Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ էր անում՝ օրակարգում ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում «Իմ քայլից» առաջադրված՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի եւ իրավաբան Դավիթ Խաչատուրյանի թեկնածության հարցով։ Գագիկ Ջհանգիրյանի եւ «Իմ քայլի» պատգամավորների միջեւ հարցուպատասխանի ժամանակ թեկնածուն իրեն բնորոշ ոճով հաճախ էր կատակում։
Նախ, Գագիկ Ջհանգիրյանին հարցեր հղելու համար 24 պատգամավոր հերթագրվեց։ Աժ նախագահ Արարատ Միրզոյանը նկատեց․ «Ձեր ելույթը մեծ հետաքրքրություն է առաջացրել պարոն Ջհանգիրյան, ինչպես տեսնում եք՝ հերթագրվածները շատ են»։ Ջհանգիրյանը կատակեց․ «Քանի որ ես մինչեւ պաշտոնյա դառնալն իմ երեխաներին պահել եմ դասախոսությամբ, հանգիստ կարող եմ պատասխանել, այնպես որ․․․»։ Դահլիճից քմծիծաղի ձայն լսվեց։
«Իմ քայլից» դուրս եկած պատգամավոր Թագուհի Թովմասյանը հարց տալու իր հերթի ժամանակ ասաց, որ երկու հարց ունի։ «Ընդամե՞նը»,-արձագանքեց Ջհանգիրյանը։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ժպտալով հիշեցրեց ընթացակարգը, որ պետք է պատգամավորին թույլ տալ հարցն ավարտել, ապա նոր արձագանքել։ «Շատ լավ, վաղուց պատգամավոր չեմ, մոռացել եմ ընթացակարգը»,-արձագանքեց Գագիկ Ջհանգիրյանը։
Կարդացեք նաև
Հետո «Իմ քայլից» Հովհաննես Իգիթյանը հարցրեց, թե կոռումպացված դատավորների առնչությամբ ի՞նչ օրենսդրական մեխանիզմներ կառաջարկի Գագիկ Ջհանգիրյանը։ Վերջինս հեգնեց․ «Պարոն Իգիթյան, դուք երեւի ինձ վաղուց չէիք տեսել, ինձ էիք նայում, ելույթս չէիք լսում։ Արդեն ասեցի, որ սահմանադրության 164-րդ հոդվածը հնարավորություն է տալիս նոր սահմանափակումներ մտցնել»։
Ավելի ուշ Գագիկ Ջհանգիրյանը պարբերաբար մոռանում էր ժամատախտակին հետեւել, եւ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հիշեցրեց այդ մասին՝ ասելով, որ պատգամավորի հարցին պատասխանելու ժամանակը սպառվել է։ «Դե ինչ արած, ես այդ վշտին կդիմանամ»,-ասաց Ջհանգիրյանը։
Մեկ այլ դեպքում նա նորից մոռացավ նայել ժամատախտակին, եւ Ալեն Սիմոնյանի զգուշացումից հետո, «աչքով անելով» պատգամավորներին, ասաց, որ խոսելիս չի նայում ժամին։ «Ես էլ չեմ ուզում ձեզ ընդհատել»,-ասաց Ալեն Սիմոնյանը։ «Ճիշտ եք անում»,-հնչեց Ջհանգիրյանի պատասխանը, եւ դահլիճում նորից քմծիծաղ հնչեց։
Այնուհետեւ «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հարց տալու հերթն էր։ Գագիկ Ջհանգիրյանը «քթի տակ» արտաբերեց՝ «իյա, Անդրանի՞կ, դու ես էլ հարց տալի՞ս»։ Անդրանիկ Քոչարյանը նկատեց․ «Զարմանալի է չէ՞, որ ես ձեզ պետք է հարց տամ»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ