Լրահոս
Օրվա լրահոսը

Արեգ Միքայելյան․ «Ապշեցուցիչ է, որ Բյուրականի մասին ոչ մի պատկերացում չունեցող պատգամավորը առաջարկ է անում, որ եկեք Բյուրականի աստղադիտարանի կարգավիճակը փոխենք»․ «Հայկական ժամանակ»

Հունվար 23,2021 09:52

Բյուրականի աստղադիտարանի կոլեկտիվը դեմ է ԱԺ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի՝ ԿԳՄՍ նախարարին ուղղված նամակի բովանդակությանը։ Նամակով առաջարկվում էր աստղադիտարանը հանել գիտությունների ազգային ակադեմիայի կազմից եւ տալ նրան հիմնադրամի կարգավիճակ:

Ըստ Բյուրականի աստղադիտարանի տնօրենի՝ կոլեկտիվը դեմ է ոչ թե այն պատճառով, որ ձեւաչափերից կամ կարգավիճակներից մեկը համարում է լավ, մյուսը՝ վատ, այլ որովհետեւ արդյունավետ աշխատող գիտական համակարգը վերցնել ու ձեւափոխելը, նրանց կարծիքով, նշանակում է ուղղակիորեն քայլ անել՝ քանդելու կամ փչացնելու երկար տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքում ստեղծածը։ «Լավ աշխատող մեխանիզմին ձեռք չեն տալիս, դա հավիտյան հայտնի ճշմարտություն է» ,- ընդգծեց Արեգ Միքայելյանը:

Հայաստանում գիտության զարգացման եւ աստղադիտարանի դերի ու նշանակության վերաբերյալ աստղադիտարանի տնօրենը նշեց.

«Հայաստանում ամենաարդյունավետ աշխատող ճյուղը գիտությունն է, մանավանդ որ գիտության զարգացումը պատերազմից հետո մեր երկրի համար պետք է դառնա առաջնայինը: Միայն գիտության շնորհիվ կարելի էր պատերազմում հաղթել, որովհետեւ այսօր գերճշգրիտ տեխնոլոգիաների պատերազմ է, ու այս իրավիճակում փորձել խաթարել գիտական կառույցի բնականոն աշխատանքը, ուղղակի անգրագիտություն է: Ինչպե՞ս բացատրել՝ ինչո՞ւ է ղեկավարությունը փորձում ներխուժումներ անել գիտական համակարգի մեջ: Եվ զարմանալին այն է, որ այնպիսի մարդիկ են առաջարկներ անում այս համակարգի մասին, որոնք բացարձակ կապ չունեն գիտության հետ եւ չեն հասկանում, թե գիտական աշխատանքը ինչ է, գիտնականի գործունեությունը ինչպիսին է: Այսպիսի առաջարկ անելուց առաջ պետք էր նախ լավ հասկանալ, ուսումնասիրել համակարգը, եթե իրոք շահագրգռված էին այդ հարցի լուծման վերաբերյալ»:

Աստղադիտարանի տնօրենի խոսքով՝ կառավարության եւ աստղադիտարանի միջեւ տարաձայնությունները ավելի խորքային են, քան թվում է:

«Ինչպես եւ շատ այլ կառույցների նկատմամբ, ՀՀ իշխանությունների կողմից գիտության նկատմամբ շարունակ իրականացվում է ապակառուցողական քաղաքականություն։ Այսօրվա կառավարությունը, ցավոք սրտի, ինչ ուզում անում է, երբեք ոչ մի նորմալ բան հաշվի չի առնում: Իրենց համար ճիշտ կամ սխալ գոյություն չունի. միայն ուզում են՝ իրենց ուզածը լինի: Եվ այդ առումով արդեն սկսել էին ապակառուցողական այդ գործունեությունը. մշակել էին բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքի նախագիծը, որը ամբողջովին դեմ էր գիտությանը: Առաջարկը եղել է ԱԺ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանից: Ուղղակի ապշեցուցիչ է, որ Բյուրականի մասին ոչ մի պատկերացում չունեցող պատգամավորը, որը, երկուսուկես տարուց ավելի է, ինչ չի այցելել Բյուրականի աստղադիտարան, չի շփվել առաջատար գիտնականների, տնօրենության հետ, մեկ էլ օդից վերցնում է, առաջարկ է անում, որ եկեք Բյուրականի աստղադիտարանի կարգավիճակը փոխենք: Սա նշանակում է, որ գուցե ինչ-որ բիզնես հավակնություննե՞ր ունի: Կարելի է նաեւ ենթադրել, որ ուղղակի որոշ մարդիկ, չստեղծելով ոչ մի բան, փորձում են ուրիշի ստեղծածի վրա հեղինակություն ստեղծել՝ «կեղծ միավորներ» հավաքելով: Շատ տիպիկ գործելաոճ է այսօրվա դրությամբ. շատ ավելի դժվար է լուրջ արժեքներ ստեղծել, քան ուրիշի ստեղծած աժեքի վրա խոսել կամ առաջարկություններ անել եւ դրանով հերոսանալ»:

Հովհաննես Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես կմեկնաբանի Բյուրականի աստղադիտարանի տնօրենի այն կարծիքը, թե պատգամավորը գուցե բիզնես հավակնություններ ունի: Նա ասաց. «Աստղադիտարանի տնօրենը եթե նման բան է ասել, թող նայի ստուգումները եւ չարաշահումները, որ իր մոտ են հայտնաբերվել: Ես երբեք որեւէ բիզնեսի հետ կապված հետաքրքրություն չեմ ունեցել եւ չունեմ որեւէ բիզնես: Իսկ ինչ վերաբերում է աստղադիտարանի բուն ստուգումներին, որ կատարել է ֆինանսների նախարարությունը, միայն 80 միլիոն դրամ անունով գումար է հայտնաբերել վերջին երեք տարվա ընթացքում: Եթե նայենք աշխատավարձերի ցանկը, կտեսնեք, որ այնտեղ յուրայինները ստացել են 1-2 միլիոն տարբեր հավելավճարներով, պարգեւավճարներով գումարներ, երբ որ սովորական աշխատողները, գիտաշխատողները, որոնց մի մասին աշխատանքից ազատել են, ստանում են շատ չնչին գումարներ: Լավ կլինի՝ աստղադիտարանի տնօրենը մտածի այդ գումարի վերականգնման մասին եւ ապա նոր քրեական գործերի մասին, որոնք, ըստ տրամաբանության, պետք է հարուցվեն նման չարաշահումների արդյունքում»:

Մարիամ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031