Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ էին մարդիկ մեռնում տներում, ինչո՞ւ շտապօգնությունը չէր արձագանքում»․ կորոնավիրուսի հարցով հանձնաժողովի 1-ին նիստը

Հունվար 25,2021 12:07

Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովն այսօր առաջին նիստն է անցկացնում։ Հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Արկադի Խաչատրյանն (լուսանկարում) անդրադառնալով 2020թ․ գրանցված համավարակին՝ նախ նշեց․ «Դա պատերազմ էր վիրուսի դեմ, առաջամարտիկները բժիշկներն էին»։

Խաչատրյանի խոսքով՝ հանձնաժողովի նպատակն է վեր հանել բոլոր խնդիրները, ուսումնասիրել դրանց լուծմանն ուղղված կառավարության եւ պարետատան միջոցառումները եւ ներկայացնել առաջարկներ․ «Գնահատականներ են հնչում, որ համավարակի տարբեր այլ փուլեր են սպասվում, եւ ինստիտուցիոնալ զարգացումը կլինի ի շահ մեր երկրի եւ պետության»։

Նիստն ընթացակարգային էր։

«Իմ քայլի» պատգամավոր, հանձնաժողովի անդամ Արտակ Մանուկյանը հետեւյալ մտահոգությունը բարձրաձայնեց․ «Գործընթացը չի ավարտվել, ինչպե՞ս եք պատկերացնում, որ քննիչ հանձնաժողովն ուսումնասիրի պայքարի արդյունավետությունը։ Մետաղական հանքարդյունաբերության հարցով հանձնաժողովը տեսանք։ Արդյունքը զրո էր։ Հիմա ներքաշվում ենք մի գործընթացում, որի արդյունավետության գնահատականն աշխարհում չկա։ Թռչնագրիպի առումով կա՞ երկիր, որն արդյունավետության չափանիշ ունի։ Անգամ դա չկա։ Հանրությունը պատասխան է ակնկալում, որը, սակայն, չի լինելու»։

Հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը պատասխանեց․ «Նախ, ցանկացած արդյունավետություն համար հանձնաժողովում կան տնտեսագետներ եւ իրավաբաններ, կքննարկենք չափորոշիչները, թե ինչպես կարելի է գնահատել արդյունավետությունը։ Առավելապես հենվելու ենք փորձագետների կարծիքների վրա, ուսումնասիրությունների վրա։ Պատկան մարմիններից էլ հարցումներ ենք անելու։ Հեղինակության ռիսկը շատ կարեւոր է, կիսում եմ ձեր մտահոգությունը»։

Այնուհետեւ «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անհամաձայնություն հայտնեց մեծամասնության պատգամավորի դիրքորոշման առնչությամբ․ «Առ այս պահը շատ հարցերի պատասխաններ չենք ստացել, օրինակ՝ կովիդի հիմնադրամի գումարներն ինչպե՞ս են ծախսվել, ինչո՞ւ շտապօգնությունը չէր արձագանքում, ինչո՞ւ էին մարդիկ մեռնում տներում, ինչո՞ւ էր նախկին նախարարը ֆավորիտ ԲԿ-ների ցանկ ստեղծել, որոնք կովիդի հետ կապված պետպատվերն էին իրականացնում։ Ուստի հանձնաժողովը բավականաչափ օրակարգ ունի քննարկելու»։

Արկադի Խաչատրյանն էլ վստահեցրեց, որ օրակարգը լայն է լինելու։

«Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանը տեղեկացրեց, որ խմբակցությունը հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում առաջարկել է Հերիքնազ Տիգրանյանի թեկնածությունը։

Ապա սահմանվեց, որ հանձնաժողովը կունենա երեք աշխատանքային խմբեր, որոնք կուսումնասիրեն համավարակի հետ կապված հիմնական հարցերի ոլորտները, եւ 12 հանձնաժողովականները կաշկանդված չեն մասնակցություն ունենալ դրանցից յուրաքանչյուրին։

Ապա Միքայել Մելքումյանը կարծիք հայտնեց, որ հանձնաժողովի գործունեությունը նախեւառաջ մասնագիտական հենք պետք է ունենա․ «Բացի այդ, պետք է պարզել։ Կան փորձագետներ։ Ինչպիսի՞ հնարավորություն ունենք, որպեսզի լավ մասնագետները վճարովի ուսումնասիրություններ անեն։ Նախկինում եղել է նման գործընթաց։ Ես կարծում եմ, որ փորձագետների բաց մրցույթ պետք է լինի, որպեսզի ընտրվեն լավագույնները»։

Արկադի Խաչատրյանը պատասխանեց, որ, ցավոք, վճարովի հիմունքներով փորձագետների ներգրավելու հնարավորություն չկա, բայց մասնագիտական եզրակացությունների համար հնարավոր է դիմել պատկան մարմիններին։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031