Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ միայն բժիշկ-գինեկոլոգ, այլ հոգեբան. անհրաժեշտ է, որ հղի կանայք այցելեն նաև հոգեբանի

Հունվար 22,2021 18:25

Մասնագետները հղի կանանց խորհուրդ են տալիս հղիության ընթացքում ոչ միայն այցելել բժիշկ-գինեկոլոգի, այլ անհրաժեշտ են համարում նաև հոգեբանի օգնությունը:

Aravot.am-ի Ֆեմինի նախագծի շրջանակներում այս թեմայով զրուցեցինք հոգեբան Աննա Բադալյանի հետ: Նա աշխատում է հղիների հետ և փաստում՝ բուժկենտրոններ կան, որտեղ հղի կինը, երբ գալիս է նախածննդյան գրանցման, պարտադիր պայման է հոգեբանի հետ հանդիպումը, նաև առաջարկում են հայրիկների հետ գալ հանդիպման:

Աննա Բադալյան

Աննա Բադալյանը մանրամասնեց. «Նախ պետք է հաշվի առնել այն փաստը, որ հղիության ընթացքում յուրաքանչյուր կնոջ բժիշկ-գինեկոլոգի հետ զուգահեռ անհրաժեշտ է նաև հոգեբան, որովհետև հղիության ընթացքում տեղի են ունենում հոգեֆիզիոլոգիական փոփոխություններ, և հոգեբանի օգնությունն այս պարագայում շատ կարևոր է: Ինչպես գինեկոլոգիական տեսանկյունից են հղիությունը բաժանում եռամսյակի, նաև պետք է հոգեբանական ընկալումների տեսանկյունից հղիությունը բաժանել եռամսյակների»:

Ըստ հոգեբանի՝ այս տեսանկյունից հղիության առաջին փուլը բավականին յուրահատուկ է, երբ գիտակցումը դեռ եթերային է, յուրաքանչյուր ոք յուրովի է գնահատում այդ կարգավիճակը: Բխում են տարատեսակ հարցեր՝ ես լավ մայր կլինե՞մ, արդյոք ամեն ինչ լա՞վ կլինի կամ ընդհակառակը, գերոգևորվածություն, բալիկի սպասում և այլն: Հոգեբանն ասաց. «Դեռ մի փոքր բջիջ է, բայց մոր զգացմունքներում նա արդեն համալսարան ավարտեց, մայրը տատիկ դարձավ և այլն: Դրանք էմոցիոնալ վայրիվերումներ են, որոնք հուզական ֆոնը հանգեցնում են տատանումների: Ու բացի դրանից` նաև շատ կարևոր է, որ այդ ընթացքում գալիս են զգացողությունները՝ համային ընկալումները, բույրի հետ կապված ընկալումները, հղի կինը նույնիսկ մի քիչ կարող է կամակոր դառնալ»:

Հոգեբանը կարևորեց, որ կինը հղիությունն, այսպես ասած, միայնակ չտանի, հարազատ մարդիկ, ընտանիքի անդամերը լինեն նրա կողքին. «Չեմ ասում՝ հղիությունն ընդունեն որպես հիվանդություն և անընդհատ դա ի ցույց դնեն: Հղիությունը հիվանդություն չէ, գերհուզական վիճակ է, կնոջ լավագույն շրջանն է, և շրջապատի մարդիկ էլ այնպես պիտի անեն, որ ոչ ավելորդ ուշադրությամբ, բայց բնականոն հունով հղիությունը կարողանան դարձնել կնոջ կյանքի լավագույն շրջանը»:

Այդ փուլում, երբ մենք ունենք անվտանգային խնդիրներ, հղիության ընթացքում կինն ավելի լուրջ ու զգայական հարցերի է բախվում: Հոգեբանի խորհուրդն է փորձել անել այնպես, որ հուզական տատանումները քիչ լինեն, հղի կինն ավելի սթափ նայի երևույթներին:

Ըստ նրա՝ պատահական չէ, որ ասում են՝ աստղով երեխա է: Դա նրանից է, որ հղիության ընթացքում մայրը փորձել է երևույթներն ընկալել միայն դրական զգացմունքներով. «Հղիությանը երբեք չպետք է վերաբերվել՝ մտածելով, որ սաղմ է մեծանում: Ոչ, նա մարդ է, որն ունի ոչ միայն գիտակցություն, այլև ենթագիտակցություն: Ամենաառաջին պայմանը դրական լիցքեր, հույզերն են: Հղի կնոջ աչքի ընկալումը միշտ պիտի գեղեցիկը լինի: Պետք է լսի երաժշտություն, որն իրեն դուր է գալիս»:

Աննա Բադալյանն ասաց՝ իր աշխատանքային փորձը ցույց է տալիս, որ շատ հայ հղի կանայք գերադասում են Տիգրան Մանսուրյանի մեղեդիները:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031