն Թամազյանը։
Նա ասաց, որ այս ցուցանիշները 2019 թվականի հետ համադրելի չեն, քանի որ 2020 թվականի մարտից մեր երկրում կորոնավիրուսի համաճարակն ակտիվացավ։
Պարոն Թամազյանի ներկայացմամբ՝ 2020 թվականին հարկ վճարողներին վերադարձվել է շուրջ 138 մլրդ դրամ, ինչը նախորդ տարի ՊԵԿ-ի կողմից հավաքագրված գումարն է․ «Այսինքն, եթե խոսենք ընդհանուր հավաքագրումից, ապա 1 տրիլիոն 523 միլիարդի չափով ՊԵԿ-ի կողմից ապահովվել են հարկային եկամուտների եւ պետական տուրքերի գծով գումարներ, որից 138 միլիարդը վերադարձվել է հարկ վճարողներին, արդյունքում՝ վերջնական ցուցանիշը կազմել է 1 տրիլիոն 385 մլրդ։ Եթե խոսենք եկամուտների կառուցվածքի մասին, ապա նշեմ՝ 1000 խոշոր հարկատուները վճարել են նշված գումարի շուրջ 71.3%-ը: Պետական եկամուտների ավելի քան 90 %-ը վճարվում է ավելացված արժեքի հարկ վճարողների կողմից, որոնց քանակը կազմում է 15 հազար եւ ոչ առեւտրային կազմակերպությունների կողմից, սրանց քանակն 6 հազար է եւ դրանք այն կազմակերպություններ են, որոնք շահույթ չեն հետապնդում: Այսինքն՝ ՊԵԿ-ն իր աշխատակիցների համար եկամտային հարկ է վճարում բյուջե, ֆինանսների նախարարությունը եւ այլ հիմնարկներ»։
Պարոն Թամազյանն անդրադառնալով աշխատատեղերի քանակին, ասաց՝ 2020 թվականի հունվար- մարտ ամիսների աշխատատեղերի քանակի աճն ակնառու էր նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, նաեւ՝ ամիսն ամսվա վրա․«Այսինքն, փետրվարին ավելի շատ էր աշխատատեղը, քան հունվարին։ Անկումը նկատվեց ապրիլ ամսից սկսած՝ համաճարակի պայմաններում տնտեսական գործունեության սահմանափակումներով պայմանավորված։ Ապրիլին աշխատատեղերի թվաքանակն իջել էր 547 հազարի, մարտին այն 620 հազար էր։ Տարեկան միջին կտրվածքով, անցյալ տարի, աշխատատեղերի ամսական միջին ցուցանիշը կազմել 609 հազար, իսկ 2019 թվականի 602 հազար։ Սա պայմանավորված է հարկ վճարողների կարգապահությամբ, նրանք հասկացան, որ աշխատողին գրանցելը ձեռնտու է։ 2020-ի սեպտեմբերին աշխատատեղերի քանակը կազմել է 632 հազար, ինչը վիճակագրական պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ Սա հիմնականում մանրամեծածախ առեւտրի ոլորտն էր, հանքարդյունաբերությունն եւ ՏՏ ոլորտը»։
Կարդացեք նաև
Նա նշեց, որ ավելի շատ աշխատողներին չեն գրանցում շրջանառության հարկ վճարողները․ «Մենք նրանց հետ բացատրական աշխատանքներ ենք արել, ծանուցումներ ենք ուղարկել, բացատրել ենք, որ տուգանք է սահմանված նման դեպքում, արդյունքում 100 հարկ վճարողի ծանուցում ենք ուղարկել, 70 աշխատակից գրանցվեց»։
Պարոն Թամազյանի խոսքով՝ անցյալ հարկ վճարողների կողմից նոր տեսակի խախտումներ են հայտնաբերվել, դա ծրագրային միջամտությունն է․ «Օրինակ` խանութը սպառողին տրամադրում է ՀԴՄ կտրոն, որը ամբողջությամբ համապատասխանում է օրենսդրությանը, նոր սերնդի ՀԴՄ-ները կտրոնի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցում է ՊԵԿ տեղեկատվական բազա։ Բայց հնարամիտ տնտեսվարողները կտրոնը տպելուց հետո ծրագրային միջամտություն են անում եւ նվազ գումարով տեղեկատվություն են փոխանցում ՊԵԿ-ին, որպեսզի գործարքները հսկելի չլինեն»։
ՊԵԿ-ն անցյալ տարի 25 հազար տնտեսվարողի, ըստ պարոն Թամազյանի, 9 միլիարդ դրամ է տրամադրել կորոնավիրուսի համաճարակի հետեւանքները չեզոքացնող հինգ միջոցառման շրջանակներում։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ