Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու է «Հայփոստը» բարձրացրել առաքման ծառայությունների գները

Հունվար 22,2021 19:25

«Հայփոստ» ընկերությունը առաքման ծառայություների գները մի քանի անգամ բարձրացրել է: Այս մասին ահազանգում են քաղաքացիները, որոնք Aravot.am-ին այդ մասին դժգոհություն են հայտնել: Նրանց խոսքով,  հունվարի 4-ից «Հայփոստը» ոչ թե 10-20%-ով կամ 30-40%-ով այլ 300-400%-ով բարձրացրել է իր սակագները՝ արտերկիր ուղարկվող ծանրոցների համար։

«Սա, կարելի է ասել կործանարար գործողություն է բոլոր մանր եւ միջին բիզնեսների եւ, մանավանդ՝ մանր արտադրողների, արհեստավորների համար, որոնք արտահանման հետ ինչ-որ չափով կապ ունեին, նաեւ նրանց համար որոնք՝ որպես երախտիքի, կարոտի կամ շնորհակալության նշան, արտերկրում մեկընդմիշտ բնակություն հաստատած իրենց հարազատներին, ծանոթներին հայկական արտադրության ինչ-որ սիմվոլիկ ապրանք էին ուղարկում, օրինակ՝ հայկական չիր, սուջուխ, գիրք եւ այլն»,-նշում են քաղաքացիները:

Նրանց խոսքով, «Հայփոստի» սահմանած նոր սակագներով այլեւս ոչ մի ապրանք շահեկան չէ ուղարկել Հայաստանից արտերկիր. «Սա նոր տիպի«շրջափակում է» եւ սարսափելի հետեւանքներ կունենա շատերի համար։ Սա ամբողջապես կկանգնեցի նաեւ Հայաստանի մշակույթով, արվեստով կամ գրականությամբ հետաքրքրվող օտարերկրացիների պատվերով կատարվող գնումները Հայաստանից, քանի որ այս սակագներով գնումներն այլեւս բացարձակ ձեռնտու չեն։ Օրինակ ո՞վ կվճարի $40 (19900 դրամ) 1կգ 50 գրամ կշռող որեւէ գիրք ուղարկելու համար կամ $20 (9900դրամ) մի փոքր 260 գրամ՝ 2000-3000 դրամանոց որեւէ հուշանվերի կամ $80( 40400 դրամ) 3 կգ 10 գրամ հայկական պոպոքով սուջուխ̕ի առաքման համար։ Իհարկե՝ ոչ ոք»։

Առաքման ծառայություններից օգտվող քաղաքացիները կարծում են, որ թանկացման որոշումը «մահացու» հարված կհասցնի մեր քաղաքացիներից շատերին, որոնք՝ երկրի վիճակից ելնելով, ստիպված զբաղվում էին ձեռքի աշխատանքով՝ հոգալով իրենց ընտանեկան ծախսերը, նաեւ բոլոր նկարիչներին, քանդակագործներին եւ արվեստի այլ գործիչներին, որոնք կապ ունեին արտերկրի հետ։

Քաղաքացիների դժգոհության առնչությամբ «Հայփոստ» ընկերության մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանն Aravot.am-ի հետ զրույցում առաքման ծառայությունների սակագների բարձրացումը պայմանավորեց ծախսերի բարձրացմամբ՝ նշելով, որ 20 տարի Հայաստանում առաքումների սակագների փոփոխություն չի եղել:

«Խոսքը միջազգային առաքումների մասին է: Առաքումների ինքնարժեքը շատ ավելի բարձր է եղել քան գինը: Վերջին անգամ առաքումների սակագների փոփոխություն փոստում եղել է 2001 թվականին: 20 տարի շարունակ առաքումների գները մնացել են նույնը: Մինչդեռ այդ տարիների ընթացքում ամեն ինչ թանկացել է՝ այդ թվում՝ «Հայփոստի» լոգիստիկ եւ տրանսպորտային ծախսերը»,-ասաց Գեւորգ Աբրահամյանը: Նրա խոսքով, փոստային այն օպերատորներին, որոնց ուղարկում  են առաքումները, ցանկացած օպերատորի «Հայփոստը» վճարում է, որպեսզի նա տվյալ ապրանքը առաքի նշյալ հասցեով. «Կան համապատասխան պայմանագրեր, որ տեղի են ունեցել սակագնային փոփոխություններ: Այնպես չէ, որ թանկացումը եղել է բոլոր ուղղություններով, օրինակ՝ Ռուսաստանի ուղղությամբ ունենք էժանացում:

Մոսկվայի ուղղությամբ կտրուկ էժանացել է ծառայության գինը: Դա պայմանավորված է նրանով, որ ունենք համապատասխան պայմանագրեր, որով ծառայությունն էժանացել է: Եթե փոստային այլ օպերատորների հետ էլ լինի նման պայմանագիր ծառայությունն ավելի էժան կմատուցվի: Այս ընթացքում թանկացել են նաեւ տրանսպորտային, լոգիստիկ ծախսերը: ԱՄՆ–ի ուղղությամբ մոտ երեք անգամ, Եվրոպայի ուղղությամբ նույնպես մոտ 3 անգամ է գների բարձրացում տեղի ունեցել: Մոսկվայի ուղղությամբ մոտ 3 անգամ էժանացել է»:

Նա ԱՄՆ-ի եւ այլ ուղղությունների օրինակով բացատրեց գնագոյացման սկզբունքը. «Նոր գների պարագայում, օրինակ՝ ԱՄՆ-ի պարագայում վճարված գումարի 60 տոկոսը վճարում ենք Միացյալ նահանգների փոստային ծառայությանը, 30 տոկոսը կազմում են լոգիստիկ եւ տրանսպորտային ծախսերը եւ միայն 10 տոկոսն է, որ տնօրինում է «Հայփոստը»: Մինչեւ հիմա մենք այդ ծախսերը փակել ենք: Վերջին տարիներին «Հայփոստն» աշխատել է ահռելի վնասներով»:

Պատասխանելով ՓՄՁ-ին առնչվող մտահոգություններին, Գեւորգ Աբրահամյանն ասաց, որ մանր ու միջին բիզնեսին սուբսիդավորելու գործառույթը «Հայփոստի» գործառույթը չէ. «Այսքան ժամանակ նրանք օգտվել են այդ ծառայությունից, փաստորեն ստացվել է այնպես, որ «Հայփոստը» սուբսիդավորել է նրանց բիզնեսը, բայց այլեւս հնարավոր չէ դա անել»:
Նա ասաց, որ ունեն կորպորատիվ փաթեթներ իրենց այն գործընկերների համար, որոնք հաճախ են ուղարկում փաթեթներ. Նրանց համար գործում են զեղչային ճկուն համակարգ. «Այդ մարդիկ կարող են գալ պայմանագիր կնքել «Հայփոստի» հետ եւ նրանց համար կգործեն զեղչեր»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սաշիկ says:

    Ու այս ամ ամենը սկսվեց այն ժամանակ երբ կառավարությունը դադարեցրեց պայմանագիրը Է. Էռնեկյանի հետ , Մոսկվայի ինչ վոր քուչից գտավ բերեց ,Բիլայնի վտարանդի , իրենց նման թրաշամանուկ ոմն Հայկո Կարապետյանին : Այս անթրաշնել սկսեց կադրային ջարդ , Հաըփոսի բազմամյա և բազմափորձ աշխատակիցներին հաստիքների կրճատման և ատեստացիայի պատրվագով գործից ազատու է և գործի է ընդունում Բիլայնից դուրս մնացաց , գործից անտեղյակ , շատ դեպքերում կատարյալ հիմարներին , ընդ որում շատ բարձր աշծխատավարձով: Նույնիսկ իր անձնական օգտագօրծման սիրուհւն է Բիլայնից բերել Հայփոստում սարքել երկրոռդ մարդը

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031