Այսօր Կոնգրես հյուրանոցում մի խումբ ճանաչված մարդիկ, մշակույթի գործիչներ, իրավաբաններ մասնակցում էին երկրում ստեղծված իրավիճակից ելքեր գտնելու շուրջ հրավիրված քննարկմանը, որի ժամանակ ռեժիսոր Ռուբեն Հովհաննիսյանն ասաց, որ իրենք իրենց վրա պետք է վերցնեն պատասխանատվություն եւ աշխատեն, որպեսզի հասարակությանը միավորեն։
Քննարկման մեկ այլ մասնակից՝ բժիշկ Գեորգի Պողոսյանն արձագանքեց՝ դա դժվար կլինի․ «Մենք այդ հնարավորությունը չունենք, մենք գործ ունենք ոչ թե պառակտված հասարակության հետ, մենք գործ ունենք աղանդի հետ, աղանդավորների հետ, որոնց պրակտիկորեն ուղղել հնարավոր չէ, նրանք համաձայն են ամեն ինչ տալ, մենակ թե վարչապետը մնա»։
Պարոն Պողոսյանն ասաց․ «Մենք պետք է վերջ տանք էն մտքին, որ գործ ունենք վատ աշխատող մարդկանց հետ, նրանք շատ լավ են աշխատում, նրանք թշնամի են եւ իրենց պետք չէ դարձնել ինչ-որ մարդիկ, որոնք սխալվել են, չգիտեն ղեկավարել, անսովոր են, նրանք թշնամիներ են, եւ մենք պետք է դա ընդունենք եւ մոռանանք՝ ուրիշ ձեւով իրենց որակման մասին։ Իսկ թշնամիների հետ պայքարելն, ավաղ, օրինական ճանապարհներով մեկ-մեկ լինում է շատ դժվար»։
Կարդացեք նաև
Պարոն Պողոսյանը կորոնավիրուսի դեմ պատվաստումներին անդրադարձավ․ «Այսօր լսեցի, որ նրանք ուզում են բերել անգլիական վակցինա (AstraZeneca ընկերության պատվաստանյութ՝ Ն․Բ), որը տվել է 6 մահ, Անգլիայում հիմա սոսկալի վիճակ է, այդ վակցինան չի աշխատում ե շատ թանկ է, ինչ է որ՝ ռուսականը չբերեն, որը շատ էֆեկտիվ է եւ պրակտիկորեն աշխատող վակցինա է: Աշխարհը դա ընդունեց, Բրազիլիան է դա ընդունում, Էմիրաթները, Հունգարիան, շատ երկրներ: Ինչո՞ւ են դա անում: Վակցինան չեն բերում, որ ժողովրդին փրկեն կովիդից, բերում են, որ փող աշխատեն եւ ավելի վատ վիճակի մեջ գցեն: Նայեք՝ Անգլիայում ի՞նչ է կատարվում, այդ վակցինան չի աշխատում, ու հենց այդ վակցինան են ուզում բերել»։
Առողջապահության նորանշանակ նախարարի մասին էլ բժիշկն ասաց՝ նշանակվել է մի մարդ, ով մասնագիտությամբ իրավաբան է․ «Վերցնել նշանակել առողջապահության նախարար մարդու, ով կյանքում մի հիվանդի մատով չի կպել, գաղափար չունի, թե դա ինչ է նշանակում, իսկ բժշկին նշանակել Շիրակի մարզպետ: Էդ մենակ մի բանի համար է արվում՝ քանդելու, մենք գործ ունենք թշնամու հետ: Մենք իրենց դաշտում չենք կարող հաղթել: Մենք մեր ինտելեկտը, կրթությունը պետք է դնենք մի կողմ, եւ մենք պետք է իրենց դեմ պայքարենք այնպես, ինչպես թշնամու դեմ: Այստեղ նստած է վիրաբույժ, նա գիտի՝ որտեղ թարախ կա, պետք է հեռացնել, դեղը չի օգնի, մենք շատ բարի ձևով ենք նրանց հետ վարվում։ Կյանքը ինձ սովորեցրել է՝ եթե թշնամին դեմդ է, քարը վերցրու, խփի գլխին, ուրիշ վարյանտ չկա»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ