Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Վանեցյան․ Այն պետությունները, որոնք իրենց մեջ ուժ են գտել «հաղթելու» սեփական պարտությունը, գտել են վերելքի ուղիները․ «Հրապարակ»

Հունվար 23,2021 11:14

Իմ խորին համոզմամբ՝ բոլոր այն անհատները եւ քաղաքական միավորները, որոնք պատրաստվում են առաջիկայում էական քաղաքական դերակատարման հայտ ներկայացնել, պարտավոր են հանրությանը հստակ ներկայացնել առնվազն հետեւյալ երեք հարցադրումների շուրջ իրենց պատկերացումները.

ա) Տեղի ունեցած աղետի ծավալները։
բ) Առաջիկա ռիսկերի եւ վտանգների էությունն ու հնարավոր հետեւանքները։
գ) Ինչպես խուսափել առկա մարտահրավերներից, կայունացնել վիճակը ու սկսել երկրի վերականգնումը։

Հիմա, առավել քան երբեւէ, հասարակության առաջ պետք է լինել բաց եւ հենց այդպես հասարակությանը մասնակից դարձնել բարդ եւ վճռորոշ քննարկումներին։ Ուստի, ինքս առայժմ հակիրճ կանդրադառնամ վերոնշյալ հարցերին:

Հայաստանի վաղը որոշվում է այսօր

Անկախություն ձեռք բերելուց երեսուն տարի անց մենք ստիպված ենք ամեն ինչ սկսել գրեթե զրոյից՝ կառուցել անվտանգային նոր համակարգ, արդյունավետ համագործակցության բանաձեւեր գտնել մեր հիմնական եւ բնական դաշնակից ՌԴ-ի հետ, վստահելի եւ գործընկերային հարաբերություններ ստեղծել հարեւանների ու արտաքին աշխարհի հետ, Արցախի հարցում հայանպաստ լուծման նոր ուղիներ գտնել եւ այլն: Միայն այսքանը բավարար է՝ գիտակցելու համար ազգային ճգնաժամի խորությունը։

Ահռելի կորուստները զգալի ռիսկեր են պարունակում՝ տնտեսության անկում, ֆինանսական շուկայի անկայունություն, սոցիալական լարվածության աճ եւ բազում այլ խնդիրներ։ Սա մեր իրականությունն է՝ նկարագրված հնարավորինս մեղմ։ Մի իրականություն, որի ամենավտանգավոր սպառնալիքը, ըստ իս, պարտվածի հոգեբանության ծուղակն է, որի մեջ կարող ենք հայտնվել ազգովի։ Չլուծենք այս խնդիրը՝ չենք կարողանալու լուծել որեւէ այլ կարեւոր կենսական խնդիր։

Պատմության ընթացքում բոլոր պետություններն ունեցել են թե´ տապալումներ, թե´ պարտություններ: Շատերը կանգնած են եղել ընդհանրապես լինել-չլինելու խնդրի առջեւ։ Եվ բոլոր այն պետությունները, այն ժողովուրդները, որոնք իրենց մեջ ուժ են գտել «հաղթելու» սեփական պարտությունը, որոնք արել են անհրաժեշտ հետեւություններ, անպայման գտել են վերելքի ուղիները եւ այդկերպ հաջողել։

Հետպատերազմյան հանրային դիսկուրսում առկա էր ժամանակակից Հայաստանում հնչած կարեւոր գաղափարներից մեկը՝ «հայ զինվորը չի պարտվել, հայ սպան չի պարտվել, հայ ժողովուրդը չի պարտվել»։ Եվ դա իսկապես այդպես է։ Արդյոք հնարավո՞ր չէ այս մոտեցումը դարձնել ընդհանրական, բոլորիս միավորող՝ անկախ քաղաքական եւ այլ հայացքներից։ Ինչո՞ւ մենք սա չենք անում։ Այն հերոսությունները, որ ցուցաբերել են հայկական զինված ուժերը, մեր տղերքը, աննկարագրելի են, եւ հակառակորդը դա շատ լավ գիտի՝ մեզնից էլ լավ։ Թշնամին ունեցել է հսկայական տեխնոլոգիական եւ քանակական առավելություն, թշնամին մեզ վրա հարձակվել է միջազգային տեռորիստական խմբավորումների եւ թուրքական զինված ուժերի հետ համատեղ եւ սրանով մեկտեղ կրել է զգալի մարդկային ու նյութական կորուստներ։ Բոլոր այն մարտերում, որտեղ թշնամին չի կարողացել կիրառել բարձր տեխնոլոգիական իր առավելությունը, պարտություն է կրել։

Արթուր ՎԱՆԵՑՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031