Լրահոս
Օրվա լրահոսը

Ծարաբերդի տիրակալը

Հունվար 24,2021 15:26

Օրը բացվեց վշտաբեր բոթով՝ հողերը հանձնվում են:

-Կեղտոտ սրբաննե՛ր,- բղավեց Արամը՝ հրայրքոտ հևքով: Կատաղորեն ծառս եղավ ու ոտքի ողջ զորությամբ զարկեց սեփական հարկի դռանը: Այն ճկվելով՝ ընկրկեց և հնչեղ շառաչով զարնվելով հետնապատին, հետ նետվեց ոխակալ ախոյանի պես. ու շեմին դեմքով կշրմփար, եթե նախաբազուկներով չվահաներ: Ծղնիների դժգոհ ճռնչոցով ըմբոստ դուռը նահանջեց. հետևից դուրս նետվեց ոսկեգիսակ ռուս կինը՝ միգամած աչքերում՝ ահ:

-Անարգ հարճի ծնունդնե՛ր, անիծվե՛ք դուք ձեր նյութած բեղուն դավաճանության համար,-գոռաց նա ու թալկացած ծնկի եկավ՝ ափերին հենված, գլուխը՝ հողին, սկսեց աղիողորմ հեկեկալ ավերմունքի շնչից ահաբեկ, իսկ ամեհի կիրճի հատակից լսվում էր Տրտու գետի մեղմ հեծեծանքը:

…Տասը աշուն առաջ էր: Նրան տեսա չքնաղ Քարվաճառում՝ սրապտուկ, ժայռեղեն լեռնաստանի երկնանիստ քարափի գլխին ծվարած հնամենի գյուղում՝ Ծարաբերդում: Գերմանաբնակ բարեկամիս հետ էի, ու երեք օր ճամփորդեցինք այդ հեքիաթային երկրում, ուր ջրվեժները երկնքից թափվող ծիածաններ էին, իսկ գետակները՝ կաթնահոսք, որտեղ օձագալար քարոտ ճամփաները սրտմտալով մերթ մտնում են խորշ ու փապար, մերթ ոլորվում անձավ-ուղով, հայտնվում անտես նոր ձորի մեջ:

Տուն էր կառուցում՝ երկնամերձ լեռների հոնքին, կիսավեր գյուղում: Հետևում էր շինարարների աշխատանքին: Կիսով չափ բարձրացած կառույցի շուրջը խնամքով կիտված շինանյութի կուտակների մոտ նրա  Nissan Pathfider-ն էր կանգնած, կողքին՝ շարժատնակ, շեմքին՝ շիկահերը՝ իրենից զգալիորեն ջահել:

Արամը ծնվել էր Մոսկվայում, ապրել այնտեղ ու զորակոչվել բանակ: Ծառայել էր ԳԴՀ-ում տեղակայված խորհրդային կոնտինգենտում: Պայմանագրով շարունակել էր ծառայությունը և կարողության տեր դարձել: Վերադարձել էր Մոսկվա: Ծնողների՝ երկնային արքայություն անցնելուց հետո վաճառել է բնակարանը և, վերցնելով իր հետ սրտի տիրուհուն ու ամենագնացը՝ հայդե՝ նախնիների օրրան: Եկել, եկել, հասել է աշխարհի ծայրը՝ տիեզերքի շեմը՝ լեռներում կորած մի չքնաղ անկյուն:

-Բնակեցնել է պետք վերատիրած հողը,-ասում էր աշխարհներ տեսած մարդը՝ փափկակենցաղ կյանքին սովոր եվրոպացին ու շարունակում.

-Այլապես տեր չե՛ս լինի:

Բարեկամս աշխույժ զրույցի էր բռնվել: Արամը մարգարտահատիկ հայերենը փոխարինեց գերմաներենով: Այրական շնչեղ, պայթական լեզվին անհաղորդ, զննում էի շրջապատը, հետևում զրուցակիցների դիմախաղին, որը մարող հույսի պես թրթռաց, մռայլվեց ու մթնեց: Ձգվեցի: Շարժատնակի շեմին պահապան հրեշտակի պես հայտնված շիկահեր կնոջ դեմքին թույլ կարեկցանք ցոլաց: Երկխոսությունը դադարեց: Արամը ռուսերենով կնոջը հրահանգեց թեյ մատուցել: Բարեկրթորեն հրաժարվեցինք: Կինն անգլերենով սուրճ առաջարկեց, բարեկամս նույն լեզվով պատասխանեց. «Շնորհակալ ենք, պետք է գնանք»: Զովաշունչ լեռնային զեփյուռը, երախտիքի խոսքերը ժայռաբնակ անտառի գիրկը տարան: Հրաժեշտ տվինք: Արամը մեզ առաջնորդեց գյուղամիջով պտույտ տալու: Մինչ կմոտենայինք դիմակա ավերակին, նա ասաց.

-Գյուղում տասն ընտանիք կա, դպրոցում՝ նույնքան աշակերտ: Կարևորը՝ դպրոց կա, կապրե՛նք:

Հասնում ենք ավերակին: Ոտքերը դժկամությամբ քարշ տալով՝ բարեկամս կարծես էշաֆոտի էր մոտենում: Հասանք: Այն երկհարկ, երկարուկ, ադրբեջանական դպրոցի շենքն էր՝ անդուռ, անտանիք, անլուսամուտ: Միայն քարե չորս կանգուն պատ… և ի՜նչ պատեր…

Օ՜, սարսա՜փ… շենքն ամբողջությամբ շիրմաքարերի և խաչքարերի ջարդոնով է կառուցված ու շինված էր… գերեզմանի վրա:

«Այս է տապան մելիք… »,-ճչում էր մի անկյունաքար: Նրան բազմած էր խաչի սրտախոց մի թև, ահյակ ծիկրակող բոլորակ մի դեմք հաշմեցնող հայացքով խեթում էր անգութ: Պատուհանախորշում դեմ-հանդիման գավազանակիր, երկարուկ երկու շիրմաքար ստոիկյան սիգանքով ուսել էին քիվը… «Աստ ամփոփեալ…»

-Սա հայհոյություն է առ երկի՛նք, դասական վանդալի՛զմ,-հառաչեց Արամը: Նրա դեմքին վհատության նշույլ չկար, իսկ բարեկամս, կարծես, բրածեծ լիներ…

-Ես Եվրոպայի կեսը կբերեմ այստե՛ղ, կբացատրե՛մ տաղտկաշատ աշխարհին, որ մենք զավթիչ չե՛նք, որ ընդամենը վերադարձե՛լ ենք մեր պապենական անբոց ու անկայծ հնոցները բորբոքելու,-տիրական գոչեց մեր ուղեկիցը և շարունակեց.

-Մադրիգալներ (1) հորինելով ու երգելով բան դուրս չի գա: Կյանքը զազիր զրկա՛նք է, հավերժ պատերա՛զմ, ամենակործան ու ահալից ժամանակից նվաղել, ճապաղ ու ջլատ դարեր ենք անցել: Եկե՛լ է մեր աստեղային ժամը, մեր բախտի գիսավորը ցոլացե՛լ է կրկին, մեր աստղաթափն ավարտվա՛ծ է,-հայրենաբաղձ մրմունջով վրա բերեց ու հանդարտվեց:

Արամի հոգեթափանց խոսքից ոգեղենացած բարեկամս, ծանր խոհերն ու պատկերները պարտակելով, ձեռքը մեկնելով ի վար ընկած լեռնաստանը, ասաց.

-Այս երկնակարկառ բերդ-ամրոցի և, ընդհանրապես, մեր հայրենիքի արժեքը լավ կիմանա միայն նա, ով եղել է օտար երկրներում ու ճամփորդել է: Պիտի տեսնենս ողջ աշխարհը, որ ընկալես այս հողի արժեքը: Վերատիրել-հետ բերելը քիչ է, պետք է շենացնել ու պահել մանկան պես: Պետք է հասկանալ՝ պատերազմից հետո յուրաքանչյուր օրը նվե՛ր է, պարգև՛:

Ամե՛ն օր, անընդհատ անհրաժեշտ է ամրացնել մեր բերդ-ամրոցը, հեսանե՛նք միտքը, զորացնե՛նք բազուկը: Այլևս երբեք՝ վանք ու եկեղեցի, ցայսու միայն՝ խրա՛մ, բունկե՛ր ու կատակոմբ: Ռազմի աստվածը՝ անգութ, անողոք, ներել չգիտի:
Քայլեցինք դեպի գյուղամեջ: Օրը մութ թվաց՝ սև սքեմի պես: Անցանք մելիքական ապարանքի փռվածք-փլատակների միջով բուլդոզերով բացված ճանապարհով ու հանդիման տեսանք երկու եկեղեցի՝ շրջապատված քարակուտակ պատնեշով:

-Եկեղեցիներից մեկը,-ասաց Արամը,-թուրքը դարձրել էր գոմ, մյուսը՝ բնակարան: Հետո կից, երբ ուժը պատել է, ավելացրել է երկու սենյակ: «Տունը» դարձել է երեքսենյականոց, ուր խաշնարածն ապրել է հաշտ մարգարեի ու իր պղծալից խղճի հետ, մինչ եկել են իսկական տերերը:

Գյուղում խուճապ էր, իրարանցում, թեև չէին որոտում հրանոթները: Արամը երեկ էր իջել լեռնանցքի օձագալար ճանապարհով: Տղերքը պինդ էին՝ որձաքարի պես:

-Եվ ու՞մ մտքով կանցներ նման վերջաբանը,-մղկտում էր նա:

Զինադադար էր, կատարյալ անձնատվություն: Հինգ օրից նաև գյուղը պիտի հանձնվեր: Հանձնվում էր անառիկ Քարվաճառը: Ծանրածանր խոհերի բեռից խոնջացած՝ տղամարդը փռվել էր բազմոցին: Դրսից շարունակ լսվում էին շփոթահար մարդկանց ճիչ ու աղմուկը: Ավարառու հրոսակի պես վրա պրծած, մարդիկ կարծես կթալանեին սեփական ինչքը՝ պոկելով դուռ ու պատուհան, տանիք ու բազրիք և կահ-կարասու հետ խառնիխուռն լցնում էին բեռնատարները: Չորորդ օրը սկսեցին տներ ծխալ: Իրենց իսկ ձեռքով խելահեղ մարդիկ հրկիզում-այրում էին սեփական տները:

Քունը փախ տվեց ու լքեց Արամին: Արցունքակեզ աչքերով կինը ցավագին հեկեկում էր հեղձամաղձ ձայնով: Չքացել էր կարծես ժամանակն ապագայի ահից: Անգութ, մոլեգնած ներկան խրախճանում էր արյունամած հորիզոնում: Ընդարմացած, ընկղմված բազկաթոռին, սևեռուն հայացքը հուսահատ կնոջը, նվաղուն ձայնով ասաց.

-Վե՛րջ, դրախտն ընկավ, պրծավ ամեն ինչ…

Չնաշխարհիկ կինը սարսռաց, մղվեց նրա կողմը, գլուխը դրեց ազդրերին և ամուր գրկեց ընդարմացած ոտքերը: Տենդագին ցնցվող ուսերը, մեռնող գիշերին համընթաց, մարեցին:
Առավոտյան ողջ գյուղն այրվում էր: Ծխի բազմաթիվ սյուներ, քուլա-քուլա ծավալվելով, ելնում էին վեր, ցրվում, տարալուծվում անսիրտ հեռուներում: Գյուղում այլևս ոչ-ոք չկար: Մարդիկ արդեն խառնվել էին մեծ ճանապարհի խառնիճաղանջ, հուսահատ երթին:

Իրենք գնալու տեղ չունեին: Նրանց ոչ-ոք չէր սպասում: Ամուր էր խրվել նետված խարիսխը ու շղթայված նավի նման օրորվում էին ալեծուփ ծովում: Վար բերված զանգի պես համրացել էր կինը:
Վեցերորդ օրն էր: Մռայլատես Արամը ներսում ջերմ հորձանք զգաց: Կեծ երկաթ կուլ տվածի պես կայծկլտացին խամրած աչքերը: Սիրատոչոր կանացի բնազդը որսաց հույզի ճողփյունը, նետվեց գիրկը ու տեղաց խելահեղ համբույրների տարափը…

Հանկարծ ակտիվորեն թփրտալով, տղամարդը պոկվեց կնոջից՝ տիրական գոչելով.

-Ես արդեն թագավոր եմ՝ Ծարաբերդի տիրակալը: Ես այն ամրո՛ց կդարձնեմ, կնորոգե՛մ ամեն ինչ…

Կինը տագնապեց, դողով հետևց առաջ մղված ամուսնուն:

Տղամարդը բակից դուրս ելավ, ուղղվեց գյուղեզրյա դարավանդի կողմը:

-Այս հողը քարո՛վ ու մահակո՛վ էլ կարելի է պաշտպանել:

Ես ոչ-ոքի տալու բան չունե՛մ,-այս անգամ կատաղորեն բղավելով, ելավ քարափեզրի փոքրիկ բլրակը:
Կինը սարսափած կանգ առավ ահարկու կիրճի պռնկին՝ հայացքով գամված ժրած ամուսնուն:

Օձագալար նեղ ճանապարհը, ամեհի վիշապի պես քերելով հրաշեկ ժայռերի կողերը, փախ տալով հնամենի կամրջով, անէանում էր զմրուխտե ոլորանում:

Արամը քար կտրեց. վարը՝ կամրջի մոտ, պատկերացավ-ուրվագծվեց ու հառնեց հոյաշեն գմբեթարդ եկեղեցին՝ կից շինվածքներով, պարիսպներով՝ տրակտորով վաղուց քերված ավերակների տեղում: Հանդարտված ազնվական դեմքին զմայլանք ցոլաց: Կինը սևեռվեց կկոցուն: Տղամարդը շեղեց հայացքը զառիկողի ավերակ գերեզմանոց-դպրոցի կողմը: Չքացած ավերակի տեղում կուտակ-կուտակ զանգվածեղ մահարձաններ պատկերացան: Տասնյակ թևավոր խաչքարերին հաջորդում էր պատվանդաններին բազմած քիվավորների շքերթը: Կենտրոնում գտնվող կամարակապ մատուռի շուրջբոլորը խոյակերպ քարեր էին ու տապաններ փռված…

Ցասման խաչքարի պես տիրական, լայնաբիբ ու բացբերան Արամը տրվել էր ցնդող տեսիլքին: Կարծես վիհի՜ց լսեր լալահառաչ կնոջ կանչը: Պատրանքը թևեց անտես ու չքացավ…

Կիրճից մոտալուտ վտանգ չկար: Միակ սփոփանք՝ դալուկ կնոջը թևատակն առած, ջերմ գորովանքով տուն հասավ: Այրվող հարդի կծու ծուխը տիրել էր տանն ու սեփականել: Տունն էլ, կարծես, անսիրտ աշխարհի նման անցել էր ժանտ թշնամու կողմը: Ներս գնաց, վայրկյաններ անց հազալով ելավ՝ ձեռքին ավտոմատ հրացանն ու պահունակատուփերի դարչնագույն պայուսակը: Մոտեցավ արձանացած կնոջը ու հանդիսավոր նրա ուսովը գցեց զենքը, համբուրեց ճակատը, կրկին հետ գնաց: Ծանրությունից մի կողմ թեքված հնազանդ կինը թույլ դողում էր:

Հետ եկած տղամարդու ձեռքում բահ կար, քլունգ ու բենզոկանիստր, որը դրեց գետնին, քլունգն ու բահը նետեց ցանկապատից դուրս, թևից թույլ քաշելով, կնոջն ուղղորդեց փողոց: Հետ գնաց, առավ բենզինն ու մոտեցավ կայանված մեքենային: Բացեց դուռը և ողջ բենզինը շփեց ներս: Կինը սարսափահար ճչաց: Վայրկյաններ անց կրակը սկսեց լափլիզել տունն ու ավտոմեքենան: Վար թափելով բեռը՝ բնազդաբար ծկլթալով փախ տվեց կողքանց: Սրտապնդիչ գոչյունով բահն ու քլունգը ձեռքին, տղամարդն առաջ նետվեց, զենքն առավ ու հասավ կնոջը, որ չոքել ու հեկեկում էր ահաբեկ: Առարկություն չհանդուրժող սպառնալից տոնով պահանջեց հետևել իրեն: Նորից հայտնվեցին քարափեզրի բլրակի մոտ: Ծխահար ու աղեկեզ, կարմրած աչքերով կինը շարունակ հեծկլտում էր: Կիրճում շարժ չկար: Գուժկան խարույկի պես ճարճատյունով այրվում էին տունն ու մեքենան՝ ծուխ, կայծ ու բոց արտածելով:

Տղամարդը գործի անցավ. ճեղքելով բլրակի կողը՝ երկատված հոգով հողն առաջ՝ աջուձախ նետելով, տենդագին, քափուքրտինքի մեջ, խրամ էր փորում՝ ստեպ-ստեպ նայելով դավադիր ճանապարհի կողմը: Տխրամած արևը, ամոթահար, պաղ շիկնանքով պատրաստվում էր լքել հորիզոնը: Հանկարծ, կարծես շանթահար, կինը նետվեց խրամատ ու կարկամած, ահալից աչքերով, ձեռքով ցուցանեց ձորակողմը: Անջրաթափանց թափքածածկով երկու ռազմական բեռնատար, զրահամեքենայի ուղեկցությամբ ելնում էին վեր: Արամը ձեռքն առավ ավտոմատը, մյուսով գրկեց ու կրծքին սեղմեց կնոջը, համբուրեց գլուխն ու պահանջեց կքած մնալ: Ապա դժվարությամբ պայուսակից դուրս քաշեց լցված պահունակներն ու դիրքավորվեց:

Պարզորոշ ուրվագծվում էր ոլորապտույտ, նեղ, վերընթաց ճանապարհը: Նշան բռնեց մեջ տեղի մեքենայի թափքածածկին և պարպեց պահունակը: Խուճապահար գոռում-գոչյունով զինվորները դուրս թափվեցին: Ավտոմատը կրկին ճարճատեց: Փոխհրաձգություն սկսվեց: Լսելի էին վիրավոր զինվորների ցավագին կանչերը: Զրահամեքենայի գնդացիրն անթիրախ կակազեց: Զրահամեքենան առաջ պոկվեց ու պատսպարվեց ոլորանում: Արամը հետ սահեց խրամատ, հրացանը հետ բերեց մենահատ ռեժիմի: Երկու փամփուշտ էր մնացել: Ձեռքերը մեկ բռունցք արած, հենած բերանին, ամբողջ մարմնով դողացող կնոջ վեհերոտ հայացքը մեխվեց սևակնած ամուսնու աչքերում:

Ոճիր նյութող միտքը երերաց, ցնցվեց ներաշխարհի պատիր խռովքում: Այլևս չբացելու բաղձանքով, ծանր կոպերն ամուր սեղմած, մարդը փողն ուղղեց կողակցի կրծքին ու կրակեց: Նվաղած զոհն ընկավ երեսնիվայր: Դեն նետելով զենքը՝ նետվեց դեպի կինը, հավաքեց բազուկների մեջ, սեղմեց կրծքին ու աղիողորմ ողբաց: Սպառնանքը թևածում էր օդում: Ձեռքերի մեջ խոնարհեց զոհի մարմինը, պիջակով ծածկեց դեմքն ու մելեգնորեն սկսեց ձեռքով հողածածկ անել, մերթընդմերթ դուրս մղվելով ու ծիկրակելով ձորամեջի կողմը:

Արամի մոտ գտնվող երկու նռնակների պայթուցիչներն ամենասեղմ ժամկետների համար նախատեսվածներից էին: Այնպես որ, նրան ամեն կերպ ողջ գերի վերցնել ցանկացող թշնամու չորս զինվորների ու սպայի համար բլուրը եղավ վերջին հանգրվանը: Արամն ինքն էր հնարավորինս մոտեցել նրանց՝ դուրս թռչելով խրամատից:

Մադրիգալ -(ֆրանս. madrigal, երգ մայրենի լեզվով), Վերածննդի դարածրջանի աշխարհիկ երաժշտական-բանաստեղծական ժանր։

Վարդան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031