Լրահոս
Օրվա լրահոսը

«Պանթուրքիզմը, որը շատ վտանգավոր երեւույթ է, տվյալ դեպքում չի դրսեւորվում ուղիղ տարածքային կապով»

Հունվար 23,2021 14:00

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի՝ օրերս հնչեցրած մոտեցումները քաղաքական դաշտում քննադատությունների առիթ տվեցին։ Նա ասել էր, որ հետադիմական եւ վնասակար է համարում Արցախի կորցրած տարածքները պատերազմի միջոցով հետ բերելու մտածողությունը, եւ որ պետք է փորձենք երկարատեւ խաղաղություն ունենալ մեր բոլոր հարեւանների հետ։ Խաղաղության հաստատման եւ կորցրածը վերադարձնելու հնարավորությունների մասին «Առավոտը» զրուցել է «Իմ քայլի» պատգամավոր, պատմաբան Շիրակ Թորոսյանի հետ։

– Պարոն Թորոսյան, ինչպիսի՞ հեռանկար եք տեսնում կորցրածը քաղաքական ճանապարհով վերադարձնելու առնչությամբ եւ նշյալ մոտեցման մասին ի՞նչ դիրքորոշում ունեք։

– Եթե իրավիճակը գլոբալ գնահատենք, կտեսնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները, եւ միջազգային հանրությունը որպես խաղաղության հիմք՝ խնդիր են դրել դիտարկել Արցախի յոթ շրջանների վերադարձը։ Մենք այդ առումով բավականին ոչ շահեկան դիրքում ենք եղել։ Ցավոք, Արցախի ինքնորոշման խնդիրը չի դրվել սրան հավասար հարթակի վրա։ Այսօր նման իրավիճակում է հայտնվել Ադրբեջանը, քանի որ նոյեմբերի իննի զինադադարից հետո ԵԱՀԿ ՄԽ միջնորդները խնդիր են դրել առնվազն ԼՂԻՄ-ի տարածքային ամբողջականության ապահովումը։ Եւ, ըստ երեւույթին, ստացվում է, որ մենք լուրջ անելիք ունենք ապագա բանակցային գործընթացում։ Չեմ կարող ասել, թե դա որքան կտեւի։ Գործընթացը կարող է լինել ձգձգվող կամ ոչ։ Շատ կարեւոր է լինելու կողմերի քաղաքական կամքի դրսեւորումը եւ հատկապես միջնորդների ակտիվությունը։ Ամեն դեպքում այսօր սեղանին պետք է լինի, եւ, ըստ երեւույթին, կա ԼՂԻՄ-ի տարածքային ամբողջականության վերականգնումը, եւ սա մեր դիվանագիտության առաջնային մեխը պետք է լինի։

– Ինչպե՞ս եք պատկերացնում հայ հանրության հետ խաղաղության հաստատման մասին խոսելը՝ այն պարագայում, երբ Ադրբեջանի եւ Թուրքիայի ղեկավարների մակարդակով հայատյացության քարոզն ու գործելաոճը չի փոխվում։ Թշնամին, որն իր երեխային մեծացնում է հայասպան, պատրաստ չէ այն խաղաղությանը, որը փորձում են հայ հանրությանը հրամցնել։

– Նման հայտարարությունները հիմնականում այդ երկրների ներքին լսարանի համար են, բայց որոշակի ուղերձներ են պարունակում արտաքին լսարանի համար, եւ մենք պետք է համապատասխան հետեւություններ անենք ու հասկանանք՝ մե՞նք ինչ ենք ուզում։ Մենք պետք է ձեռքբերված պայմանավորվածությունների կամ ձեռքբերվելիք պայմանավորվածությունների շրջանակում կարողանանք հասնել տեւական եւ լիակատար խաղաղության։ Եթե մենք նման մոտեցման չենք հանդիպում հակառակորդի մոտ, բնականաբար, պետք է կարողանանք հասկանալ մեր անելիքը վաղվա օրվա։ Ի վերջո, երկու հստակ մոտեցում կա այսօր։ Մեկն այն է, որ մենք նորից պետք է պատրաստվենք պատերազմի։ Երկրորդ՝ ուժեղանալով պետք է հասնենք տեւական խաղաղության եւ այդպես հասնենք նաեւ տարածաշրջանում առեւտրատնտեսական համագործակցության եւ փորձենք ապրել խաղաղ։ Մենք չենք ընտրում մեր հարեւաններին եւ ոչ էլ նրանք են մեզ ընտրել։ Կամ խաղաղ գոյության պայմաններ ենք ստեղծում, կամ մշտապես գնում ենք պատերազմի։ Սա ժամանակը ցույց կտա։ Ագրեսիվ հռետորաբանությունը շատ բացասական երեւույթ է եւ չի նպաստելու տարածաշրջանային կայունությանը։ Կարծում եմ՝ բանակցային գործընթացում միջնորդների ճնշման ներքո Թուրքիան եւ հատկապես Ադրբեջանը պետք է նվազեցնեն եւ զրոյացնեն նման հռետորաբանությունը։

– Դուք տեսնո՞ւմ եք նշույլ, որ թշնամին հրաժարվում է այդ հռետորաբանությունից։ Ընդ որում, դա պարզապես խոսքեր չի ենթադրում, այլ կոնկրետ եւ շարունակական փաստեր։ Մյուս կողմից, շեփորահարվում է երկաթուղու հնարավորությունը, իսկ ստվերում է մնում այն հանգամանքը, որ ՀՀ իշխանության համաձայնությամբ իրականացվում է «Մեծ թուրանի» նպատակը՝ Արդրբեջանն ու Թուրքիան Մեղրիով կապվում են իրար հետ։

– Երկաթուղու փաստի շեփորահարումը, կարծում եմ, ոչ պակաս առկա է Ադրբեջանում եւ Թուրքիայում։ Ալիեւը, Թուրքիայի ԱԳ նախարարը քանիցս ասել են, որ ապաշրջափակումը եւ երկաթգիծը փոխշահավետ են լինելու բոլորիս համար։ Մյուս կողմից, պանթուրքիզմը, որը շատ վտանգավոր երեւույթ է, տվյալ դեպքում չի դրսեւորվում ուղիղ տարածքային կապով, որը շատ կարեւոր է, այլ դրսեւորվում է կոմոնիկացիաներով։ Իսկ դրանք խոշոր հաշվով ձեռնտու են նաեւ մեզ։ Մենք մշտապես մատնանշել ենք, որ Ադրբեջանը եւ Թուրքիան շրջափակման են ենթարկել Հայաստանը, ճի՞շտ է։ Եւ ասել ենք, որ բլոկադայի պայմաններում ՀՀ տնտեսությունը լրջագույն խնդիրներ ունի։ Իսկ այսօր խոսվում է ապաշրջափակման մասին։ Չի կարող ապաշրջափակումը լինել միակողմանի։ Եթե պայմանավորվում ենք, ուրեմն երկուստեք ենք պայմանավորվում իրար ճանապարհներ տրամադրելու մասին։ Մենք հնարավորություն ենք տալիս, որպեսզի Ադրբեջանը Հայաստանի վրայով կապվի Նախիջեւանի, եւ, բնականաբար, Թուրքիայի հետ, իսկ նրանք հնարավորություն են տալու, որպեսզի մենք Նախիջեւանի վրայով կապվենք Իրանի եւ Ադրբեջանի վրայով՝ Ռուսաստանի հետ։ Կստացվի, որ մենք հնարավորություն կունենանք ուղիղ երկաթուղային կապ ունենալու Ռուսաստանի եւ Եվրոպայի հետ։ Սա լա՞վ է, թե վատ։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.01.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031