Այսօր «Կոնգրես» հյուրանոցում մի խումբ ճանաչված մարդիկ, մշակույթի գործիչներ, իրավաբաններ մասնակցում էին երկրում ստեղծված իրավիճակից ելքեր գտնելու շուրջ հրավիրված քննարկմանը։
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն անդրադառնալով մասնակիցներից մեկի առաջարկին, որ պետք է իշխանության ներկայացուցիչների հետ տարբեր եթերներում բանավեճի գնալ, ինչը իրականությունը ի ցույց կդնի, ասաց, որ ինքը շատ անգամ է բանավեճի հրավիրել իշխանության ներկայացուցչի եւ հայտարարել է, որ պատրաստ է ցանկացածի հետ բանավիճել, սակայն նրանք՝ իշխանության ներկայացուցիչներն ու աջակիցներն իրենց լրատվամիջոցներով միակողմանի խոսում են, քարոզչություն են տարածում․ «Իրենք, չգիտեմ, գիտակցում են, որ թույլ են բանավեճի մեջ, թե՝ ոչ, բայց իրենք խուսափում են։ Պետրոս Ղազարյանն է մի երկու անգամ կանչել, վերջին անգամ կանչեց, դրանից հետո չի կանչի, որովհետեւ, իմ կարծքիով, ես նրանց ջախջախեցի, երբ չորս հոգով հարձակվել էին վրաս։ Նրանք պարզունակ, վտանգավոր, հակազգային քարոզչություն են տանում, եւ մարդիկ դրան հավատում են։ Մեր հասարակության կրթական մակարդակը ցածր է եւ քարոզչությունն ազդում է։ Այո, ես կարծում եմ, որ պետք է փորձել բանավեճի հրավիրել»։
Կարդացեք նաև
Անդրադառնալով իշխանության՝ նախկինների մասին հայտարարությանն, ասաց՝ նախկինների մասին միֆը հօդս ցնդեց, երբ Գագիկ Ջհանգիրյանն ընտրվեց ԲԴԽ անդամ․ «Գագիկ Ջհանգիրյանից ավելի նախկին, կոռումպցիոներ, կեղծարար, ես համարում եմ, որ Հայաստանում չկա։ Սա պետք է օգտագործել՝ հենց ասեն՝ նախկին, ասենք՝ բա Ջհանգիրյանը, սա հիանալի բան է, որովհետեւ այս նշանակումը շատ վատ հետեւանքներ է ունենալու»։
Պարոն Իշխանյանն ասաց՝ այսօր մենք կորցրել ենք երկրի զգալի մասը, կորստի տակ է ողջ Հայաստանը․ «Եվ այսօր խոսել ժողովրդավարական, սահմանադրական, չգիտեմ, նախկիններ եւ այլն, ուղղակի ծիծաղելի է։ Ես պատկերացնում եմ, որ Արամ Մանուկյանին կդատեին որպես նախկին 1918 թվականին, որ փրկեց Հայաստանը, որպես նախկին հետո կդատեին, որովհետեւ Սարդարապատի ճակամարտից առաջ մարդկանց է գնդակահարել տվել, որ չխանգարեն։ Ես պետական կառույցների կողմնակիցն եմ եղել, բայց այսօր անհատի դերն է շատ մեծ»։
Պարոն Իշխանյանն ասաց, որ պետք է դիմադրողական շարժում ստեղծել։ Քննարկման ժամանակ տեսակետ հնչեց, որ ընդդիմադիր կուսակցությունները՝ Հայրենիքի փրկության շարժումը, հաջողության չի հասել, կարծես իրար մեջ արդեն պաշտոններ են բաժանում եւ շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը կարծես միայնակ է մնացել։ Պարոն Իշխանյանն անդրադառնալով այդ կուսակցություններին, ասաց՝ ահավոր հիասթափված է կատարվածից։
Ապա դիմելով ներկաներին՝ ասաց․ «Այստեղ ոչ ոք կուսակցական չէ, բայց մի խուսափեք քաղաքականություն բառից, սա քաղաքականություն է եւ ճիշտ քաղաքականություն, եւ մեր քաղաքական խումբը եթե ստեղծվի, հուսով եմ՝ կստեղծվի, պետք է վճռական լինի, պետք են գործողություններ։ Ընդդիմությունը երբ մի բան է հայտարարում եւ դա չի ստացվում, դա պարտություն է։ Փոքրիկ հաղթանակների ճանապարհով պետք է գնալ, քարոզչական փոքրիկ հաղթանակների ճանապարհով։ Նոր ձեւեր է պետք գտնել՝ անհանդուրժողականություն իշխանությունների նկատմամբ, իշխանության ամեն օր մնալը վտանգում է մի քանի կիլոմետր»։
Մանրամասն՝ տեսանյութում
Պարոն Իշխանյանն ասաց՝ եթե այսօրվա նախաձեռնության արդյունքում ստեղծվի քաղաքական խումբը, ապա գործողությունների մեջ չպետք է գայթակղվել ու գնալ ստի ճանապարհով, պետք է ծրագիր մշակել, հատուկ գործողություններ տանել։
Իրավապաշտպանը, դիմելով քննարկման մասնակից Ռուբեն Հովհաննիսյանին, ասաց, որ պետք չէ միայն Հայ առաքելական եկեղեցու հետեւորդների հետ աշխատել՝ տարանջատելով մարդկանց, դա էլ պառակտում է․ «Հիշենք՝ Մոնթեն եւ Թեհլերյանը բողոքականներ էին, ավետարանական էին, ես ինքս էլ ագնոստիկ եմ, հավատացյալ չեմ, մեծ հարգանք ունենալով եկեղեցուն։ Ինչ վերաբերում է Սորոսի հարցին, առանձին կզրուցենք, չեմ ուզում բանավեճ առաջացնել»։
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ