Լրահոս
Օրվա լրահոսը

Դրոշմանիշային վճարների վճարման համահարթ եղանակից անցում կկատարվի պրոգրեսիվ համակարգի. Արցախի Ազգային ժողովը արտահերթ նստաշրջան է գումարել

Հունվար 22,2021 18:17

Արցախի Ազգային ժողովը գումարել է արտահերթ նստաշրջան:

Բացելով  նստաշրջանը՝ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարեց, որ Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածին և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածին համապատասխան Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը.

1.««Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, Արցախի Հանրապետության արդարադատության նախարար Կարեն Դանիելյան ),

2.«Քաղաքացիական օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, Արցախի Հանրապետության արդարադատության նախարար Կարեն Դանիելյան ):

3.««Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,««Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը (Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, Արցախի Հանրապետության արդարադատության նախարար Կարեն Դանիելյան ):

«Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Մարսել Պետրոսյանն առաջարկեց՝ նախքան օրակարգի հարցերին անցնելը, հայտարարել ընդմիջում 20 րոպե տևողությամբ:

Ընդմիջումից հետո Ազգային ժողովը շարունակեց արտահերթ նստաշրջանի աշխատանքները:

««Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, Արցախի Հանրապետության արդարադատության նախարար Կարեն Դանիելյանը: Վերջինիս փոխանցմամբ օրենքի նախագծի փոփոխությունը կապված է 2020 թվականի պատերազմական գործողությունների հետևանքով Հիմնադրամի շահառուների թվի և ապահովագրական հատուցումների չափի ավելացմամբ:

Նախագծով առաջարկվում են՝

  • ֆիզիկական անձանց կողմից դրոշմանիշային վճարների վճարման համահարթ եղանակից անցում կատարել պրոգրեսիվ համակարգ, համաձայն որի կախված եկամտի չափից դրոշմանիշային վճար վճարողները կվճարեն 1500-ից մինչև 15000 ՀՀ դրամի չափով դրոշմանիշային վճար, իսկ անհատ ձեռնարկատերերը՝ սկսած 18000 դրամից մինչև 180000 դրամ,
  • կամավորականների հատուցում ստանալու իրավունքի ապահովման դեպքերում անձը Կառավարության որոշմամբ սահմանված կարգով դիմի պաշտպանության նախարարություն, ստանա տեղեկանք, որի հիման վրա արդեն կարող է դիմել հատուցման հիմնադրամին և ստանալ հատուցում,
  • զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցում նախատեսել նաև այն դեպքերի համար, երբ զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնասը պատճառվել է հակառակորդի նախահարձակ գործողության արդյունքում:

Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ առաջարկվում է օրենքի գործողությունը տարածել 2020թ. սեպտեմբերի 27-ից ծագած հարաբերությունների նկատմամբ, իսկ դրոշմանիշային  վճարների գանձումը իրականացնել 2021 թվականի հունվարի 1-ից սկսած հաշվետու ժամանակաշրջանի համար: Պատասխանելով խորհրդարանականների առաջադրած հարցերին՝ Նախագահի պաշտոնական ներկայացուցիչը տվեց  համապատասխան պարզաբանումներ:

Հարակից զեկուցմամբ հանդես եկավ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը՝ ներկայացնելով գլխադասային հանձնաժողովի  նիստի՝ նախագծին տրված 6 կողմ ձայների համամասնությամբ դրական եզրակացությունը:

Արթուր Հարությունյանը հայտարարեց, որ «Ազատ հայրենիք և ՔՄԴ»  խմբակցությունը կողմ է քվեարկելու օրինագծին:

Մտքերի փոխանակությամբ հանդես եկավ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը և պատգամավոր Դավիթ Իշխանյանը:

Նախագծի վերաբերյալ քննարկումից և ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո, խորհրդարանը միաձայն ընդունել է օրենքի նախագիծը:

«Քաղաքացիական օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ  քննարկմանն է ներկայացրել Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, Արցախի Հանրապետության արդարադատության նախարար Կարեն Դանիելյանը:

Օրենքի նախագծով առաջարկվում է ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողներին և այլ քաղաքացուն դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ  դիմում ներկայացնելու հնարավորություն ընձեռել զինծառայողի կամ այլ քաղաքացու գտնվելու վայրի մասին 3 ամսվա ընթացքում տեղեկություններ չլինելու դեպքում, ինչպես նաև նույն պայմաններում անհայտ կորածին դատարանի կողմից մահացած ճանաչելու ժամկետը 2 տարվա փոխարեն սահմանել 1 տարի՝ ռազմական գործողությունների ավարտից հետո:

Օրենքի կարգավորումները կտարածվի 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ծագած հարաբերությունների վրա:

Հարակից զեկուցմամբ հանդես եկավ գլխադասային հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը: Վերջինս նշեց, որ  ԱԺ պետական-իրավական  մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրինագծին:

Խորհրդարանը միաձայն ընդունել է օրենքի նախագիծը:

Օրակարգային վերջին հարցը  ««Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,««Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկումն էր, որը ներկայացրեց Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, արդարադատության նախարար Կարեն Դանիելյանը:

Նախարարի փոխանցմամբ օրենքի նախագծի փոփոխությունը կապված է 2020 թվականի պատերազմական գործողություններից հետո ստեղծված իրավիճակում Արցախի Հանրապետությունում պետական կառավարման համակարգի օպտիմալացման և արդյունավետության ու հաշվետվողականության բարձրացման  հետ:

Օրինագծով առաջարկվում է՝

  • Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը և Արցախի Հանրապետության ոստիկանությունը ներառել մեկ միասնական մարմնի՝ Ներքին գործերի նախարարության կազմում,
  • Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության , Արցախի Հանրապետության ոստիկանության անմիջական ղեկավարումն իրականացնեն համապատասխանաբար Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը, Արցախի Հանրապետության ոստիկանության պետը, իսկ ընդհանուր ղեկավարումը՝ Արցախի Հանրապետության  ներքին գործերի նախարարը:

Նախքան հարցի քվեարկությանն անցնելը «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը հայտարարեց, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու օրինագծերի փաթեթին, իսկ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն»  խմբակցության ղեկավար Գեղամ Ստեփանյանը հայտարարեց, որ խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու նախագծին:

Նախագծի վերաբերյալ քննարկումից և ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո, խորհրդարանը 16 կողմ, 4 դեմ, 8 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել է օրենքի նախագիծը:

Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը արտահերթ նիստը համարեց փակված:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի

լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031