Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանի նորաբաց կրթական կենտրոնի առաջին ծրագրերից մեկը նվիրվելու է Լեռնահայաստանին ու Նժդեհին

Հունվար 24,2021 16:08

Սյունիքի մարզկենտրոն Կապանում փետրվարից իր գործունեությունը կսկսի «Մենք ու մենք» կրթական կենտրոնը, որն իր տեսակով առայժմ մարզում առաջինն է։ Կենտրոնի հիմնադրման գաղափարը Սոնա Մելիք–Քարամյանինն է։

Վերջինս մասնագիտությամբ հոգեբան է, սովորել է Երեւանի պետական եւ Ռուսաստանի Ա. Հերցենի անվան համալսարաններում։ Մասնագիտացվել է նաեւ Իսպանիայում։

Սոնա Մելիք-Քարամյան

Aravot.am-ի հետ զրույցում Սոնան պատմեց, որ աշխատանքային գործունեության ընթացքում իրեն բախտ է վիճակվել գործելու շատ տարբեր ոլորտներում, բայց հետաքրքիր ու հարազատ ոլորտները հոգեբանությունն ու կրթությունն են։

«Շատ եմ սիրում նաեւ երեխաների ու երիտասարդների հետ աշխատանքը, նրանց լուսավոր, ազատ ու ստեղծագործ բնույթը։ Ի վերջո հասկացա, որ պիտի ստեղծեմ սեփական կենտրոն, որի ծրագրերով հնարավոր կլինի միավորել այդ պայծառ ու լուսավոր մարդկանց, ստեղծել նրանց համար պայմաններ՝ շփվելու, զարգանալու ու, ըստ էության, միասին կառուցելու մեր ապագան»,–ասում է Սոնան։

Մինչ կրթական կենտրոնի ծրագրային քաղաքականությունը մշակելը, Կապանում հարցումներ են իրականացվել։ Պարզվել է, որ Կապանում բնակվող տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչները հատկապես հետաքրքված են իրենց շրջապատող միջավայրին, սեփական ներաշխարհին, ինչպես նաեւ այլ մարդկանց հետ հարաբերություններին վերաբերող կրթական ծրագրերով: Հարցման մասնակիցներին հետաքրքրում են նաեւ օտար լեզուները ու դրանց իմացությունը բարելավելու հնարավորությունը, ինչպես նաեւ հարցվողները կարեւորել են առաջատար տեխնոլոգիաներին տիրապետելու եւ դրանցով զբաղվելու կարողությունը։

Ակումբում կազմակերպվող թե՛ կրթական, թե՛ մշակութային, թե՛ ժամանցային ծրագրերը նախատեսված են տարիքային բոլոր խմբերի համար՝ պատանիներ, մեծահասակներ, 5-9 տարեկան երեխաներ։ Սկզբնական շրջանում գործելու են անգլերենի, իսպաներենի, ռուսերենի խոսակցական խմբեր։ Ուսուցումը վճարովի է, եւ ըստ Սոնա Մելիք–Քարամյանի՝ վճարը մատչելի է։

Ի դեպ, ուսուցումը կազմակերպվելու է «հավասարը–հավասարին» սկզբունքով, չեն լինելու դասախոս–ուսանող կամ ուսուցիչ–աշակերտ կարծրացած իրավիճակները։ Օտար լեզուների ուսուցումը կլինի ինտերակտիվ մեթոդներով, ինչու չէ՝ երգելով–պարելով։

Սփյուռքում եւ Հայաստանում բնակվող կենտրոնի բարեկամները այս փուլում կրթաթոշակով աջակցելու են նրանց, ովքեր ցանականում են ծրագրավորող դառնալ, բայց ֆինանսական խնդիրներ ունեն։ Ծրագրավորման հմտություններին տիրապետել ցանկացողները կարող են մոտիվացիոն նամակ ուղարկել կրթական կենտրոնին եւ այդպես ընտրվել անվճար սովորելու համար։

Նժդեհ Ծատուրյան

Կենտրոնի դասընթացավար Նժդեհ Ծատուրյանը ծնունդով Պարսկաստանի Ռաշթ քաղաքից է։ Մեծացել է Կանադայի Տորոնտո քաղաքում, մասնակցել է տեղի հայկական մշակութային եւ կրթական կազմակերպությունների գործունեությանը: Տորոնտոյում նա աշխատել է մի շարք ընկերություններում` որպես ծրագրավորող եւ ծրագրի համակարգող, նաեւ եղել է ծրագրավորման ուսուցիչ Տորոնտոյի հայկական դպրոցում:

2019 թ․–ի նոյեմբերից տեղափոխվել է Հայաստան։ Կապանի կրթական կենտրոնում սովորեցնելու է անգլերեն է եւ ծրագրավորում։ «Երբ տեղափոխվեցի Հայաստան, շատ էի ուզում մի որոշ ժամանակ ապրել եւ աշխատել մարզերից մեկում։ Իմ ընկեր Սոնան ասաց, որ Կապանում կրթական կենտրոն է բացում, մտածեցի, որ դա ցանկությունս իրականացնելու հիանալի առիթ է։ Սյունիքը ինձ համար միշտ հետաքրքիր է եղել, քանի որ շատ եմ լսել նրա հարուստ պատմության մասին։ Արդեն մեկ ամիս է՝ ինչ Սյունիքում եմ եւ հաճելիորեն զարմացած եմ, քանի որ տպավորություններս ավելին են, քան սպասում էի»,–Aravot.am-ի հետ զրույցում ասում է Նժդեհ Ծատուրյանը։

Կենտրոնում կգործեն բաեւ բանավեճի, պատանեկան եւ մանկական ակումբները, կկազմակերպվեն արշավներ։ Կրթական կենտրոնի հիմնադիրը կարեւորեց հատկապես «Մենք ու մեր Սյունիքը» ակումբի գործունեությունը, որտեղ կներկայացվեն Սյունիքի պատմությունը, մշակույթը, բնությունը եւ այլ հրաշալիքները։

Լեռնահայաստանի կազմավորման 100-ամյակն է լրանում այս տարի, եւ ակումբի առաջին ծրագիրը նվիրված է Լեռնահայաստանին ու Գարեգին Նժդեհին։

«Կարծում եմ՝ հիմա ապրում ենք այնպիսի ժամանակներում, որ բոլորովին վերջերս կատարված իրադարձությունները զուգահեռներ ունեն 100 տարի առաջ կատարված իրադարձությունների հետ։ Կփորձենք քննարկել՝ ինչով կարող է պատմություն մեզ օգնել, որպեսզի հիմա ճիշտ վարվենք»,–կենտրոնի բացման շնորհանդեսին ասաց Սոնա Մելիք–Քարամյանը։

Ավելացնենք, որ կենտրոնը առայժմ գործելու է Կապանի երկրագիտական թանգարանի շենքում։ Միաժամանակ կենտրոնի հիմնադիրը նշեց, որ բոլորը կարող են իրենց նախաձեռնություններով այցելել «Մենք ու մենք» կենտրոն, ամենահետաքրքիր ծրագրերն անպայման կյանքի կկոչվեն։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031