Լրահոս
Օրվա լրահոսը

Նկատի ունենալով Հայաստանի տնտեսության փոքր և ոչ ինովացիոն լինելը, նրա վերականգնվելը մինչև տարեվերջ իրատեսական է թվում․ «Փաստ»

Հունվար 23,2021 10:54

Տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանի խոսքով, 2021 թ.-ին բարդ տնտեսական տարի է սպասվում: «Փաստ»-ը տնտեսագետի հետ զրույցում անդրադարձել է առկա իրավիճակին՝ դիտարկելով նաև տնտեսական հնարավոր հեռանկարները:

-Պարոն Վարդանյան, ընդհանուր առմամբ, տնտեսական ինչպիսի՞ անկում է արձանագրվել նախորդ տարում, ի՞նչ հիմնական միտումներ են ձևավորվել տնտեսության մեջ:

-ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակի վերաբերյալ հրապարակված պաշտոնական վիճակագրական տվյալները հիմք են 2020 թ. տնտեսական զարգացումների նախնական գնահատման համար: Առաջին հերթին, նշանակալի է եղել տնտեսական ակտիվության նվազումը: 2020 թ. 11 ամիսների տնտեսական ակտիվության միջին ցուցանիշը՝ ՏԱՑ-ը, 2019 թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 99,1 %, անկումը՝ 7,6 տոկոսային կետ: Էլ ավելի նշանակալի է տարբերությունը 2020 թ. հունվարի և նոյեմբերի ՏԱՑ-երի միջև՝ 16,4 տոկոսային կետ: Հետևաբար, ձևավորվել է տնտեսական ակտիվության նվազման հստակ միտում, ինչը խորացել է եռամսյակից եռամսյակ:

Անկման գլխավոր գործոն է հանդիսացել կորոնավիրուսի համավարկը, մի կողմից էլ համաշխարհային տնտեսության, իսկ մյուս կողմից՝ ՀՀ տնտեսության մասնակի կանգը: Գործոն է նաև ներքաղաքական վիճակը: Մարտին, երբ տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումներ եղան, ՏԱՑ-ը հունվարի նկատմամբ նվազեց 5 տոկոսային կետով: Այնուամենայնիվ, հետագայում այդ անկումը խորացավ: ՏԱՑ-ի անկմանը նպաստել է հատկապես շինարարության՝ 11,2, առևտրի՝ 13,5 և ծառայությունների ծավալների՝ 13,6 տոկոս անկումը: Արտաքին առևտրաշրջանառության անկումը կազմել է 12,4 %: Հատկապես նշանակալի է եղել ներմուծման ծավալի 15,9 % անկումը: Վերոնշյալը հիմք է եզրակացնելու, որ 2020 թ. տնտեսական անկումը կարող է կազմել 7-9 %:

-Հաշվի առնելով նախորդ տարվա զարգացումները, որոնք հանգեցրին նաև մարդկային և այլ անդառնալի կորուստների, ի՞նչ է սպասվում 2021 թ.-ին, կամ, միգուցե, առաջին 6 ամիսներին:

-Համաշխարհային մասշտաբով տեղի է ունեցել առաջարկի և պահանջարկի շոկ՝ կապված համավարակի հետ: Նման դրսևորումներ նաև մեզանում են տեղ գտել: Պատերազմը նույնպես որոշակի ազդեցություն ունեցավ ՀՀ-ում պահանջարկի շոկի խորացման ուղղությամբ: Պահանջարկի շոկը որոշակիորեն դրսևորվեց առևտրի և ծառայությունների ծավալների նվազման ձևով: Պակաս նշանակություն չունեցավ նաև պատերազմի հոգեբանական ազդեցությունը:

Այդ շոկն առաջիկա ամիսներին աստիճանաբար կհաղթահարվի: Առաջարկի շոկը գլոբալ մասշտաբով հանգեցրեց առաքման գլոբալ շղթաների խաթարմանը, և դրանցում սկիզբ առան հսկայական վերադասավորման գործընթացներ: Առաջիկայում որոշիչ կլինի այն, թե այս կամ այն երկրի ընկերությունները որքանո՞վ արագ կկարողանան վերադիրքավորվել ձևավորվող առաքման նոր շղթաներում ինտեգրվելու համար: Այդ տեսակետից կարևորվում են ինովացիոն տեխնոլոգիական լուծումները, որոնք Հայաստանում հազվադեպ են:

Այսինքն, առաջացած հնարավորություններից օգտվելու շանսերը փոքր են: Ինչ վերաբերում է պատերազմի ազդեցության հետևանքներին, ապա դրանցից էականը մարդկային կորուստներինը կլինի: Պակաս ազդեցություն չեն ունենա տարածքային ու արտադրական բազաների և ենթակառուցվածքային կորուստները. նշանակալի կլինի Արցախի (նրանից մնացած մասի) և Հայաստանի տնտեսությունների ապաինտեգրման ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա: Հետպատերազմյան զարգացումների ազդեցությունը կլինի տևական, իսկ համավարակինը, ենթադրաբար, մինչև ամառ: Հետևաբար, 2021 թ. առաջին կիսամյակում բոլոր առումներով էական դժվարություններ են սպասվում:

Այդուհանդերձ, նկատի ունենալով Հայաստանի տնտեսության փոքր և ոչ ինովացիոն լինելը, նրա վերականգնվելը մինչև տարեվերջ իրատեսական է թվում, եթե, իհարկե, ներքաղաքական իրավիճակը կայուն լինի: Անցած տարվա կորուստների բնույթը և մասշտաբներն այլընտրանք չեն թողնում. տնտեսության կառուցվածքային որակական փոփոխությունների իրականացումը, տեխնոլոգիական փոփոխությունների արագացումը¬, կառավարման և տեխնոլոգիական ինովացիաների զանգվածային կիրառումը անհրաժեշտություն են դարձել: Այդ ամենն իրականացնելու համար կպահանջվի ձևավորել «զարգացման պետություն», որը ենթադրում է որոշակի ավտորիտար տարրերի ներմուծում պետական կառավարման մեջ:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031