Պաշտոնական վիճակագրությունն ու իրականությունը
Jam-news. Ադրբեջանի տնտեսական վիճակագրության ամենավիճելի պահերից մեկը գործազրկության մասին տվյալներն են։ Անկախ փորձագետները գրեթե միշտ կասկած են հայտնում պաշտոնական վիճակագրության իրատեսական բնույթի վերաբերյալ։ Իսկ կարանտինի փուլում խնդիրն էլ ավելի է խորացել։ Եթե նախկինում գործազուրկները կարող էին գոնե օրավարձով աշխատանք գտնել, ապա խիստ կարանտինի ժամանակ նման հնարավորություն չի եղել։
Ըստ պաշտոնական տվյալների՝ 2020 թ․ հունվարի 1-ի դրությամբ Ադրբեջանում գործազուրկների թիվը կազմում էր 251,6 հազար մարդ։ Այս առնչությամբ կառավարությունն անընդհատ խոսում է գործազրկության հինգ տոկոս մակարդակի մասին, ինչն, ըստ էության, շատ լավ է։ Երկրում գործազուրկների փոքր տոկոսը նորմա է անգամ զարգացած տնտեսության համար, իսկ զարգացող տնտեսությունում այն կարող է հասնել նույնիսկ մինչև 8 տոկոսի։
Խնդիրն այն է, որ հնարավոր է, որ պաշտոնական վիճակագրությունը նվազեցնում է գործազրկության ցուցիչը երկու եղանակով․ նախ՝ հաշվի է առնում ոչ բոլոր գործազուրկներին, երկրորդ հերթին՝ բարձրացնում է տնտեսապես ակտիվ բնակչության թիվը։
Մենք կարող ենք փորձել ինքնուրույն հաշվարկել գործազրկության իրական մակարդակը։
Կարդացեք նաև
Այսպիսով, ըստ պաշտոնական տվյալների, 2020 թ․ հունվարի 1-ի դրությամբ Ադրբեջանում աշխատունակ տարիքի 6 408,5 հազար և կենսաթոշակային տարիքի 160,8 հազար քաղաքացի կար, որոնք շարունակում են աշխատել։ Հաշվի առնենք, որ աշխատունակ անձանց խմբին են պատկանում 15-63,5 տարեկան տղամարդիկ և 15-60,5 տարեկան կանայք։
Միաժամանակ, տնտեսապես ակտիվ բնակչության թիվը նույն ժամանակահատվածում կազմում է 5190,1 հազար մարդ։ Այստեղից էլ որոշում ենք գործազուրկների թիվը՝ 251,6 հազար։
Եթե տնտեսապես ակտիվ քաղաքացիների թվից հանենք թոշակառուներին, ապա ստացվում է, որ աշխատունակ տարիքի աշխատող բնակչության թիվը կազմում է 5029.3 հազար։ Այս թիվն աշխատունակ տարիքի անձանց ընդհանուր թվից հանելով՝ ստանում ենք 1379,2 հազար մարդ։
Այլ կերպ ասած, տարեսկզբի տվյալներով՝ աշխատունակ տարիքի 1379,2 հազար մարդ, իսկ դա մոտավորապես յուրաքանչյուր հինգերորդն է, ընդհանրապես աշխատաշուկայից դուրս է։ Կարելի է ենթադրել, որ նրանք տնային տնտեսուհիներն ու այն քաղաքացիներն են, որոնք աշխատավարձով չեն ուզում աշխատել։ Աշխատաշուկայում են ներառվում միայն զբաղվածներն ու գործազուրկները։ Իսկ վերջինները մարդիկ են, ովքեր աշխատանքի ակտիվ որոնմամբ են զբաղվում։
Զբաղվածների վերաբերյալ․ Ադրբեջանի «զբաղվածության մասին օրենքը» ենթադրում է բավականին հետաքրքիր ձևակերպումներ։ Այսպես, զբաղվածների թվին են պատկանում հողի սեփականատերերը կամ ընտանեկան-ագրարային տնտեսությունների անդամները, ինչպես նաև զինծառայողներն ու բուհերի առկա բաժիններում սովորողներն ու այլք։
Իսկ քանի՞ մարդ է Ադրբեջանում իրոք աշխատում։ Մենք գիտենք, որ, ըստ օրենսդրության, եթե մարդն աշխատում է ավելի քան 3 օր, ապա նա պետք է գրանցվի Սոցիալական պաշտպանության պետական հիմնադրամի համակարգում։ 2020 թ-ի հունվարի 1-ի դրությամբ՝ գրանցվել է 3 934 821 մարդ։
Նրանցից 1 645 436-ն աշխատավարձով աշխատողներն են։ Եվս 914 621 մարդ գործարար է։
Այսպիսով, մնում է 1 374 764 մարդ, որոնք համակարգում գրանցված են, սակայն ներկա պահին ո՛չ աշխատավարձով են աշխատում, ո՛չ էլ գործարար են։ Ուրեմն ովքե՞ր են նրանք։ Հնարավոր է, որ այդ մարդիկ զբաղված են գյուղատնտեսության ոլորտում։ Ըստ պաշտոնական տվյալների՝ գյուղատնտեսության նախարարության համակարգում գրանցված է 519 674 ֆերմեր, որոնք միջինում 3 հեկտար հող ունեն։ Եվ նրանք իրենց ընտանիքներով հանդերձ փաստացի «զբաղված» են համարվում։ Բավականին դժվար է երեք հեկտարից ավելի քան երեք հոգու համար եկամուտ ստանալ։ Այդ պատճառով էլ կարող ենք այս թիվը բազմապատկել 3-ով և կստանանք 1 559 022 մարդ։ Կարելի է ենթադրել, որ նրանց մի մասը սոցիալական քարտ ունի, մյուս մասը՝ ոչ։
Փաստացի ստուգում ենք պետական վիճակագրության եզրակացությունները՝ օգտագործելով պաշտոնական տվյալներն՝ ըստ զբաղվածների խմբերի։
Գործազուրկների թիվը հաշվարկելու համար պետք է 5190,1 հազար մարդուց հանենք հետևյալ խմբերը․
• աշխատավարձով աշխատողներ՝ 1 645 436;
• անհատ ձեռներեցներ՝ 914 621;
• գյուղատնտեսության ոլորտում զբաղվածներ՝ 1 559 022;
• բուհերի առկա բաժիններում սովորողներ՝ 164 119։
Այսպիսով, մոտավորապես (մոտավորապես, որովհետև գյուղատնտեսությունում զբաղվածների թիվը կարող է մի փոքր ավելի կամ պակաս լինել) մնում է 906 902 մարդ։ Այս թվից պետք է հանել զորակոչիկներին (մինչև մոտ 50 հազար մարդ)։ Մնում է մոտ 857 հազար։ Այս տարեսկզբի տվյալներով՝ նրանցից 251,6 հազարը պաշտոնապես գործազուրկ է, իսկ մնացածների մասին տեղեկություններ չունենք։
Ադրբեջանի տնտեսապես ակտիվ բնակչություն, զբաղվածության կատեգորիաներ։
Այսինքն՝ փաստացի իրական գործազրկությունը 2020 թ-ի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 16,51% տոկոս։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: