ՀՖՖ արտահերթ ժողովի նախաձեռնությամբ հանդես եկող ակումբների հայտարարությունը
Ի պատասխան հունվարի 22-ին ՀՖՖ պաշտոնական կայքում հրապարակված «ՀՖՖ պաշտոնական հայտարարությանը»՝ հայտնում ենք, որ արտահերթ ժողովի նախաձեռնությամբ հանդես եկող ակումբները պահպանել են ՀՖՖ կանոնադրության կետերը։ Եվ կոչ ենք անում ՀՖՖ գործադիր մարմնին դրսևորել կառուցողական կեցվածք և միանալ ՀՖՖ անդամ կազմակերպությունների նախաձեռնությանը՝ ուղղված հայկական ֆուտբոլի առողջացմանը և «ղումարի» մաքրմանը:
Հարց, որին ՀՖՖ պատկան մարմինները, արդեն կարծես թե միտումնավոր, չեն ենթարկում պատշաճ վերլուծության և չեն տալիս համարժեք գնահատական՝ հետագայում նման անընդունելի հետևանքներից խուսափելու համար:
Նաև տեղեկացնենք, որ երբ դիմել ենք ՀՖՖ գործադիր մարմնին՝ սույն թվականի հունվարի 20-ին ՀՖՖ արտահերթ ժողով անցկացնելու առաջարկով, չենք ստացել և՛ ոչ մի պաշտոնական արձագանք: Այդ նախաձեռնության մասին նույնիսկ չեն տեղեկացվել ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամները, չեն տեղեկացվել նաև ՀՖՖ բոլոր անդամ կազմակերպությունները:
Կարդացեք նաև
Այսպիսի արհամարհանքը ընդունելով որպես Արտահերթ ժողով անցկացնելուց հրաժարվում՝ արդեն հունվարի 21-ից ձեռնարկել ենք անդամների նախաձեռնությամբ Արտահերթ ժողով հրավիրելու գործընթաց՝ իրացնելով ՀՖՖ Կանոնադրությամբ սահմանված մեր իրավունքները:
Ինչպես նաև կոչ ենք անում ՀՖՖ գործադիր մարմնի ղեկավարներին ՀՖՖ անդամների հետ խոսելիս հանդես չգալ ՀՖՖ անունից, քանզի անդամներն են կազմում ՀՖՖ բարձրագույն և իրավաստեղծ մարմինը՝ Ժողովը, իսկ դուք միայն ՀՖՖ գործադիր մարմինն եք: Եվ Ժողովն է այն իրավասու մարմինը, ով կարող է անդամների կասեցման կամ հեռացման որոշում կայացնել, այլ ոչ թե դուք: Ուստի խորհուրդ ենք տալիս չխոսել անդամների հետ շանտաժի և պատժամիջոցների լեզվով, այլ անսալ ՀՖՖ անդամ կազմակերպություններին և գործել բացառապես ի շահ հայկական ֆուտբոլի ապագայի:
Լինելով ՀՖՖ անդամ, մենք իրավունք ունենք հանդես գալ հայկական ֆուտբոլը չարիքից մարքելու նախաձեռնությամբ։ Կոչ ենք անում ՀՖՖ ղեկավարներին սթափվել և տեղափոխվել կառուցողական դաշտ, ինչը թույլ կտա միասնական ջանքերով լուծել հայկական ֆուտբոլի առջև ծագած լրջագույն խնդիրները։
ՀՖՖ ԱՐՏԱՀԵՐԹ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՈՒՄԲ
Հ․գ․ 9 ֆուտբոլային ակումբների կողմից ՀՖՖ-ի արտահերթ նիստ անցկացնելու վեբերյալ ֆուտբոլի ֆեդերացիայի հայտարարության ի պատասխան գործադիր կոմիտեի անդամ Հայկ Ղազազյանն ֆեյսբուքյան իր էջում գրել էր։
«Որպես ՀՖՖ Գործկոմի անդամ՝ հայտարարում եմ, որ ՀՖՖ 9 անդամների ստորեւ նշված դիմումի մասին Գործկոմը տեղեկացվել է միայն հունվարի 21-ին, այսինքն դիմումը ներկայացնելուց 22 օր անց:
Հետեւաբար, գործկոմը զրկված է եղել դիմումը ողջամիտ ժամկետում քննարկելու եւ դիմումի մեջ առաջարկված ժամկետում որոշում կայացնելու հնարավորությունից:
Դիմումի մասին Գործկոմին ակնհայտ ուշ տեղեկացնելու՝ ՀՖՖ համապատասխան մարմինների գործելաոճը համարում եմ անընդունելի:
Բացի դրանից, չգիտեմ ով եւ ՀՖՖ որ մարմնի անունից է գրել ստորեւ հայտարարությունը, բայց առնվազն Գործկոմի հետ այն չի քննարկվել եւ ես անձամբ չեմ կիսում այդ հայտարարության որակումները եւ սպառնալիքի լեզուն»: