Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախից Լիլիթն ու Յեմենից Մոհամմեդը Դիլիջանում հյուրատուն են հիմնել և նոր կյանք սկսել. (Ֆոտոշարք, տեսանյութ)

Հունվար 22,2021 20:00

Արցախի Քաշաթաղի շրջանից կենսաֆիզիկոս Լիլիթը իր ամուսնու՝ Մոհամմեդ Մուքարմեայի հետ մեկ տարի առաջ որոշեցին իրենց կյանքը կառուցել Դիլիջանում։

Դեռ պատերազմից առաջ զույգը Դիլիջանի բնության մեջ Արցախին շատ նման ոգի զգալով որոշեց հենց այստեղ էլ տուն գնել և ապրելուն զուգահեռ նաև հյուրերի համար փոքրիկ հյուրատուն ստեղծել։

Տան բակում գտնվող հին ջերմոցն է ընտանիքին հուշել հյուրատունը կոչել «Ջերմատուն»։

«Հյուրատան անվանումը հիմնականում առաջացավ բակում գտնվող գեղեցիկ ջերմոցի մտքից, սակայն այն իր մեջ ունի նաև այստեղ հյուրերի համար ջերմ միջավայր ստեղծելու գաղափարը։ Մեր նպատակը մարդկանց բնության հետ ներդաշնակ միջավայր ստեղծելն է, որի համար մոտ մեկ տարի տևած շինարարության ընթացքում ամեն դետալ զգուշորեն մշակել ենք»,- անկեղծանում է Լիլիթը։

Ջերմատան ընտանեկան մթնոլորտը զգացվում է դարպասներից ներս մտնելու առաջին իսկ վայրկյանից։

Տան տերերը բուխարին վառելուց անմիջապես հետո իրենց ջերմոցում աճեցրած հատապտուղներով թեյն ու մուրաբա են հյուրասիրում։

Ջերմոցից բացի տան պատերից մեկին ընտանիքը կաթիլային համակարգով ջրվող բույսերի այգի է կառուցել։

«Մենք այս վայրը պատահական չենք ընտրել։ Դիլիջանի բնությունը շատ նման է Արցախի Քաշաթաղին, այնտեղ էլ են շուրջ բոլորը սարեր, բնություն։ Մեկ տարի առաջ, երբ ամուսնուս հետ եկանք Դիլիջան, միանգամից առաջացավ այստեղ տուն ունենալու ցանկությունը, իսկ այս տան բակում ջերմոցը հայտնաբերելուց հետո զգացինք, որ սա է մեր տունը»,- կիսվում է Լիլիթը։

Մոհամմեդը չնայած ազգությամբ հայ չէ, բայց չորս տարի առաջ աշխատանքի բերումով տեղափոխվել է Հայաստան։ Այս ընթացքում հասցրել է սովորել հայերեն ու մեզ էլ հայերեն պատմեց Դիլիջանում սպասվելիք իրենց ծրագրերից.

«Դիլիջան այցելելուց միանգամից հասկացանք, որ կուզենք այստեղ մնանք, մեր տունն ունենանք և հանգիստ կյանք ապրենք։ Մեկ տարվա ընթացքում շատ աշխատանք ենք տարել մինչև մեր պատկերացրած տունը կարողացել ենք կառուցել, բայց սա դեռ միայն սկիզբն է. նպատակներ շատ ունենք Դիլիջանում» ։

Լիլիթն էլ ցույց է տալիս ձմեռային ջերմոցն ու պատմում, որ ջերմոցում առաջին անգամ փորձել են հատապտուղ աճեցնել, իսկ արդյունքը չի հիասթափեցրել. «Այս տարի ջերմոցից մոտ 30 կիլոգրամ մալինա կարողացանք հավաքել, որից մուրաբա և գինի պատրաստեցինք մեր և մեր հյուրերի համար»։

Լիլիթը վստահեցնում է, որ գարնանը ավելի շատ անելիքներ ունեն և հյուրատնից բացի հյուրերի համար իրենք պատրաստվում են նաև ակտիվ հանգիստ ապահովել։

Չնայած հայրենի տան կորստին Լիլիթը պնդում է, որ իրավունք չունեն ընկճվելու, ու ինքն էլ Արցախի իրենց այգուց կարևոր բույսերի սերմերը մասունքի նման իր հետ բերել է Դիլիջան. «Սերմերը զգուշությամբ պահում եմ ջերմոցում, որ հենց գարունը գա, նրանք կենդանան ու մենք կունենանք Արցախի մեր տան այգուց բերված բույսերը նաև այստեղ»։

Սաթենիկ Հովսեփյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031