Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Գալ տարի Շուշիի մեջ»․ «Ազգ»

Հունվար 23,2021 09:05

Հրեաները 2000 տարի իրենց տոն օրերին միմյանց մաղթում էին՝ «Հաջորդ տարի Երուսաղեմում»: Ի վերջո, 1948 թ.-ին նրանք ստեղծեցին իրենց պետությունը գերազանցապես պաղեստինցիներով բնակեցված տարածքի փոքր մասի վրա, սակայն չհասան Երուսաղեմին, Հին Երուսաղեմին: Եվ միայն 19 տարի հետո, 1967-ի Յոմ Քիփուրի տոնական օրերին, նրանց հաջողվեց նվաճել նաեւ Երուսաղեմը, որը հռչակեցին իրենց մայրաքաղաք:

1965 թ.-ին, Մեծ եղեռնի 50-ամյակի նախօրեին, Բեյրութից Գերսամ Ահարոնյանն իր «Մեծ երազի ճամբուն վրայ» գրքով հայությանը կոչ արեց այնուհետեւ ամեն Ամանորի միմյանց բարեմաղթել «Գալ տարի Վանի մէջ», որով գործնականում սկիզբ առավ հայկական պահանջատիրությունը:

Դեռ վերջերս, 44-օրյա կործանիչ պատերազմից եւ Շուշին դավադրաբար կորցնելուց հետո, մեր երիտասարդ գործիչներից Արմեն Աշոտյանը կոչ արեց բոլորիս Նոր տարվա որպես բարեմաղթանք կրկնել՝ «Հաջորդ տարի Շուշիում»:

Իսկ ընդամենը երկու օր առաջ Հայոց բարձրագույն՝ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյան կոչեցյալը Շուշին հայտարարեց ադրբեջանական, քանի որ, իբր, սովետական շրջանում այնտեղ բնակվողների 90 տոկոսը ազերիներ են եղել:

Մարդու գլխում ուղեղի փոխարեն ի՞նչ լցված պետք է լինի, որպեսզի ներկայումս ռուս խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո գտնվող հայկական քաղաքը ադրբեջանապատկան հռչակի, մի բան, որը նոյեմբերի 9-ի տխրահռչակ փաստաթուղթն անգամ չէր նախատեսում: Այդ ի՞նչ տրամաբանությամբ, ավելի շուտ՝ տգիտությամբ, մեծամասնություն է վերագրվոււմ դեռեւս չկայացած մի ժողովրդի, որը բերվել է այնտեղ 1920 թ. մարտի 22-26-ի ավելի քան 20000 հայերի կոտորածից, էթնիկ դաժան զտումներից հետո: Մեկը չկա՞ր այդ անձի մոտ, ուղեղ ունեցող մի մարդ, որը նրան դեմ տար բնիկ շուշեցի Լեոյի 400 էջանոց աշխատությունը Շուշիի հայկականության, նրա՝ Այսրկովկասում 3-րդ տպարանը ունենալու, ծխական, թեմական, ռեալական, օրիորդաց մի շարք դպրոցներ, երաժշտանոց, թատրոն, հայկական շուրջ 15 պարբերական ունենալու մասին, այդ թվում՝ Գավառական դպրոցի, որի տնօրենն է եղել Պերճ Պռոշյանը, իսկ ուսուցիչներ՝ Մատինյանը, Հրաչյա Աճառյանը, Մանուկ Աբեղյանը եւ ուրիշ երախտավորներ: Ավելի քան 10 կրթօջախներ, որոնց դիմաց ադրբեջանցիք ունեցել են ընդամենը 1 դպրոց, այն էլ՝ ռուս-ադրբեջանական…

Ո՞ր երկրի վարչապետն է նա, Ադրբեջանի՞, որի նախագահ Ալիեւն իր ներկայությամբ Ղազանչեցոց եկեղեցին պղծելուց, իրենց դրոշը հրապարակում տնկելուց հետո կրկին հայտարարեց՝ «Շուշա բիզիմ դիր», իսկ այս կողմից Նիկոլը պատասխանում է. «Շուշի սիզին դիր»: Ո՞վ է նրան հանձնել, իր ասելով՝ «տխուր», «մոլախոտերով լեցուն» քաղաքը, որ հիմա զիջում է թուրքին: Դավաճանությունը էլ ուրիշ ի՞նչ գույն, թույն ու բույր է ունենում…

Շուշին մեր հայրենատիրության սիմվոլն է, ինչպես Վանը: Շուշին ազատագրել էինք եւ դա սփոփում էր մեզ, հույս տալիս, որ մի օր էլ Վանը կազատագրենք: Զրկվելով Շուշիից՝ մենք կորցնում ենք նաեւ Վանը ազատագրելու հույսը:

Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031