1924 թ․-ի այս օրը Արարատի մարզի Զանգակատուն համայնքում ծնվել է հայ մեծանուն գրող, հանճարեղ բանաստեղծ Պարույր Սևակը. այսօր նա կդառնար 97 տարեկան:
Ձևավորված ավանդույթի համաձայն` պոետի ծննդավայրում նշվել է նրա ծննդյան տարեդարձը, կազմակերպվել է փոքրիկ հուշ-ցերեկույթ, որին ներկա է եղել Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը: Ցերեկույթին մասնակցել է նաև «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, ինչպես նաև արվեստագետներ, տարբեր դպրոցների աշակերտներ ու ուսուցիչներ, համայնքի բնակիչներ, Սևակի պոեզիայի սիրահարներ:
Ներկաները ծաղիկներ են խոնարհել Պարույր Սևակի հիշատակին նվիրված շիրմաքարի մոտ, վերհիշել բանաստեղծի կյանքի պատմությունն ու նրա ստեղծագործությունները:
Ողջունելով հյուրերին` Պարույր Սևակի տուն-թանգարանի տնօրեն Սևակ Ղազարյանը շնորհակալություն է հայտնել նրանց ներկայության համար և հանդես է եկել ողջույնի խոսքով` ընդգծելով, որ պետք է կարողանանք վառ պահել մեծն հայի հիշատակը:
Կարդացեք նաև
Շնորհավորելով բանաստեղծի ծննդյան տոնի կապակցությամբ` մարզպետ Ռազմիկ Թևոնյանն էլ իր հերթին նշել է, որ Պարույր Սևակը հայ ազգի այն մեծագույն գրողներից մեկն է, որի թողած անկրկնելի ժառանգությունն առ այսօր սերունդներ է կրթում ու դաստիարակում և այդ ստեղծագործությունները հայ գրականության փառապանծ էջերից են:
Հ.Գ. Հարկ ենք համարում տեղեկացնել, որ այս տարի կորոնավիրուսի համավարակով և Արցախյան 2-րդ պատերազմում ունեցած մեր զոհերի հիշատակով պայմանավորված, ցավոք սրտի, հնարավոր չի եղել բազմամարդ միջոցառումներ կազմակերպել և մեծ շուքով տոնել Պարույր Սևակին նվիրված այս առանձնահատուկ օրը:
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ