«Դուք աշխատել եք «Բաց հասարակության հիմնադրամներ»-ում, եւ հիմա կոռուպցիայի հանձնաժողովը դա արձանագրել է որպես ձեր վարկանիշի վրա բացասական ազդեցություն ունեցող հետք։ Դուք մասնավոր պատվերներ եք կատարել։ Քանիցս հնչել են որակումներ, որ Սորոսի հիմնադրամը գործել է ՀՀ-ի դեմ։ Կուզենայի հստակ ասեիք, որ գործելու եք հանուն ՀՀ-ի»,-ԱԺ արտահերթ նիստում այսօր ԲԴԽ անդամի թեկնածու, իրավաբան Դավիթ Խաչատուրյանին այսպես դիմեց «Իմ քայլից» դուրս եկած պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
«Իհարկե, ես գործելու եմ բացառապես հանուն Հայաստանի։ Բայց ասածս չի նշանակում, թե ես որպես իրողություն եմ ընդունում այն, որ հիմնադրամն այլ գործունեություն է իրականացրել։ Դուք էլ ասացիք, որ խոսակցություններ են դրանք։ Բնականաբար, դրանց ուժգնությունն ինձ չի կաշկանդում, խոսակցությունները չեն ազդում իմ նվիրվածության վրա։ Քանի դեռ խոսակցությունները փաստեր չեն, չէի ուզենա արձագանքել»,-պատասխանեց Դավիթ Խաչատուրյանը։
«Շատ մարդիկ կարող են շատ բաներ ասել, այդ թվում հակապետական գործունեություն, բայց դա չի նշանակում, որ փաստ կա»,-հավելեց նա։
Թեկնածուն նշեց, որ հիմնադրամը բազմաթիվ ծրագրեր է իրականացնել, ինքն էլ աշխատել է այդ ուղղությամբ որպես տնօրենների խորհրդի նախագահ․ «Եթե դա համարվում է բացասական բան, օրինակ` ասեմ. իմ գործընկեր Հրայր Ղուկասյանը, որը չորս տարի հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ էր, նաեւ՝ նախագահ, նշանակվել էր Սերժ Սարգսյանի իրավական հարցերով օգնական, ու որեւէ մեկի մոտ հարց չառաջացավ։ Այդ պաշտոնը զբաղեցրել են նաեւ Գեորգի Կուտոյանը, Գեւորգ Կոստանյանը։ Ուստի շատ դեպքերում ասվում է այդ մասին, սակայն չի խոսվում, այդ նույն պաշտոնում այլ անձինք էլ են աշխատել»։
Կարդացեք նաև
Թագուհի Թովմասյանը նաեւ նկատեց․ «Ձեր եղբայրը հատուկ քննչական ծառայության ղեկավարն է»։ Դավիթ Խաչատուրյանը պատասխանեց, որ դա շահերի բախում չի ենթադրում։
Հիշեցնենք, որ ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ է անում՝ օրակարգում ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում «Իմ քայլից» առաջադրված՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի եւ իրավաբան Դավիթ Խաչատուրյանի թեկնածության հարցով։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ