Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանում ադրբեջաներեն սովորել ցանկացողների թիվը շատացել է

Հունվար 23,2021 10:23

Երկար տարիների աշխատանքային փորձ ունեցող կապանցի մանկավարժները հիշում են, որ Խորհրդային Միության տարիներին միջդպրոցական այցեր էին կազմակերպվում եղբայրական Ադրբեջան ու Հայաստան։

Կապանում նույնիսկ ադրբեջանական դպրոց էր գործում, որտեղ հայոց լեզու եւ գրականություն առարկան որպես երկրորդ լեզու էր դասավանդվում եւ առաջին դասարանից մինչեւ 10-րդ դասարան՝ պարտադիր ուսուցման ծրագրում էր։ «Եթե չեմ սխալվում, հարեւան պետության դպրոցներում այդ ժամանակ նույնպես հայոց լեզու էր դասավանդվում, քանի որ երբ գալիս էին Կապան, աշակերտները հայերեն խոսում էին»,– Aravot.am-ի զրույցում ասում է մանկավարժ Հասմիկ Նիկողոսյանը։ Տիկին Հասմիկի կարծիքով, հիմա առավել քան հրատապ է դարձել «հակառակորդի լեզուն իմանալը, հատկապես Սյունիքում»։

Սոցցանցերում օրերս հրապարակած մի հայտարարությամբ հետաքրքրվեցի։ Հունվարի 20-ից Հայաստանի գիտությանների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի (ԳԱԱ ԳԿՄԿ) օտար լեզուների եւ միջմշակութային հաղորդակցության ակումբը սկսել է առցանց ձեւաչափով ադրբեջաներենի եռամսյա դասընթաց սկսնակների համար։

Ինչո՞ւ հենց այս օրերին կարեւորվեց ադրբեջաներենի ուսուցումը․ Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում ակումբի ղեկավար, ԳԱԱ ԳԿՄԿ օտար լեզուների ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Գոհար Գրիգորյանն ասաց, որ դասընթացները կազմակերպվում են արդեն երրորդ տարին։ «Ակումբը հիմնադրվել է 2017 թվականին ու միշտ էլ՝ թե՛ թուրքերենի, եւ թե՛ ադրբեջաներենի, եւ իհարկե, այլ օտար լեզուների ուսուցման դասընթացներ կազմակերպվել են»,–ասաց Գոհար Գրիգորյանը։

Թուրքերենի ու ադրբեջաներենի ուսուցումը սկսել են կազմակերպել 2018թ․-ից, եւ միշտ էլ պահանջարկ կա։ «Այս անգամ ադրբեջաներենի դասընթացին մասնակցողների թիվը կրկնակի աճել է»,–ասում է Գոհար Գրիգորյանը։ Ինչ վերաբերում է տարիքային սանդղակին, ապա խմբերում ընդգրկված են տարբեր մասնագիտությունների տեր՝ 18-ից 45 տարեկան անձինք։ Ի դեպ, ակումբի ղեկավարի հավաստմամբ՝ ակումբի կողմից իրականացվող բոլոր դասընթացները վարում են պրոֆեսիոնալ, արհեստավարժ, իրենց գործին գիտակ մասնագետները։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031