Լրահոս
Օրվա լրահոսը

Շամլուղցիները շարունակում են սպասել դրական պատասխանի. «Դա՞ է առաջարկում ղեկավարությունը, սպասենք՝ մինչեւ շենքը փլուզվի՞…». (Ֆոտոշարք)

Հունվար 22,2021 22:00

Օրերս Լոռու մարզի Շամլուղ քաղաքի 1-ին փողոցի 10-րդ շենքի բնակիչները հերթական բաց նամակով դիմեցին պատկան մարմիններին, ներկայացնելով, որ շենքը կանգնած է փլուզման եզրին:

Բնակիչների խոսքով՝ դեկտեմբերի վերջից սկսվել է շենքի առանձին hատվածների փլուզումը: Շենքի ճակատային մասի փոքր պատշգամբների հատակային մասից պոկվում են քարի կտորներ: Փլուզումը լուրջ վտանգ է ներկայացնում թե՛ բնակիչների կյանքի եւ անվտանգության համար, թե՛ շենքի հիմնովին փլուզման տեսանկյունից:

Aravot.am-ի հետ զրույցում Լոռու մարզի Ախթալա խոշորացված համայնքի ղեկավար Արկադի Թամազյանն ասաց, որ խնդրի մասին տեղյակ են, սակայն որեւէ աշխատանք անել չեն կարող, քանի որ չկան բավարար միջոցներ. «Այս պահի դրությամբ ոչ մի բան չենք կարող անել, քանի որ համայնքը հնարավորություն չունի այդպիսի ծախսեր անելու: Շենքն  ունի վթարայնության երրորդ կարգ, ոչ թե չորրորդ: 2019 թվականին շենքի տանիքն ամբողջությամբ փոխվել է: Բնակիչներն էլ են կառավարություն դիմել, արդեն 2 տարի է, մենք էլ քննարկել ենք, մենք նմանատիպ ծախսերի հնարավորություն չունենք: Եթե կառավարությունը կօժանդակի՝ այդ ժամանակ հնարավորության դեպքում կանենք»:

Մեր այն հարցին, թե արդյո՞ք իրենք դիմել են կառավարություն, Թամազյանը պատասխանեց. «Մարզպետարանն էլ է նույն հարցով դիմել, իրենք էլ տեղյակ են: Եթե կառավարությունն ունենար ինչ-որ միջոցներ, մեզ կասեր: Ի՞նչ դիմենք, դիմենք ի՞նչ ասենք, կառավարությունը տեղյակ է, նամակն արդեն 2 տարի է ուղարկել են բնակիչները»:

Շամլուղ քաղաքի 1-ին փողոցի, բազմաբնակարան 10-րդ շենքի բնակիչները մեզնից տեղեկանալով, որ Ախթալա խոշորացված համայնքի ղեկավար Արկադի Թամազյանն ասել է, որ «համայնքն ընդհանրապես միջոցներ չունի» եւ «նախատեսված չէ նշված շենքի վերանորոգման ծրագիր», տարակուսեցին՝ նշելով, որ իրենք չեն պահանջում պարզապես վերանորոգել շենքը, խոսքը գնում է արդեն փլուզվող շենքի մասին, ինչը պահանջում է հրատապ լուծում, քանի որ ինչպես իրենք են նշում՝ մարդկանց կյանքն է վտանգի տակ, ամեն վայրկյան, օրինակ, պատշգամբները կարող են փլվել:

Բնակիչները հիշեցրեցին, որ շենքի արտաքին ամրացման աշխատանքներ իրականացվել են դեռեւս խորհրդային տարիներին՝ 1986 թվականին, եւ եթե այդ աշխատանքները չարվեին՝ ապա շենքը վաղուց փլուզված կլիներ: Հիմա էլ բնակիչները վստահ են, որ արտաքին ամրացումը, կփրկի շենքի հիմնական պատերը փլուզումից: Նրանք ասում են, որ Շամլուղում ընդամենը 10-12 բազմաբնակարան շենք կա, նոր շենքեր չեն կառուցվելու, մի՞թե եղածը պահպանելը, շենքի արտաքին ամրացում իրականացնելն ավելի նպատակահարմա՞ր չէ՝ թե՛ ֆինանսապես, թե՛ բնակիչների անվտանգությունն ապահովելու տեսանկյունից. «Ստացվում է, շենքի տանիքը նոր է, ձյունն ու անձրեւն էլ չեն լցվում տները վերեւից, բայց հիմա էլ կողքերից պատերն են փլուզվում, իսկ դրա հետեւանքով փլուզված տեղերից նորից ձյունն ու անձրեւները քայքայում են շենքը դրսից: 2019 թվականին, երբ վերանորոգվեց տանիքը, դիմեցինք, ասեցինք, որ ձեր արած գործի համար շատ շնորհակալ ենք, բայց որպեսզի շենքը չնստի՝ պատերն էլ պետք է ամրացվի դրսից: Հիմա այսպես նստենք, սպասենք, թե ե՞րբ է փլուզվում շենքը, մենք էլ մնանք փլատակների տա՞կ… Դա՞ է առաջարկում ղեկավարությունը, սպասենք՝ մինչեւ շենքը փլուզվի՞…»:

Բնակիչներից մեկն էլ ասաց, որ վախենալով է պատշգամբ գնում՝ լվացք փռելու, խորհուրդ տալով մարզպետարանի ու համայնքապետարանի աշխատողներին այցելել ու իրավիճակը տեսնել սեփական աչքերով:

10-րդ շենքի բնակիչները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանից, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանից հրատապ լուծում են ակնկալում. «Սա Շամլուղի ամենահին շենքն է, այսպիսի անմխիթար վիճակում, այսպես՝ փլուզվող շենք չկա Շամլուղում, սա անհետաձգելի խնդիր է: Այսքան տարի դիմացել է շենքը, շենքի արտաքին ամրացումը, վստահ ենք՝ կփրկի շենքը հիմնովին փլուզումից»:

Խնդրի վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ նաեւ Լոռու մարզպետարանից: Մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրեցին, որ իրենք եւս դիմել են կառավարություն, այժմ սպասում են պատասխանի:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031