Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինով եւ առանց Պուտինի

Հունվար 24,2021 12:00

Երբ մի քանի օր առաջ Գյումրիում վարչապետի ընդդիմության միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանն իր ճանապարհը փակած քաղաքացիներին «բոմժ» էր անվանել, լրագրողները, կարծես խոսքները մեկ արած, Գագիկ Ծառուկյանին հարցրել էին, թե ինչ կարծիքի է Վազգեն Մանուկյանի այդ արտահայտության մասին, որին Ծառուկյանը հետեւյալ պատասխանն էր տվել. «Անկեղծորեն պետք է ասեմ, որ ինձ համար բացարձակ անընդունելի ու անթույլատրելի է նման ձեւակերպումը: Ես մշտապես ասել եմ, որ ինձ համար բացարձակ անընդունելի է հասարակության ներսում սեւերի ու սպիտակների, լավերի ու վատերի բաժանումները կամ ցանկացած այլ տեսակի տարբերակումները: Մենք մի ազգ ենք, մի ժողովուրդ ենք եւ ունենք ընդամենը մեկ հայրենիք»:

Ուրախալի է, որ Ծառուկյանը մեզ եւ Վազգեն Մանուկյանին հիշեցնում է, որ մենք մի ազգ ենք եւ ունենք ընդամենը մեկ հայրենիք: Ուրախալի է նաեւ, որ Գագիկ Ծառուկյանը չի վախենում, որ Վազգեն Մանուկյանը կարող է նեղանալ եւ հրաժարական տալ ընդդիմության վարչապետի միասնական թեկնածուի պաշտոնից:

Ընդհանրապես վերջերս հետաքրքիր շատ բաներ են տեղի ունենում: Ներառյալ ներքաղաքական կյանքում: Չնայած Նիկոլ Փաշինյանը համառորեն հրաժարական չի տալիս: Մի օր էլ 16-ն ու 17-ը կարող են գլխի ընկնել նաեւ, որ ժողովուրդը ոչ միայն Նիկոլի գնալը, այլեւ իրենց գալն առանձնապես չի ուզում: Այլեւ առաջին նախագահի գալն է ուզում: Այլեւ վերջին նախագահի մնալն է ուզում: Եվ ուրիշ բաներ էլ է ուզում, որոնց մասին դեռեւս չի խոսում: Չ

նայած շատերն էն սկսել խոսել: Եվ նույնիսկ Հայրիկյանն է սկսել խոսել: Շանթ Հարությունյանը այնքան օրինակ բերեց Հայրիկյանին, որ վերջինս վերստին սկսեց խոսել: Սկսեց խոսել եւ առիթից օգտվելով՝ հիշեց լուսահոգի գեղանկարիչ Հայկազ Խաչատրյանին, ով փաստորեն մեր այն քչերից էր, ով ռուսամետ չէր: Եթե այսպես գնա, կարող է նաեւ մենք սկսենք խոսել: Սկսենք խոսել ամեն ինչի մասին: Ոչ միայն Ղարաբաղի մասին: Ոչ միայն Ռուսաստանի հետ:

Ոչ միայն Ռուսաստանի հետ, այլեւ Ռուսաստանի մասին: Եվ եթե սկսենք Ռուսաստանի հետ նաեւ Ռուսաստանի մասին խոսել, կհասկանանք, որ Ռուսաստանն էլ է ուզում, որ իր հետ իր մասին խոսենք: Կհասկանանք, որ Ռուսաստանն էլ մեզնից սպասելիքներ ունի, որոնց մասին չի հիշում, որովհետեւ խորապես է մոռացել: Որովհետեւ խորապես ենք մոռացնել տվել: Եվ եթե չհիշեցնենք, կարող է ուրիշ հիշեցնող չլինի: Եթե չհիշեցնենք, կարող է նաեւ ինքն իրեն մոռացության մատնել:

Այնպես որ, եթե ավելի ու ավելի շուրջներս նայենք, կհասկանանք, որ պատերազմից բացի, լիքը այլ բաներ էլ կան, որոնք, չգիտես ինչու, ռուսների հետ ենք կապում, եւ նրանք, ովքեր «առանց Նիկոլի Հայաստան» են փափագում ու երազում, ժամանակն է, որ իրենք էլ «առանց Պուտինի Հայաստան» պատկերացնեն, եւ պատկերացնելու դեպքում կհասկանան, որ տվյալ Հայաստանը միանգամայն պատկերացնելի է՝ ինչքան որ «Պուտինով Հայաստանը», եւ որպեսզի ասածներս հակառուսական մերկապարանոց քարոզչություն չներկայացվեն, պիտի ասեմ ու ավելացնեմ, որ մեր ու ռուսների հարաբերությունները պարտադիր պիտի ուղեկցվեն մարդկային ու բարիդրացիական օրինակներով եւ հարաբերություններով:

Եվ մեր երկու ժողովուրդների հարաբերությունները ոչ միայն պիտի սահմանափակվեն ու եզրափակվեն քաղաքական հարաբերություններով, այլեւ, որ ոչ պակաս կարեւոր է, տնտեսական, մշակութային եւ բոլոր ասպարեզներում սերտ առնչություններով:

Ոսկան ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Armen says:

    Ինձ միշտ հետաքրքիր է, այս կատեգորիայի մարդիկ (Ոսկանը օրինակ), հավատում են իրենց ասածին անկեղծորեն, թե արեւմտյան գրանտներն են արդարացնում։ Դատելով գրելու ոճը (խելացին իսկույն կնկատի շարադրանքի շետադրումները), ամեն դեպքում, երեւի երկրորդ տարբերակը։
    Հ.Գ. Ոսկան ջան, քո “վերլուծության” համաձայն, այս արդեն 6 ամիս է Բելառուսի նախագահն Լուկաշենկոն չէ։
    Հ.Հ.Գ. Մենք վերջինը պետք է “ուզենք”, որ Ռուսաստանում արեւմուտքի միջամտությամբ մի հատ նոր Լենին գա (հավաքի ամբողջ զորքը մեր սահմաններից ու թողնի մեզ նորից բախտի քմահաճույքին)։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031