Պիեսի գույնի նոր լուսավորում՝ ըստ Արշակ Սեմիրջյանի
2019թ. դեկտեմբերի 6-ին Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ երիտասարդ դրամատուրգ Արշակ Սեմիրջյանի «Թանկարժեք դիակ» կատակերգության առաջնախաղը (բեմադրիչ՝ Արամ Մխիթարյան):
Պիեսը 2016թ. տպագրվել է ՀԳՄ «Դրամատուրգիա» հանդեսում, իսկ 2017 թ.՝ Մոսկվայի «Երիտասարդական թատերական ֆորում-3» լավագույն պիեսների ալմանախում: Առաջնախաղը տեղի ունեցավ լեցուն դահլիճում՝ արժանանալով բուռն ծափողջյունների, որոնք համեմված էին գովասանքի խոսքերով: Եվս մեկ ներկայացում հանձնվեց հանդիսատեսի դատին 2020թ. հունվարին, որը նույնպես ստացավ դրական արձագանք:
Շռնդալից սկիզբ ունեցող ներկայացումը շարունակում էր վայելել հանդիսատեսի հավանությունը, այդ իսկ պատճառով 2020թ. փետրվար ամսվա խաղացանկում նորից ընդգրկվեց «Թանկարժեք դիակ»-ի հերթական ցուցադրությունը: Բայց, եթե արվեստի ցանկացած ստեղծագործություն հասարակությունում աղմուկ չի բարձրացնում եւ չի դառնում քննարկման առարկա, նշանակում է, որ ստեղծված է պարզապես կամ որեւէ հետաքրքրություն չի առաջացրել:
Կարդացեք նաև
2020թ. փետրվարի ներկայացումը չկայացավ՝ աղմուկ բարձրանալու պատճառով: Աղմկահարույց թեման դարձավ քահանայի կերպարը, որն ըստ իրականության՝ քահանա չէր, այլ պարզապես մուրացիկ տղամարդ էր, որը տարբեր մասնագիտությունների անվան տակ ներկայանալով՝ գումար էր շորթում: Աղմուկն այնքան բարձրացավ, որ անդրադարձան ե՛ւ թերթերը, ե՛ւ հեռուստատեսությունը:
Փորձեցին թատրոնին՝ ի դեմս գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի, վատաբանել, որ վերջինս թույլ է տվել իր թատրոնում նման ներկայացում բեմադրվի: Դրամատուրգ Արշակ Սեմիրջյանը նույնպես հայտնվեց քննադատությունների կիզակետում:
Ներկայացումը հանվեց խաղացանկից: Վահե Շահվերդյանի հեռախոսազանգը՝ ուղղված դրամատուրգ Արշակ Սեմիրջյանին, չուշացավ:
Նրանց հանդիպումը տեղի ունեցավ ԵԹԿՊԻ-ում 2020թ. վերջին: Շահվերդյանի եւ Սեմիրջյանի փոխհամաձայնությամբ քահանայի կերպարը փոխվեց՝ դառնալով բժիշկ-աստղաբան, որպեսզի հնարավորինս զերծ մնան քննադատություններից: Ինչպես նաեւ որոշվեց փոխել ներկայացման վերնագիրը, որովհետեւ պատերազմական իրավիճակներում «դիակ» բառն ուրիշ հնչեղություն էր ստանում:
Վերնագիրը դարձավ՝ «Պարոն 420»: Դրամատուրգ Արշակ Սեմիրջյանի «Թանկարժեք դիակ» պիեսի հիման վրա «Պարոն 420» կատակերգությունը դարձավ թատրոնի հիմնական խաղացանկային ներկայացումներից մեկը, որի առաջնախաղը տեղի կունենա 2021թ. փետրվարի 6-ին եւ 13-ին՝ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:
«Քահանայի կերպարի փոփոխությունը շրջադարձ կատարեց ներկայացման մեջ: Փոխվեց գերխնդիրը… Սկզբնական տարբերակում իրադարձությունների ողջ շղթան պտտվում էր երիտասարդ թվացյալ դիակի շուրջ, վերջինիս դարձնելով եսակենտրոն: Պիեսի նոր՝ «Պարոն 420»-ի դեպքում գլխավոր հերոսը դառնում է նախկին քահանային փոխարինող բժիշկ-աստղաբանը: Այդպիսով, ներկայացման գույնը ստանում է նոր լուսավորում»,-նշեց Արշակ Սեմիրջյանը:
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
22.01.2021
Նախ դա Շահվերդյանի անձնական թատրոնը չի, որ գրել եք «իր թատրոնը», հետո էլ այդ ներկայացումը հանվեց խիստ ցածր մակարդակի պատճառով, որ վայել չէր այդ թատրոնին, հետո բոլորը գիտեն, որ Շահվերդյանի ճաշակը վերջին շրջանում որքան անկում է ապրել… Լրագրողին կխնդրենք նյութ գրելուց առաջ ճշտել փաստերը և հուսով ենք ներողություն կխնդրեք ոչ պրոֆեսիոնալ նյութ զետեղելու համար: