Լրահոս
Օրվա լրահոսը

Օրգանիզմի «էներգետիկ ճգնաժամի» 7 հիմնական պատճառները

Հունվար 23,2021 23:00

Մենք ապրում ենք էներգիայի պակասի, քրոնիկ հոգնածության «համավարակի» պայմաններում՝ երբեմն անգամ չնկատելով, որ օրգանիզմը կենսական տոնուսի պակաս է զգում։ Ամերիկյան բժիշկ Յակոբ Թայտելբաումն իր «Հավերժ հոգնած․ ինչպես հաղթահարել քրոնիկ  հոգնածության համախտանիշը» գրքում անդրադառնում է քրոնիկ հոգնածության, օրգանիզմում էներգիայի պակասի 7 հիմնական պատճառներին։  Ըստ բժշկի՝ դրանք են․

1. Սննդարար նյութերի անբավարարությունը

Ժամանակակից մարդու սննդակարգում կալորիաների 18 %-ը բաժին է ընկնում շաքարին, ևս 18 %-ը՝ սպիտակ ալյուրին ու տարատեսակ հագեցած ճարպերին։ Մեր ամենօրյա ճաշացանկի գրեթե կեսը զուրկ է վիտամիններից, հանքանյութերից և հիմնական այլ սննդանյութերից․ ոչ մի օգտակար բան՝ կալորիաներից բացի։ Այսպիսով մարդկությունն օգտագործում է բարձր կալորիականությամբ առանձնացող ոչ օգտակար սնունդ, և սնվելով ոչ ճիշտ՝ տառապում է ավելորդ քաշից և էներգիայի պակասից, քանի որ էներգիայի արտադրման համար մեր օրգանիզմին տասնյակ սննդանյութեր են հարկավոր, առանց որոնց սննդի բաղադրիչներն ընդունակ չեն էներգիայի վերափոխվելու։

2. Քնի պակասը

Դեռ 130 տարի առաջ՝ մինչ Թոմաս Էդիսոնի կողմից էլեկտրական լամպի հայտնագործումը, մարդկանց գիշերային քնի միջին տևողությունը 9 ժամ էր։ Մեր օրերում՝ հեռուստացույցի, համակարգչի, սմարթֆոնի և ժամանակակից կյանքի տեխնոլոգիական այլ առավելությունների պայմաններում քնի միջին տևողությունը մոտավորապես 6 ժամ 45 րոպե է։ Այսինքն մարդը 30 տոկոսով ավելի քիչ է քնում, քան նախկինում։

3. Իմունային համակարգի գերծանրաբեռնվածությունը

Մեզ շրջապատող աշխարհում հաշվվում են ավելի քան 85000 նոր քիմիական նյութեր, որոնք վերջերս են ի հայտ եկել, և որոնց հետ մարդն իր պատմության գերակշիռ մասում որևէ առնչություն չի ունեցել։ Բոլոր այդ նյութերն անծանոթ են մեր իմունային համակարգին, որն, ի դեպ, պետք է տարբերակի՝ ինչպես պայքարել դրանցից յուրաքանչյուրի դեմ։

Դա արդեն բավարար պատճառ է իմունային համակարգի ծանրաբեռնվածության համար։ Այս ամենին միանում են ժամանակակից կյանքի բազմաթիվ այլ խնդիրներ, որոնցից մեկն, օրինակ, սպիտակուցների թերի յուրացումն է օրգանիզմի կողմից։ Սննդի պատրաստման ժամանակ սննդային ֆերմենտները քայքայվում են, և աղիներում լորձաթաղանթի բարձր թափանցելիության պայմաններում սպիտակուցներն ավելի շուտ են հայտնվում արյան մեջ, քան կհասցնեն լիովին մարսվել։ Օրգանիզմը սկսում է նրանց վերաբերվել որպես «գրոհայինների»՝ այդպիսով խթանելով սննդային ալերգիկ ռեակցիաների առաջացումն ու իմունային համակարգի հյուծումը, ինչը կարող է հանգեցնել աուտոիմուն հիվանդությունների զարգացմանը։

4. Աղիների միկրոֆլորան

Ժամանակակից մարդու սննդակարգը, կենսակերպը, հակաբիոտիկների և այլ դեղամիջոցների լայն կիրառությունը բացասաբար են անդրադառնում աղիների միկրոֆլորայի վրա։ Մարդու հաստ աղիքում ավելի շատ բակտերիաներ կան, քան բջիջներ ողջ օրգանիզմում, և սա նորմալ է, սակայն ոչ օգտակար բակտերիաների մեծ քանակը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել՝ նվազեցնելով մարդու էներգետիկ պոտենցիալը։ Ահա թե ինչու է կարևորվում սննդում պրոբիոտիկներով հարուստ մթերքների օգտագործումը, որոնք հարստացնում են աղիների միկրոֆլորան օգտակար բակտերիաներով։

5. Հորմոնալ անհավասարակշռությունը

Օրգանիզմում էներգիայի արտադրման և վերջինիս կողմից սթրեսին դիմակայելու ունակության հարցում մեծ դեր են խաղում վահանաձև գեղձն ու մակերիկամները, որոնց գործառույթների խանգարումների կարևոր ախտանշաններից է մշտական հոգնածության զգացումը։

6. Ֆիզիկական ակտիվության նվազեցումը և արևի լույսի պակասը

Երբեմն թվում է, թե շատերի կյանքում ֆիզիկական միակ վարժությունը ավտոմեքենայի ոտնակը կամ հեռուստացույցի հեռակառավարման վահանակը սեղմելն է։ Դա հանգեցնում է մարդու ֆիզիկական վիճակի վատացման։ Այս վիճակին գումարվում է արևի լույսի պակասը, մարդիկ ավելի քիչ են սպորտով զբաղվում դրսում և ոչ այնքան ճիշտ են մեկնաբանում բժիշկների՝ արևի ճառագայթներից խուսափելու խորհուրդը։ Ինչի պատճառով էլ անխուսափելի է դառնում վիտամին D-ի անբավարարությունը։ Իսկ վիտամին D-ն կարևորագույն դեր ունի իմունային գործառույթների կարգավորման հարցում և վերջինիս պակասը ևս մեկ սթրես է օրգանիզմի համար, որն արտահայտվում է օրգանիզմի կենսական տոնուսի նվազեցմամբ, ինֆեկցիոն, աուտոիմուն հիվանդությունների, քաղցկեղի զարգացման վտանգով։

7. Ամենօրյա սթրեսի բարձր մակարդակը

Ժամանակակից կյանքի ռիթմը գերարագ է։ Ժամանակին մարդիկ նամակ փոխանցելու համար այն հանձնում էին փոստատարներին և ստիպված էին երկար սպասել պատասխանին։ Այսօր հաղորդագրություններով փոխանակվելը վայրկյաններ է տևում։ Հեղինակը հիշում է հին ու բարի ժամանակները, երբ գովազդային կարգախոս էր համարվում Sex sells-ը («Սեքսը վաճառում է»)։ Այսօր կարծես թե այդ կարգախոսը փոխվել է Fear sells-ի («Վախը վաճառում է»)։ Եթե նախկինում հեռուստատեսությունն ու մամուլը շեշտը դնում էին ռոմանտիկայի և հումորի վրա, այսօր, թվում է, նրանց նպատակը մարդկանց վախեցնելն է՝ ոչ թե «թարմ լուրերի», այլ «թարմ ճգնաժամերի» մասին տեղեկություններ հաղորդելով։ Այս գերարագ ռիթմում, երբ մենք ամենուր  բախվում ենք սթրեսի ազդեցությանը, օրգանիզմի համար ավելի ու ավելի բարդ է դառնում հոգնածության, էներգիայի պակասի հաղթահարումը։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031