Լրահոս
Օրվա լրահոսը

Մե՛նք. քաղաքակրթության խայտառակությունն ու հանճարը (էսսե)

Հունվար 23,2021 12:06

Պատերազմները սկզբնավորվում են ռումբերով, իսկ խաղաղությունը համասփյուռ մահվան ընկեցիկն է:
Պատերազմն է հաստատում այն համատպությունը, որ չի կարող կառուցվել խաղաղության մեջ, քանզի ռազմաճակատում հողմացրիվ յուրաքանչյուր հրթիռ, յուրաքանչյուր ական և յուրաքանչյուր փամփուշտ նախ և հետո փլուզում են թիկունքում մնացողի ներաշխարհը:

Ես վախենում եմ որդեկորույս մայրերի աչքերին նայելիս և խոսքեր չունեմ Աստծո արքայության մասին: Ես մտովի զարդարում եմ սևազգեստ կանանց կյանքը՝ ընդունելով մեղքեր, որ բոլո՛րը գործեցին միասին, բայց նրանցից մեկն իսկ խոստովանություն չունեցավ:

Պատերազմում թվագիր յուրաքանչյուր կորուստ անխուսափելիորեն հոշոտում է թիկունքում մնացած ոմն մեկին՝ նրան հոգևոր մահվան զսպաշապիկ հագցնելով, խրամատում վիրավոր յուրաքանչյուր զինվորի հետ ինչ-որ մեկը անպայման արյունաքամվում է իր տան մեջ, և ռազմաճակատից գերության տարվող յուրաքանչյուր ռազմիկի հետ ինչ-որ մեկը գերեվարվում է յուր մխիթարության պահին:

Հասարակություն՝ նստասայլակների վրա, և Հայրենիք՝ որտեղ առողջ մարդն անգամ հիվանդության տառապանքն է քաշում:
Դուք տեսնո՞ւմ եք ձյան հետ խաղացող երեխաներ: Նրանք իջել են, որպեսզի սահեն անհոգության սահնակներով, բայց հետո կյանք կունենան՝ հրելով իրենց հայրերի նստասայլակները:

Յուրաքանչյուր սերունդ երջանկության ի՛ր ճանապարհն է անցնում՝ ողբերգության ի՛ր բաժինը ճաշակալով, և յուրաքանչյուր երեխա ի վերջո նախընտրում է փափուկ հացն ու ջրիկ կերակուրը, քանզի դնովի ատամներով ծամելու ժամանակն է հասունացել:
Ահա և մեր կյանքն ու վճռականությունն ենք ծամում դնովի ատամներով, մենք՝ ամենքս, և հավատի հողն է կրճտում մեր լնդերի վրա, և մեզ չեն սիրում նրանք, ովքեր սիրելի եղան մի անգամ և ատելության բանդագուշանքը վաստակեցին երիցս: Նրանք մեզ բեռնատար վագոններ առաջարկեցին՝ իբրև կացարան, և հինգ քառակուսի մետր հայրենիք՝ յուրաքանչյուր վագոնում, և՝ թախտեր, որոնց վրա մեր սեռական կրքերը պիտի հագենան, և՝ լվացարաններ՝ տակաշոր ողողելու համար, և՝ կաթսաներ, որպեսզի արցունքների աղով համեմվեն մեր փափուկ կերակուրները, և՝ հույսեր անզարթ, և՝ հուսահատության թղթերը սև:

Մեր հայրենի՛ք…

Ապրանքատար վագոն՝ դավաճանության ռելսերի վրա, և առյուծասիրտ մի ժողովուրդ, որ մկներ ծնեց երեսուն տարի շարունակ, և ոչ ոք չկրկնեց Թեհլիրյանի սխրանքը՝ մահապատիժ սահմանելով բոլոր նրանց համար, ովքեր հայ մարդու շապիկն են քաշել իրենց ճենճոտ մարմինների վրա:

Եվ հիմա ո՞ւմ ենք մեղադրում: Թուրքի՞ն, ամերիկացո՞ւն, մոնղոլ- թաթարական արյունով խառնածինների՞ն, որ կոչվում են՝ ռուս, թե՞ ադրբեջանցուն, որին «տկարամիտ» պիտակն ենք կպցրել սերնդեսերունդ՝ գովերգելով մեր ՈՉԻՆՉԸ՝ ոչինչն անվանելով մշակույթ, ազնիվ ցեղ, կրթություն կամ մեկ այլ բան: Ինքնե՛րս ենք տանուլ տվել հերթական անգամ, և ահա՛, Շուշին ունենք իբրև անհաս գագաթ՝ ինպես և Արարատը, և համազգային ողբն ունենք՝ իբրև թշվառության ապացույց:

Ահա մենք ենք մեր ճակատագիրը. մեր ցեղասպանությունը մենք ենք, և եթե մեզ վաճառել են, ապա՝ մեր իսկ ձեռքերով, եթե դրդել են պանդխտության, ապա մեր իսկ ատելությունն է օտար ափերում բախտ որոնողի ցուպը, եթե նվաստացրել են՝ կեղտոտ երթուղայիններ, կեղտոտ կենցաղ և աղքատություն պարտադրելով, ապա՝ մե՛նք ենք ծնել այս կենսակերպը՝ մեր համահավաք մարմինները եվրոպական շուկաներ տանելով և համաշխարհային հասարակաց տներում վաճառելով մեր տեսակը՝ երկար-բարակ սակարկություններից հետո: Եվ, ի վերջո, չէ՞ որ մեր համահավաք կամքն է ծնել հետխորհրդային տարիների իշխանությունը՝ միմյանց բերանի մեջ թքող չորս նախագահներով, բայց մեր համահավաք թուլությունն է հանդուրժել նրանց, և մեր համահավաք թուլության շնորհիվ ենք վաստակել երկիր, որտեղ մարդագողության և մարմնավաճառության խաղերն են առաջնային:

Քարե՜ր, քարե՛ր ժողովեք, որպեսզի քարկոծելով մեռցնեք ոչ խառնածին իմ խոսքը, որ շատերը ատեցին, զի ճշմարտությունը սիրված չի եղել երբեք, և դռներ կողպեցին, զի ազնվությունը բանտերում են բռնաբարել աշխարհի արարումից ի վեր, և Տաճար տարան իմ խոսքը՝ հրեաների Աստծուն հաճեցնելու համար, քանզի Աստված բանն է սիրում իբրև զոհաբերություն և քարկոծելով մեռցնելու պատիժն է սահմանել՝ բանաստեղծի աստվածությունը չհանդուրժելով:

Հրացանների մեջ միատեղ են վառոդն ու վարդերը: Ահա հենց այս պատճառով, հաղթանակները վարդերով են զարդարում՝ սիրո սպանությունն արդարացնելով, իսկ պարտության գերեզմանները վառոդի ծուխն են բուրում սերնդեսերունդ:
Վաղը երգեր կգրվեն, և տափակ փառաբանություններ, որ հերոսներին են բզկտում սովորաբար, և մարդիկ մի պահ կիջնեն ապրանքատար վագոններից, որպեսզի գնեն ջուր կամ ծխախոտ, և նրանք կնստեն իրենց թախտերի վրա, թերևս՝ գոհ ու երջանիկ, ու կծխեն հինգ քառակուսի մետր մակերեսով իրենց հայրենիքի թութունը՝ հայրենական արտադրողին գովերգելով ու հանկարծ հիշելով Արարատն՝ իբրև անհաս գագաթ, և Շուշին՝ իբրև անմխիթար մրմուռ:

Լսո՞ւմ եք, թե փթանոց անիվներն ինչպես են թրխկում դավաճանության ռելսերի վրա: Մե՛նք ենք. քաղաքակրթության խայտառակությունն ու հանճարը:

Մե՛նք ենք…

Սմբատ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031