Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ամեն գնով չբացահայտված գործ չթողնել

Հունվար 23,2021 13:30

Սա է այսօրվա դատաիրավական համակարգի էությունը, ինչը նախորդի ճիշտ տրամաբանական շարունակությունն է:

Անմեղության կանխավարկածն ասում է՝ կասկածյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը, մեղադրող կողմը օրենքով ձեռք բերված ապացույցներով պարտավոր է ապացուցել նրա մեղավորությունը։ Չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ կասկածյալի։

ՀՀ դատական մարմիններում շատ օրինակներ ասվածի հակառակն են ապացուցում։ Կասկածելի հիմքերով ձեռք բերված ապացույցներով որոշ քրեական գործեր հայտնվում են դատարանում, դատարանը հաճախ դատախազի խաթրից չի անցնում, կամ չի կարող մերժել, մանավանդ, երբ ամբաստանյալը անպաշտպան ու խոցելի խավից է։

Ներկայացվող դատական գործի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ՀՀ-ում եզակի չեն նման դեպքերը, երբ ամբաստանյալի աթոռին է հայտնվում ոչ մեղավոր անձը, իսկ մեղավորը հայտնվում է վկայի կարգավիճակում եւ նախաքննության փափուկ ուղղորդմամբ ապացույցներ է «հայթայթում» ամբաստանյալի դեմ։

Գնալով մեր կազմակերպություն դիմած քաղաքացու դիմումի հետքերով՝ պարզվեց, որ անչափահաս Սասուն Հախյանի նկատմամբ գողություն կատարելու հատկանիշներով հարուցվել է թիվ 26105218 քրեական գորրծը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով։ Ըստ մեղադրանքի, Սասուն Հախյանն ապօրինի մուտք է գործել հարեւանուհու բնակարան եւ այնտեղից գաղտնի հափշտակել է հարեւանուհուն պատկանող 240 000 ՀՀ դրամ արժողության ոսկյա ականջօղերը:

Ըստ գործի նյութերի՝ գործով տուժողը եւ ամբաստանյալի ընտանիքը հարեւաններ են։ Տուժող Արմենուհի Կարապետյանը ՌԴ մեկնելիս իրենց մեկ հավ է տվել, որ պահի մինչեւ իր վերադառնալը: Այդ ընթացքում հավը սատկել է եւ Արմենուհին, երբ վերադարձել է, երկու հավ է պահանջել՝ «ձեր հավերը փոքր են, երկու հավ բեր»: Դեպքի օրը Սասուն Հախյանը հավերը տարել է Արմենուհուն տալու, այդ ընթացքում տան բակում է եղել նաեւ համագյուղացի Սուրենիկը, որը նույն գործով անցնում է որպես վկա: Երբ հավերը տարել է, միասին դուրս են եկել բակից, հետո փողոցով միասին քայլելիս Սուրենիկը իրեն ասել է՝ «տեսար, ինչ արի»: Այդ ընթացքում Սասունը տեսել է, որ բռի մեջ ինչ-որ բան է թաքցնում, ասել է՝ «լակոտ, ինչ ես արել, բաց բուռդ», տեսել է ոսկյա ականջօղերը, վերցրել է ձեռքից ու արագ տարել բացել տան դարպասները ու շպրտել հայաթ՝ խոտերի մեջ ու գնացել: Մի քանի օր անց ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ աշխատակիցները, առանց ծնողներին տեղեկացնելու, անչափահաս Սասուն Հախյանին բերման են ենթարկել ոստիկանության Արտաշատի բաժին, ըստ մեր ստացած տեղեկությունների՝ հայհոյել ու ծեծի են ենթարկել նրան, պարտադրելով ինքնախոստովանական ցուցմունք տալ: Վախից դրդված անչափահասը գրել է ինքնախոստովանական ցուցմունք, սակայն հետո փոխել է այն՝ ներկայացնելով կատարվածը ինչպես որ կա:

Այդ ընթացքում Սասուն Հախյանի մայրը՝ Գայանե Խաչատրյանը, դիմել էր մեր կազմակերպություն, հայտնելով կատարվածի մասին, խնդրել է ցուցաբերել անվճար իրավական օգնություն։

«Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիայի» անունից «Առավոտ» օրաթերթում հրապարակվեց իմ՝ «Անչափահասին սպառնալիքով ստիպել են ընդունել չգործած մեղքը» հոդվածը, որում ներկայացրել եմ կատարվածն ամբողջությամբ:

ՀՀ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում երկու օր առաջ ավարտվեց թիվ ԱՎԴ/0033/01/19 քրեական գործի դատաքննությունը։ Շուրջ 2 տարի տեւած դատաքննության արդյունքում ամբաստանյալ Սասուն Հախյանի նկատմամբ դատարանը, նախագահությամբ դատավոր Թաթուլ Պողոսյանի, կայացրեց մեղադրական դատավճիռ՝ դատապարտելով նրան չորս տարվա պայմանական ազատազրկման։

Այսպիսով՝ առաջնորդվելով ակնհայտ անհիմն եւ չհիմնավորված մեղադրանքով, դատարանը կայացնում է մեղադրական դատավճիռ։ Փաստաբան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լուիզա Հարությունյանը իր պաշտպանական ճառում շեշտում է, որ կոպտորեն խախտվել է անմեղության կանխավարկածը, նախաքննության ընթացքում քննիչ Ադամյանը բազմաթիվ անգամ ոտնահարել է քրեական դատավարության նորմերը, վկաներին միասին մեկ սենյակում լսել է միաժամանակ՝ ուղղորդելով նախաքննության ընթացքը։

Բացի այդ, կոպտորեն ոտնահարվել են անչափահասի քրեադատավարական իրավունքները, նրան գաղտնի բերման են ենթարկել օպերլիազորները, առանց նրա ծնողների եւ օրինական ներկայացուցիչների գիտության, ցուցմունք ու բացատրություն են վերցրել նրանից, ինչը նույնպես քրեական դատավարության նորմերի կոպտագույն խախտում է։ Սակայն նախաքննության համար էական նշանակություն ունեցող այս բոլոր փաստերն անտեսվել են գործը վերահսկող դատախազի կողմից եւ քննությունը տարվել է միակողմանի։

Այսպիսին է լինում արդյունքը, երբ քրեական գործը դատարան ուղարկելու համար նախաքննական մարմինը հիմք է ընդունել բացառապես ոչինչ չասող եւ ոչինչ չհիմնավորող ցուցմունքներ, ի դեպ, նաեւ անթույլատրելի ճանապարհով ձեռք բերված ապացույցներով, որոնք բավարար համակցությամբ արժանի գնահատանքի չեն արժանացել: Տպավորությունն այնպիսին է, որ նախաքննական մարմինը եւ հսկող դատախազն ամեն կերպ փորձել են հիմնավորել Սասուն Հախյանին առաջադրված ակնհայտ անհիմն մեղադրանքը:

Վերը նշվածից ակնհայտորեն հետեւում էր, որ գործը հսկող դատախազը անմիջապես պետք է որոշում կայացներ Սասուն Հախյանի վերաբերյալ գործի վարույթը կարճելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, այնինչ սույն քրեական գործը օրենքի կոպիտ խախտումներով ուղարկվել է դատարան, ինչով փորձ է կատարվել նախաքննության ընթացքում կատարած կոպիտ խախտումներով սրբագրել դատարանի միջոցով: Դատարանն էլ իր հերթին «սրբագրեց» այն՝ առանց վարանելու։

Փաստաբանի կողմից սահմանված ժամկետում կբերվի բողոք վերաքննիչ քրեական դատարան։ Ամեն կերպ պայքարելու ենք, որ անմեղը չդատվի, մեղավորն էլ վկա չդառնա։

Արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում։

Խաչիկ ՄԱՐՈԶՅԱՆ
Իրավապաշտպան

Դատական երեք ատյաններով անցնելուց հետո Հայաստանի Հանրապետության Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 10.12.2020թ. տրված թիվ ԵԿԴ/ 2896/02/16 կատարողական թերթի համաձայն պարտավորեցվել է «Առավոտ օրաթերթ» ՍՊԸ-ին՝ հրապարակել հերքում հետեւյալ բովանդակությամբ. «Ես՝ Նորիկ Սարգսյանս, հայտարարում եմ, որ չունեմ որեւէ հիմք հայտնելու, որ Լյուբա Մեհրաբյանը իրավագիտության եւ քաղաքագիտության ամբիոնի ապօրինի վարիչ է եւ լեգիտիմ չէ, չունեմ որեւէ հիմք, որ Լյուբա Մեհրաբյանը իմ նկատմամբ թույլ է տվել ապօրինություններ, իրավական խախտումներ, մասնագիտական խտրականություն, հարկադիր աշխատանք, եւ կեղծիքներ, չունեմ հիմք նշելու, որ Լ.Մեհրաբյանը կեղծ փաստաթուղթ է կազմել, որը ՀՊՏՀ-ն ուղարկել է դատարան: Չունեմ որեւէ հիմք ասելու, որ Լյուբա Մեհրաբյանն ինձ հայտնել է, որ ՀՊՏՀ-ում տնտեսական պատմությունը դասավանդվում է գրագողության արդյունք հանդիսացող ձեռնարկներով»:

«Առավոտ» օրաթերթ
22.01.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031