«Կարսում փետրվարին Ադրբեջանն ու Թուրքիան իրականացնելու են զորավարժություններ։ Այդ զորավարժությունները մարտահրավեր են մեզ։ Ունե՞նք իշխանություն, որը կապահովի մեր ֆիզիկական անվտանգությունը։ Ոչ, չունենք»,-Մատենադարանի հարեւանությամբ այսօր ազգային ուժերի ներկայացուցիչների նախաձեռնած հերթական աշխարհաժողովի (ազգային ուժերի համախմբման հարթակ է) ժամանակ հայտարարեց Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար, ազատամարտիկ Վահան Բադասյանը։
«Ունե՞նք բանակ։ Հունվարի 28-ին նշելո՞ւ ենք բանակի տոնը։ Ունե՞նք բանակ, որն ապահովելու է մեր անվտանգությունը։ Ոչ։ Բանակ ունենք, բայց տպավորություն է, որ այն չի ապահովելու մեր անվտանգությունը, որովհետեւ հավատ չկա՝ ոչ թե բանակի կամ զինվորի հանդեպ, այլ իշխանավորների, գլխավոր հրամանատարի հանդեպ։ Դրա համար ստիպված ենք ինքնակազմակերպվել, ինքնապաշտպանվել։ Ամեն ինչ ընկած է մեր ուսերին։ Հետեւաբար, ճիշտն այն է, որ ինքնակազմակերպվենք»,-համոզմունք հայտնեց Վահան Բադասյանը։
Նա նշեց, որ հնում աշխարհաժողովն ունեցել է նպատակներ, դրա համար հիմա կառավարման այս մոդելին են դիմել․ «Մեծ է աշխարհաժողովի դերը, որովհետեւ հնում ռամիկն ու իշխանը հավասար ձայներ ունեին։ Այսօր ժողովուրդը պետք է որոշում կայացնի, առաջարկ ներկայացնի։ Հների եւ նորերի աթոռակռվին չպետք է հետեւենք։ Հներ եւ նորեր չկան, նրանք միասին են, վայելում են թալանը»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ