Aravot.am-ի տեղեկություններով, մոտ օրերս Շիրակի մարզում փոխմարզպետ կնշանակվի Նիկոլ Փաշինյանի թիմակից Դավիթ Սեխլեյանը։ Նա Ազգային Ժողովի ընտրություններին մասնակցում էր «Իմ քայլ»-ը դաշինքի կողմից։
Դավիթ Սեխլեյանը մասնագիտությամբ տնտեսագետ է, Փանիկ համայնքի բնակիչ է, երկար տարիներ աշխատել է ֆինանսաբանկային ոլորտում, բավական բարձր պաշտոններ զբաղեցրել տարբեր բանկերում՝ թե՛ մայրաքաղաքում, թե՛ Արթիկում։ Փանիկում հիմնել է ֆերմերային տնտեսություն ու վերջին 5-6 տարիներին զբաղվում է հենց դրանով։
Նրա մոտ ընկերներից մեկն ասաց, որ Դավիթ Սեխլեյանը ոչ միայն անասուններ է պահում, այլ այդ ոլորտում եղած նորարարությունները, տեխնոլոգիաներն է փորձարկում։
«Նա փորձառու է, եթե որևէ տեղից անասուններ է բերում, ապա անպայման ուսումնասիրում է՝ ինչպես կհարմարվեն մեր բնակլիմայական պայմաններին, եկամտաբերության հաշվարկներ է անում, նոր սկսում է ծրագրեր իրականացնել։
ԱԺ ընտրություններին մասնակցելիս իր նախընտրական ծրագրում Շիրակի մարզի գյուղատնտեսության զարգացմանը վերաբերող դրույթ ուներ։ Մանրամասն ծրագիր էր կազմել, թե ինչ ձևով կարելի է մեր մարզում գյուղանտեսությունը զարգացնել։ Այժմ գալով իշխանության՝ հնարավորություն կունենա իր ծրագիրը կյանքի կոչել»,-մեզ հետ զրույցում ասաց Դավիթ Սեխլեյանի մտերիմ ընկերը։
Նա ունի երեք երեխաներ, մեծացել է մանկավարժի ընտանիքում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Դավիթ Սեխլեյանի լուսանկարը՝ նրա ֆեյսբուքյան էջից