Լրահոս
Օրվա լրահոսը

«Աթոռը պահելու համար նրանք պատրաստ են հրաժարվել Շուշիից, «գրավել» Եռաբլուրը»․ Արմեն Ներսիսյան

Հունվար 24,2021 16:33

«Կապիտուլյացիա ստորագրածները դեռեւս իշխանության աթոռին են։ Ամեն ինչի պատրաստ են, որ պաշտպանեն իրենց աթոռները։ Պատրաստ են հրաժարվել Շուշիից, «գրավել» Եռաբլուրը, ցանկացած ստորացման․․․ Լավ, իրենց անարժան էությունն իրենց խնդիրն է, բայց քանի դեռ նրանք իշխանություն են, դա մարտահրավեր է յուրաքանչյուրիս արժանապատվության համար»,- Մատենադարանի հարեւանությամբ այսօր ազգային ուժերի ներկայացուցիչների նախաձեռնած հերթական աշխարհաժողովի (հանդիսանում է ազգային ուժերի համախմբման հարթակ) ժամանակ հայտարարեց Գյումրու «Ազգային արժեք» գիտավերլուծական ակումբի ներկայացուցիչ, մանկավարժ Արմեն Ներսիսյանը։

Նա ներկայացրեց, որ ճգնաժամից դուրս գալու աշխարհաժողովային մոդելը ենթադրում է ներկայի միջոցով քաղաքակրթական ժառանգության փոխանցում ապագային․ «Սա ժամանակակից աշխարհաժողովի նպատակն է։ Աշխարհաժողովը` որպես պատմությամբ ապացուցված գործիք, դառնալու է ազգային կառույցների, ուժերի եւ անհատների գործակցության հարթակ։ Ժամանակակից կառավարման մոդելները ստեղծել են իրավիճակ, երբ հանրային կառավարմանը հնարավոր է մասնակցել միայն պոպուլիզմով, իսկ ազգային աւրժեքները եւ գաղափարներն ի սկզբանե դատապարտված են պոլուլիստական պարզունակ օրակարգերին։ Ուստի աշխարհաժողովը դարձել է ազգային գաղափարների գործակցության երաշխավոր»։

Արմեն Ներսիսյանի խոսքով՝ աշխարհաժողովը դառնալու է ճգնաժամը հաղթահարելու արդյունավետ գործիք, որովհետեւ իրավիճակի հաղթահարման համար պետք է պատմությամբ ամրագրված գործիքի՝ աշխարհազորի կիրառում․ «Հիմա հնարավոր չէ նույն գործիքներով եւ ապիկար իշխանության, ընդդիմության օրակարգով ձեւացնել, թե ոչինչ չի եղել։ Կայացման ընթացքում ճանապարհ ենք տրամադրելու ազգային գործիչներին։ Բացի այդ, ապագա հզոր ազգային պետության մոդելի ներդրումն անհրաժեշտ է հենց հիմա։ Այդպես է կերտվելու ազգային պետությունը հենց այսօր»։

Արմեն Ներսիսյանը նաեւ համոզմունք հայտնեց, որ յուրաքանչյուրն իր վրայից պետք է թոթափի պարտադրված պարտության փոշին․ «Նորից պետք է գտնենք հաղթող հայի կոդը։ Ոչինչ իզուր չի եղել։ Մեր հերոսների անձնազոհությունը երբեք իզուր չի եղել։ Մենք պարտք ունենք նրանց հանդեպ եւ դա հզոր ազգային պետության կերտումն է»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031