Կապանում ադրբեջանցիներ էին ապրում, ինչպես Բաքվում, Սումգայիթում, Մարաղայում՝ մինչեւ էթնիկ զտումները: Բայց մեզ մոտ նրանց չսպանեցին: Ու նրանք ոչ միայն ապրում էին, այլեւ սիստեմատիկ շատանում: Դա արվում էր աննկատ ու կազմակերպված: Արվում էր Կապանում բնակվող ադրբեջանցի մսավաճառ Իսլամի շնորհիվ: Իսլամը լավ կապեր ուներ Կապանում ու լիքը ընկերներ: Դե՛, փոքր քաղաք, լավ դիվանագիտություն, առեւտրական մտածողություն ու հեշտ փող աշխատելու ձեւեր, իբր թե եղբայրական ազգեր, բան-ման:
Մենք միամտաբար ապրում էինք համերաշխ, չնայած խտրականություն ամեն դեպքում լինում էր, բայց միաժամանակ նենգ պլաններ չունեինք. պապիկս Արծվանիկում հայտնի վարորդ էր, տուրիստների հետ էր աշխատում, մեծ շփումներ ուներ նրանց հետ, լիովին տիրապետում էր լեզվին, լիքը քիրվայությունների դեպքեր էր պատմում, կամ մայրս, ով ապրում էր Քաջարանում, թուրք հարեւան ուներ. մեզ մոտ համարյա ոչ ոք չի ասում ադրբեջանցի, 99% նույնականացված են այդ երկուսը: «Մեկ ազգ, երկու երկիր»-ը նույնականացումը դուրս է բերում քաղաքական կոռեկտության ծիրից:
Մի խոսքով, ինչպե՞ս էր տեղի ունենում ադրբեջանցիների թվաքանակի ավելացումը: Սխեման հետեւյալն էր. Իսլամը կապ ուներ սովետական Ադրբեջանի կառավարության հետ, որտեղից ստանում էր գումար՝ պլանն իրականացնելու համար: Գալիս էին, օրինակ՝ Զանգելանի հատվածից ադրբեջանցի տղամարդիկ աշխատելու սահմանամերձ գյուղերում կամ քաղաքում. հիմնականում աշխատում էին կոմունալ ծառայություններում որպես ավլող կամ աղբ հավաքող, շինարարության մեջ, շուկայում՝ պահակություն, դաշտերում՝ աշխատանք եւ այլն: Այդ ընթացքում Իսլամը նրանց համար մատչելի բնակարան էր գտնում՝ մեծամասամբ առաջին հարկերում (որոնք գուցե նաեւ խոնավ ու ոչ շատ անվտանգ լինեին) ու տնային կառավարչության ձեւակերպումներ տալիս այնպես, որ նրանք կարողանում էին ապրել Կապանում: Հետո արդեն կանչում էին ընտանիքներին:
Բայց դա նենգ պլանի առաջին մակարդակն էր: Հաջորդը ծնելիության խթանումն էր: Նվազագույնը 8 երեխա ունենալու պահանջ կար: Ամեն նոր երեխայի համար մեծ գումարներ էին փոխանցում Իսլամի միջոցով այդ մարդկանց: Նախատեսված էր, որ ասենք՝ 15-20 տարվա մեջ դեմոգրաֆիական մեծ փոփոխություն լիներ:
Կարդացեք նաև
Բայց բարեբախտաբար կամ էլ նրանց համար դժբախտաբար այդ պլանը վերջնական չի իրականացվում, քանի որ 80-ականների վերջերին՝ Ղարաբաղյան շարժման սկզբին, մերոնք թուրքերին հորդորում են լքել քաղաքը/գյուղերը: Ասում են՝ ժամանակ են տրամադրել ու արյուն չի թափվել: Բայց Իսլամին Նախիջեւանում բռնում ու պատժում են (չգիտենք՝ ինչպես, կամ էլ ենթադրում ենք)՝ դժգոհելով, որ չկարողացավ պլանն իրագործել:
Կասեք՝ բա ինչի՞ Նախիջեւան. նայեք քարտեզին. Նախիջեւանը սահմանակից է Սյունիքին ու Վայոց ձորին: Արենին ու Վայքը նույնպես դեմոգրաֆիական փոփոխություններ էին ենթարկվել ժամանակի ընթացքում: Իսլամի պլանը 60-ականներից էր՝ կարկատել Սյունիքն ու Նախիջեւանը մարդկանց միջոցով: Գուցե ավելի վաղ էլ այլ Իսլամներ եղած լինեն: Նրանք փորձում էին, սահմանակից գյուղերում դեմոգրաֆիան փոխելով, թրքացնել տեղանքը (անգամ Կապանի Գեղի գյուղ էին հասել) ու հետո պատմությունը վերաշարադրել, ինչպես այսօր մեր թիվ մեկ պատասխանատու եւ թիվ մեկ մեղավորի շուրթերով անում են Շուշիի պահով:
Այս ամենը գրեցի, որ Նիկոլ Փաշինյանին փոխանցվեն նման պատմական մանրուքները ու եթե մի օր էլ Ալիեւի հետ հանդիպելիս նրան ասեն՝ Զանգեզուրն էլ ադրբեջանական է, ինչը շատ հավանական է. զինվորական շքերթը վկա, նրանց բազմաթիվ «գիտական» գրքերը վկա, գլուխը չկախի նրա մոտ ու հետո գա փռթի ԱԺ ամբիոնից ու փորձի Սյունիքն էլ դարձնի դժգույն: Չի ստացվելու:
Այս ամենը նաեւ գրեցի, որպեսզի այն մարդիկ, ովքեր խաղաղություն են քարոզում, իմանան, որ մեզ հետ այս պահին ոչ ոք չի ուզում ընկերություն անել պետական մակարդակով: Իսկ Ադրբեջանում պետական մակարդակը որոշիչ է: Այսօր նոր պատերազմի մասին են անընդհատ խոսում: Պարտված ղեկավարը նոր պատերազմի դեպքում վերջնականապես կվերացնի Հայաստան պետությունը երկրի երեսից:
Առջեւում գուցե Զանգեզուրի թեման նորից արծարծվի: Նրանք առնվազն 20 տարի պլանավորում ունեն. պատերազմը վկա: Իսկ մենք դեռեւս ունենք կապիտուլացված ղեկավար, ով, անգամ Շուշին ԱԺ ամբիոնից ադրբեջանական դարձնելով, կարողացավ մարսել դա ու շարունակել մնալ իշխանության ղեկին: Հասկանո՞ւմ եք: Այ էդքան չմո դարձրեց մեզ Նիկոլը, կամ էլ Ալիեւը՝ Նիկոլի շուրթերով:
Տաթևիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՔԱՂԱՔԱԳԵՏ