Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչպես հանգուցալուծվեց Դադիվանքի խնդիրը, քանի վանք ու եկեղեցի է մնացել թշնամու կողմում․ Sputnik Արմենիա

Հունվար 23,2021 18:24

Արցախյան պատերազմից հետո մի շարք եկեղեցիներ և վանքեր մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում։ Շատերի կողմից սիրված եկեղեցիների ու վանքերի` Դադիվանքի, Կանաչ ժամի, Ղազանչեցոցի ճակատագիրը շատերին է հետաքրքրում, քանի որ ադրբեջանական կողմի «ձեռագրին ծանոթ ենք»։

Sputnik Արմենիան զրուցել է Մայր աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանի հետ, որը հետաքրքիր տեղեկություններ է տրամադրել։

-Տեր Վահրամ, կարո՞ղ եք նշել, թե Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ընդհանուր առմամբ քանի վանքեր և եկեղեցիներ մնացին։

–Նոյեմբեր 9-ից հետո հայոց եկեղեցին կանգնեց նոր իրողության առջև։ Զավթված և հետո համատեղ հայտարարությամբ հանձնված տարածքներում մնացին Արցախի թեմի շուրջ 130 պատմական և նորակառույց վանքեր և եկեղեցիներ, որոնց մեջ դեռևս 4-7 դդ. նշանավոր սրբավայրեր, հազարավոր խաչքարեր։ Շատ դեպքերում հնարավոր չեղավ դուրս բերել անգամ եկեղեցական պարագաները, սրբանկարները և այլն։

Մխիթարական էր այն, որ նոյեմբերի 9-ից հետո ՌԴ իշխանությունները և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնավոր ուշադրության ներքո են պահում սրբավայրերի հարցը՝ իմանալով, թե որքան կարևոր և զգայուն է այդ հարցը մեր ժողովրդի համար։ Տարվող բանակցությունների մեջ այս հարցը կարևոր տեղ է զբաղեցնում։

Մայր Աթոռը ևս տարբեր խողովակներով ամենօրյա ջանքեր է գործադրում սահմանամերձ գոտիներում մեր վանքերի անվտանգության ապահովման և փոխանցված տարածքներում հայոց սրբատեղիների անխաթար պահպանման ուղղությամբ։

Օրեր առաջ Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից նշանակված Արցախի թեմի նոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի և Մայր աթոռի նորաստեղծ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման հարցերով գրասենյակի առջև ևս դրված են այս խնդիրները։

Հավելեմ, որ նկատելի են արդեն մտահոգիչ երևույթներ՝ փորձեր ադրբեջանական կողմից՝ խեղաթյուրելու Արցախի մեր սրբավայրերի ինքնության և պատկանելության շուրջ պատմական եղելությունները։

Պետք է աշխատանք տանենք` աշխարհին ներկայացնելու իրողությունը և պաշտպանելու ճշմարտությունը։

-Ինչպե՞ս հանգուցալուծվեց Դադիվանքի խնդիրը։ Գիտենք, որ այս հարցը ժամանակին բուռն քննարկումների տեղիք տվեց։

-Երբ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությամբ հստակ դարձավ, թե որ տարածքները պետք է վերադարձվեին Ադրբեջանին, ակնհայտ էր, որ մի շարք մեր պատմական տաճարների հետ նույն ճակատագրին պիտի արժանանա նաև ճիշտ սահմանին տեղակայված Դադիվանքը՝ արցախահայության համար կարևորագույն այս ուխտատեղին։

Այս մտահոգությամբ և վտանգված գործող վանքը փրկելու նպատակով Ամենայն հայոց հայրապետը դիմեց իր հոգևոր եղբորը՝ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Ա ին՝ վանքի հոգևոր առաքելության պահպանման գործում զորակցություն բերելու համար։ Այսպիսով՝ Դադիվանքը ևս դարձավ բանակցությունների առարկա։ Արդյունքում՝ շնորհիվ Կիրիլ պատրիարքի միջնորդական ջանքերի` հնարավոր դարձավ արձանագրել պատմական Դադիվանքի այսօրվա կարգավիճակը։ Անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ցուցումով ռուսական խաղաղապահ ուժերի ղեկավարության կողմից վանքի անվտանգության ապահովման նպատակով տեղակայվեց խաղաղապահների առանձին հենակետ։

Ճիշտ է` անցնող ամիսների ընթացքում ադրբեջանցիների կողմից փորձեր կատարվել են խաթարելու վանքի անդորրը, սակայն դրանք կասեցվել են ռուս խաղաղապահների և ռուս Եկեղեցու սպասավորների ջանքերով։ Այսօր մեր եկեղեցականներն այդ ծանր պայմաններում շարունակում են Դադիվանքում իրենց ծառայությունը՝ ապահովելով ամենօրյա աստվածպաշտությունը և հանուն ազգի ու հայրենիքի առ Աստված մատուցվող աղոթքը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031