«Ավելի սարսափելի իրավիճակ չենք ապրել՝ պարտադրված, պայմանավորված պատերազմում։ Ներքին թշնամին այն հարվածն է հասցրել, որը ժողովուրդը մինչեւ այսօր չի կարողանում պատկերացնել։ Ներկա եւ նախկին չկա, բոլորը նույնն են»,- Մատենադարանի հարեւանությամբ այսօր ազգային ուժերի ներկայացուցիչների նախաձեռնած հերթական աշխարհաժողովի (ազգային ուժերի համախմբման հարթակ է) ժամանակ հայտարարեց ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը։
«Դրանցից է, որ որեւէ մեկը մինչեւ այսօր պատասխան չի տվել ազգադավության համար։ Ավելին։ Նոր ուժեր են իբրեւ ի հայտ եկել, չիպավորման մասին են խոսում»,-նշեց նա։ Պավլիկ Մանուկյանը նկատի ունի «Ազգային ժողովրդավարական բեւեռ»-ի անդամ, քաղաքագետ Արա Պապյանի գրառումն այն մասին, որ եթե մարդիկ չիպավորված լինեին, զինվորների դիերի մեծ մասը հեշտ կգտնվեր։
Մանուկյանն ասաց․ «Այստեղ ձեզ համար լուրջ բացահայտում պետք է լիներ, բայց պատերազմում տանուլ տալու պատճառն այն էր, որ չիպավորման մասին խոսեն եւ մատուցեն։ Պատկերացնո՞ւմ եք՝ ազգի վշտի վրա ոնց են խաղում, ասում, որ դա լավ բան է։ Եվ սա ասում է իրենց ազգային կառույց հայտարարած ողորմելիների խումբը։ Մեր դեմ ավելի լուրջ պատերազմ է գնում, քան պատկերացնում եք։ Ներքին թուրքը մխրճվել է մեր մեջ։ Որպես ռազմական գործիչ աշխարհաժողովում հայտարարում եմ՝ հետայսու չի լինելու մի բան, երբ չարիքը թաքուն ստորագրի մի բան, եւ գնդի հրամանատարը լացելով, ինքս եմ տեսել, տղաներին հանի դիրքերից։ Մի հոգու պատճառով կապիտուլյացիայի ենթարկվեցինք»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ