Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռուբեն Մելքոնյան․ «Իմ քայլը» խմբակցութան մեջ կան պատմաբաններ, նրանք միակարծի՞ք են իրենց առաջնորդի տեսակետի հետ, թե Շուշին հայկական չէ»

Հունվար 23,2021 14:10

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում Շուշիի մասին արած հայտարարությունից հետո գիտական շրջանակում արձագանքը երկակի է եղել․ առաջինը՝ չի կարելի մեկնաբանել բացահայտ տգիտությունը, գիտնականները պատվից ցածր են համարել բանավիճել փաստերի ակնհայտ խեղաթյուրման շուրջ։

Այս մասին այսօր «Հայելի» ակումբում ասաց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը։ Նրա խոսքով՝ գիտնականների երկրորդ արձագանքն այն է, որ այդ հայտարարությունն արել է երկրի ղեկավարը՝ խորհրդարանում․ «Եվ դրան չարձագանքելը բերում է տարընթերցումների։ Հստակ պետք է ֆիքսենք՝ Շուշին եւ Արցախը բուն հայկական տարածք է, հայկական բնօրրանն է եւ քննարկելը, թե Շուշին ադրբեջանական է եղել՝ չի դիմանում որեւէ քննադատության, հեռու է պատմական օբյեկտիվությունից եւ փաստերից»։

Ռուբեն Մելքոնյան

Պատմաբանի ներկայացմամբ՝ կան բազմաթիվ փաստեր, որ Շուշին Անդրկովկասի կրթական կենտրոններից մեկն է եղել․ «Շուշիում ձեւավորվել են հայկական կրթական որոշակի սկզբունքներ, ազգային կրթական սկզբունքների դարբնոցն է եղել։ Շուշիի պատկանելիության հարցը կասկածի տակ դնելը փաստերի խեղաթյուրում է»։

Ռուբեն Մելքոնյանը նշեց՝ կան մարդահամարի տվյալներ, ըստ որի 19-րդ դարում Շուշիի բնակչության մեծամասնությունը հայեր են եղել, սակայն հայ-թաթարական բախումների ժամանակ, Արցախում հայերի ցեղասպանության ժամանակ, ինչպես այլ բնակավայրերի, այնպես էլ Շուշիի հայ բնակչությունը թիրախավորվել է եւ ենթարկվել ցեղասպանության, ենթարկվել է արտագաղթի․ «Բայց դա չի նշանակում, որ Շուշին կորցրել է հայկական դիմանկարը։ Չի կարող պետական պաշտոնյան նման անլրջությամբ մոտենալ այս խիստ զգայուն հարցին եւ ԱԺ ամբիոնից խոսել գիտելիքների նման ցածր պաշարով նման հարցերի մասին՝ անթույլատրելի է։ Դա մեծ հարված է ազգային ինքնասիրությանը եւ պետականությանը, որովհետեւ մենք տասնամյակներ շարունակ, խորհրդային տարիներին անընդհատ բախվել ենք ադրբեջանական կեղծ թեզերի հետ՝ Արցախի եւ Շուշիի պատկանելության մասին, հարյուրամյակներով հակադարձել ենք օբյեկտիվ փաստերով։ Նույնիսկ խորհրդային շրջանի հայ պաշտոնյաները ամեն կերպ պաշտպանել են Արցախի եւ Շուշիի հայկական պատկանելության թեզը»։

Ըստ պատմաբանի, այն, ինչ հնչել է ԱԺ-ում, համընկնում է ադրբեջանական դիրքորոշման հետ, այն, ինչ ասել են ադրբեջանցիները տարիներ շարունակ, նույնը տեսնում ենք մեր ԱԺ-ում։

«Կա թյուրքական խորհուրդ, որում ընդգրկված են թյուրքալեզու պետություններ՝ Թուրքիա, Ադրբեջան, Ուզբեկստան, Ղազախստան եւ այլն, այդ կազմակերպությունը որոշել է 2022-ին Շուշին հայտարարել թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք։ Հիմա նրանց առաջարկն ԱԺ-ում աջակցություն է ստանում, ընդ որում՝ իշխող խմբակցության համաձայնությամբ։ Այդ խմբակցութան մեջ կան պատմաբաններ, ես ուզում եմ հարցնել՝ նրանք միակարծի՞ք են իրենց թիմի առաջնորդի տեսակետի հետ»։

Պատմաբանը կարծում է, որ պետք է քրեականացնել մեր ազգային մշակույթի, հայոց պատմության, ազգային արժեքների հանդեպ տոտալ վիրավորանքները, պետք է այդ դրսեւորումները պատժվեն եւ պետք է արգելվի պետական բարձր պաշտոններ զբաղեցնողներին խոսել այնպիսի թեմաներից, որոնք վիրավորող հայտարարություններ են պարունակում համազգային պետական արժեքների, պետականության մասին։

Կարսում անցկացվելիք թուրք-ադրբեջանական զորավարժությունները պատմաբանը սպառնալիք է համարում ՀՀ-ին եւ տարածաշրջանին, նաեւ՝ ՌԴ-ին․ «Այդ պետության քայլերը վտանգ են ներկայացնում, զորավարժությունները սպառանալիք են։ Այս տարածաշրջանում շրջում է մեծ պատերազմի ուրվականը, թե՝ երբ կսկսվի պատերազմը, թիրախները Իրանը, թե ՌԴ-ն կլինեն, դա դեպքերը ցույց կտան, ամեն զարգացման պարագայում, ՀՀ-ն մնում է թիրախում»։

Ադրբեջանի հետ ենթակառուցվածքների ապաշրջափակումն էլ պարոն Մելքոնյանը սպառնալիք է համարում, նրա կարծիքով՝ դա հենված չէ մեր պետական արժանապատվության վրա, դա դիվանագիտական գործընթացի արդյունք չէ, այլ՝ կապիտուլյացիայի, եւ սա Թուրքիայի բարի կամքը չէ, այլ՝ փափուկ ուժի միջոցով Թուրքիայի թշնամական քաղաքականությունն է ՀՀ-ի դեմ։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031