Հարցազրույց գրող, գրականագետ եւ թարգմանիչ Ալեքսանդր Թոփչյանի հետ` նրա «Բանկ Օտոման» վեպի լատվիերեն թարգմանության առիթով
– «Բանկ Օտոման»-ը անցած երեսուն տարվա ընթացքում լույս տեսած հայ գրողների գործերից ամենաթարգմանվածն է` ռումիներեն, ֆրանսերեն, ռուսերեն, պարսկերեն, սերբերեն եւ, վերջապես, լատվիերեն: Ինչո՞վ եք բացատրում այս հաջողությունը: Ի՞նչն է գրավել օտար հրատարակիչներին` գեղարվեստական արժանիքնե՞րը, ժա՞նրը, բովանդակությո՞ւնը, պատմական փաստե՞րը:
– Նախ՝ պատմական փաստերը: «Բանկ Օտոման» գործողությունը ժամանակին ցնցել էր ամբողջ Եվրոպան: Մամուլը ներկայացնում էր որպես ահաբեկչություն, մինչդեռ դա ընդամենը պատասխան արարք էր` ընդդեմ կազմակերպված եւ հետեւողականորեն իրագործվող պետական ահաբեկչության:
Սակայն անարխիստների գործողություններից ահուսարսափած Եվրոպան ու Ռուսաստանը փաստորեն չտեսնելու դրին արյունոտ սուլթանի 300.000 զոհերը, եւ զոհերի հարազատների անխուսափելի հակազդեցությունը դիտարկեցին լոկ ահաբեկչական համատեքստի մեջ: Բնական է, որ այս պատմությունը պիտի ներկայացվեր որպես արկածային վեպ, իսկ գեղարվեստական արժանիքնե՞րը… Ի՞նչ ասեմ, տաշած քարը լավ գիտեք, որ գետնին չի մնում:
Կարդացեք նաև
– Եթե գաղտնիք չէ, կարո՞ղ եք ասել, թե ձեր վեպն ինչպես է հայտնվում օտար հրատարակիչների ուշադրության կենտրոնում, ձեր նախաձեռնությա՞մբ, թարգմանիչների՞, թե՞ այլ կերպ:
– Ե՛վ մեկը, եւ մյուսը, եւ «այլ կերպը»: Անշուշտ, վճռական նշանակություն ունեցավ այն փաստը, որ վեպն արդեն թարգմանվել էր ռուսերեն եւ ֆրանսերեն: Այս վերջին թարգմանության պարագայում նախաձեռնողը հիմնականում լատվիական կողմն էր: Առիթից օգտվելով ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Լատվիայի հայկական գաղութի լուսավոր դեմքերից մեկին` տաղանդավոր արձակագիր, լրագրող Ալեքսանդր Գերոնյանին, որն արդեն քանի տարի հայկական մշակույթի եռանդուն պրոպագանդիստն է դարձել Ռիգայում: Տպագրում է «Արարատ» թերթը եւ «Կռունկ» հանդեսը, պարբերաբար կազմակերպում մշակութային զանազան միջոցառումներ, հետեւում, որ հայ գրողների ստեղծագործությունները թարգմանվեն եւ տպագրվեն լատվիական հրատարակություններում: «Բանկ Օտոմանը» լույս է ընծայել լատվիական «Զելտա Ռուդենս պրինտինգ» հրատարակչությունը, թարգմանիչն է Անդրիս Ձենիսը, չմոռանամ նշել` ՀՀ ԿԳՄՍ նախարարության թարգմանական ծրագրի օժանդակությամբ:
– Բնագրի՞ց, թե՞ երկրորդ լեզվից է թարգմանել:
– Երկրորդ լեզվից` ռուսերենից: Սակայն ես դժգոհելու պատճառ չունեմ, քանի որ դա հեղինակազորված թարգմանություն է, Անահիտ Թոփչյանն է թարգմանել, եւ Մոսկվայում լույս տեսավ առանց մի բառ խմբագրելու, ուստի կարող եմ ասել, որ լիովին համարժեք է բնագրին:
– Աշխարհաքաղաքական իրողությունները, որոնց ականատեսն ենք այսօր, մեզ հուզող բազում հարցերի պատասխանը կարո՞ղ ենք փնտրել այս վեպում:
– Ոչ միայն կարող ենք փնտրել, այլեւ գտնել, ըստ որում՝ զարմանալի նմանություններ այսօրվա եւ այն տարիների հետ: Եվ շարունակ վարագույրից անդին, կուլիսների խորքում տեսնում ենք անգլո-սաքսոններին: Այն տարբերությամբ, որ այսօր բրիտանացիներին միացել են ամերիկացիները, եւ մեջտեղը դարձյալ էներգակիրների խնդիրն է: XIX դարի վերջին Բաղդադն էր, այսօր ավելացավ Իրանը: Եվ ինչպես այն ժամանակ, հիմա էլ ուզում են մեզ` ուրիշի համար կրակից շագանակ հանողի դերը հատկացնել:
– Ձեր վեպն ընթերցելիս, յուրաքանչյուր տեսարանն ասես դիտեի էկրանին: Լարված, գրավիչ պատում եւ, ինչպես ասացիք, խիստ արդիական նյութ: Մեր կինեմատոգրաֆիստներն արդյոք չե՞ն հետաքրքրվել այս վեպով, ձեզ հետ չե՞ն բանակցել:
– Ի՞նչ եք կարծում, այս սերիալային հակագեղագիտական եւ հակազգային ծրագրերում նման վեպը կարո՞ղ էր տեղ գտնել:
– Եվ մի վերջին հարց. երկա՞ր պիտի սպասենք յոթերորդ թարգմանության հայտնվելուն:
– Հավանաբար՝ ոչ:
Զրույցը վարեց
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
22.01.2021