Լրահոս
Օրվա լրահոսը

Բրնձի թղթերով spring rolls՝ վիետնամական խոհանոցից` վեգանների եւ մսակերների համար (տեսանյութ)

Հունվար 24,2021 19:26

Այս ուտեստը շատերդ եք երեւի փորձել ու շատ հավանել: Բարեբախտաբար, այն ե՛ւ պատրաստելն է շատ հեշտ, ե՛ւ բաղադրիչներն արդեն կարելի է գտնել երեւանյան սուպերմարկետներում, այնպես որ կարելի է գնել եւ պատրաստել տան պայմաններում:

Անհրաժեշտ մթերքները

Բրնձի թղթեր-10-12 հատ

Բրնձի լապշա- 200 գրամ

Վարունգ-1 հատ

Գազար-1 հատ

Թարմ կարմիր պղպեղ-1 հատ

Չինական կաղամբ- մի քանի տերեւ

Հազարաթերթիկ- մի քանի ճյուղ

Համեմ, կանաչ սոխ- մի քանի հատ, եթե գտնեք նաեւ բազիլիկ՝ եւս մի քանի ճյուղ

Սոյայի թանձրուկ-2 ճաշի գդալ

Բուսական յուղ -2 ճաշի գդալ

Ծովախեցգետին-200 գրամ

Հնդկական ընկույզ-15-20 հատիկ

Քունջութ-1 թեյի գդալ

Աղ, սեւ պղպեղ

Ինչպես նաեւ՝ թայլանդական քաղցրաթթու թանձրուկ կամ սոյայի թանձրուկ՝ թաթախելու համար

Պատրաստման եղանակը

Բոլոր բանջարեղենները լավ լվացեք: Եռացրած ջրի մեջ 2-3 րոպեով եփեք բրնձի լապշան եւ անմիջապես տեղափոխեք շատ սառը ջրով լի ամանի մեջ, որպեսզի եփը կանգնի, չլխկի:

Եթե ծովախեցգետինը սեփական հյութի կամ յուղի մեջ է, ոչ մի հավելյալ բան բան պետք չէ անել: Եթե թարմ է, պետք է 3-4 րոպեով եփել: Չեփված ծովախեցգետինները կանաչա-մոխրագույն են, իսկ վարդագույն ծովախեցգետինները նախապես եփված են: Եթե սառեցված է, բայց չեփված, նույնպես 4-5 րոպեով եփելու կարիք կա, եթե եփված-սառեցված է, պարզապես լցրեք եռման ջրի մեջ եւ սպասեք, որ թռնեն ջրի վրա: Եփելուց հետո մաքրեք պատյանից, ազատվեք պոչիկից եւ գլխիկից:

Վարունգն ու գազարը կարտոֆիլ կեղեւելու դանակով շատ բարակ շերտատեք:

Թարմ պղպեղը, չինական կաղամբը, կանաչ սոխն ու համեմը կտրատեք, խառնեք բրնձի լապշային, ավելացրեք քունջութը, բուսական յուղը եւ սոյայի թանձրուկը: Դառնում է աղցան: Կարող եք նաեւ առանց ձեթի եւ սոյայի թանձրուկի պատրաստել: Կարող եք պարզապես բոլոր մթերքները կտրատած դնել, եւ ապա՝ հերթով շարել բրնձի թղթի վրա:

Եռման ջուրը լցրեք խորը, լայնաբերան ամանի մեջ: Բրնձի թուղթն արագ մտցրեք այդ եռման ջրի մեջ եւ հանեք, չթողնեք երկար մնա, թե չէ կլխկի: Հանեք, դրեք հարթ տեղ, օրինակ՝ բանջարեղեն կտրատելու տախտակի վրա:

Շարեք ձեր ցանկացած մթերքները ձեր ցանկացած եղանակով բրնձի թղթի վրա եւ գլանաձեւ փաթաթեք ու տեղավորեք մատուցարանի վրա: Եթե վեգանների համար եք պատրաստում, բնականաբար, ծովախեցգետին կամ որեւէ այլ ոչ բանջարեղենային մթերք պետք չէ ավելացնել:

Աշխատեք գլանակները իրարից հեռու դնել՝ առնվազն մեկ մատ, քանի որ բրձնի թղթերը շատ կպչուն են, եւ եթե իրար հպվեն, ապա հետո չեք կարող առանձնացնել իրարից, կպատռվեն:

Բրնձի գլանակների համար ընդունված է գետնանուշի թանձրուկը, որի համար պետք է իրար խառնել գետնանուշի մածուկը, սոյայի թանձրուկը եւ հատուկ վիետնամական hoisin թանձրուկը, որը Հայաստանում չեմ գտել: Սակայն բրնձի գլանակները, ըստ իս, շատ լավ են համադրվում թայլանդական կամ չինական քաղցրաթթու թանձրուկի հետ, որի բազմազան տեսական է վաճառվում մեզ մոտ:

Պատրաստման մանրամասները՝ տեսանյութում.

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031