Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախատեսում ենք ատեստատների թվայնացման գործընթաց». Ժաննա Անդրեասյան

Հունվար 25,2021 14:08

«Ամենաառաջին եւ կարեւոր կետերից մեկը, որ քննարկվում է այս համատեքստում, դա կրթության ոլորտի ֆինանսավորումն է, որովհետեւ ստեղծված սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակը առաջին հերթին խնդիրներ է առաջացնում ոլորտի բավարար ֆինանսավորման ուղղությամբ, եւ շատ կարեւոր է, որպեսզի կրթությունը շարունակվի դիտարկվել իբրեւ առաջնահերթություն: Պետությունները պետք է առաջնահերթ համարեն առնվազն այն ֆինանսավորումը, որն ուղղվում է ոլորտին»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը` խոսակցությունը ծավալելով Կրթության միջազգային օրվա համատեքստում:

Նրա խոսքով, համավարակը բազմաթիվ խնդիրներ առաջացրեց կրթության հասանելիության եւ հավասարության տեսանկյունից. «Մենք տեսանք, թե ինչպես թվային խզման պատճառով ամբողջ աշխարհում կրթությունից դուրս մնաց երեք սովորողից մեկը` չունենալով հասանելիություն սարքին, կապին: Տեսանք մեծ անհավասարություն` սոցիալ-տնտեսական բարվոք պայմաններ ունեցող երկրների, ընտանիքների եւ մյուս երեխաների միջեւ: Քննարկումներն այն մասին, թե ինչ խնդիրներ ունենք լուծելու, շատ են, եւ կարեւորը, որ կարողանանք առարկայական քննարկումներ ունենալ եւ որոշել առաջիկա քաղաքականությունը»:

Փոխնախարարը փաստեց, որ Հայաստանի պարագայում խնդիրներն առավել բարդացան պատերազմական իրավիճակով պայմանավորված. «Մենք բացի համավարակի պայմաններում կրթության կազմակերպման խնդիրներից, որպես առաջնահերթություն ունեցանք նաեւ Արցախի Հանրապետության երեխաների համար կրթության շարունակականության ապահովման հարցը: Այսօր էլ մեր դպրոցներում Արցախի Հանրապետության ավելի քանի 7000 երեխա ունենք, որոնք շարունակում են կրթվել մեզ մոտ: Նրանց շուրջ 70 տոկոսը վերադարձել է եւ ուսանում է Արցախի Հանրապետությունում, բայց այդուհանդերձ, սա եւս մեկ կարեւոր առաջնահերթություն է կրթության համակարգում, որը պետք է կարողանանք լավագույնս իրացնել»:

Ինչ վերաբերվում է Կրթության մասին օրենքում կատարված փոփոխություններին, որոնք ընդունվեցին անցյալ քառօրյայի ընթացքում, Ժաննա Անդրեասյանը մի քանի բաղադրիչ առանձնացրեց. «Առաջինը՝ կրթության կառավարման տեղեկատվական համակարգի վարման կարգն է, որն օրենքի այս փոփոխությամբ կարող է ընդունվել մինչեւ հունիսի 30-ը` որպես կառավարության որոշում, դրանով էապես կարգավորելով դաշտը եւ հնարավորություն տալով թվայնացման այն գործընթացները, որ հետեւողական վարում ենք, էլ ավելի ընդլայնվեն ու հասնեն իրենց վերջնական նպատակին:

Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ընդգրկված են կրթության բոլոր մակարդակները: Այս տարի նախատեսում ենք, որ նախադպրոցական հաստատությունների եւ ՄԿՈՒ ոլորտի` քոլեջների եւ ուսումնարանների համար տեղեկատվական համակարգերն ամբողջությամբ կգործեն: Նախատեսում ենք նաեւ ատեստատների թվայնացման գործընթաց, ինչը հնարավորություն է տալու ամբողջությամբ հրաժարվել թղթային պրոցեսից եւ անցում կատարել ինքնաշխատ եղանակով ստացվող ատեստատների եւ այնուհետեւ դրանց սերտիֆիկացման, ստորագրման, վավերացման թվային գործընթացներին: Հավանաբար մյուս ուսումնական տարում կկարողանանք այս ձեւով իրականացնել ատեստատների շնորհման պրոցեսը; Ինչպես նաեւ նոր բաղադրիչներ ենք ներդնելու պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների հաշվառման կարգի եւ դրան առնչվող ծրագրային համակարգի, կրթության առանձնահատուկ պայմանների երեխաների տվյալների ենթահամակարգի մասով»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031