Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսությունը չեն զարգացնի միկրոձեռնարկատիրության ոլորտում՝ Երեւանից դուրս գործող «խադավիկները», վարսավիրներն ու «մոտոռիստները». Նաիրի Սարգսյան

Հունվար 22,2021 17:43

Արդեն մի քանի տարի խոսվում է, որ հարկային արտոնությունները պետք է վերանայել, որպեսզի պետության աջակցությունն ավելի հասցեական լինի՝ այդ թվում սոցիալապես անապահով խավերի համար: Բայց եթե խոսքը կրթության եւ առողջապահության ոլորտների մասին է՝ պետք է շատ ուշադիր լինել: Նախ՝ գնահատել որոտի հնարավորությունները եւ հետագա զարգացումը՝ նոր միայն դրան նայել հարկային արտոնության վերանայման կամ պահպանման տեսանկյունից»,-այսօր այսպիսի կարծիք հայտնեց «Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ նախագահ Փայլակ Թադեւոսյանը՝ «Հոդված 3» ակումբի կազմակերպած առցանց քննարկմանը: Թեման հարկային դաշտում սպասվող փոփոխություններ են:

Հիշեցնենք, որ հարկային ճեղքի կրճատման նպատակով կառավարությունը ցանկանում է սահմանափակել ԱԱՀ-ից ազատման հարկային արտոնությունները առողջապահության եւ կրթության ոլորտներում, ինչպես նաեւ վերանայել շրջանառության եւ միկրոձեռնարկության հարկման համակարգերը: Ինչն, ըստ փորձագետների, կարող է հանգեցնել առողջապահական եւ կրթական ծառայությունների գների բարձրացմանը:

Փայլակ Թադեւոսյանի խոսքով, հարկային քաղաքականությունը գործիք է՝ ինչ-որ ոլորտ լավացնելու, վատացնելու կամ այդ ոլորտում ինչ-որ հնարավորություններ սահմանելու, ուստի առանց այդ ոլորտները ուսումնասիրելու, առանց ընդհանուր իրավիճակը պատկերացնելու, ընդհանրապես ճիշտ չէ հարկային գործիքի որեւէ տեղաշարժ:

«Առաջին, օրինակ՝ պետք է հասկանանք մեր հարեւան երկրների հետ առողջապահական ծառայությունները թանկ են, թե էժան: Երբ դու գործիք ես կիրառում, վերանայում ես արտոնությունը, եթե դա ավտոմատ բերի գների բարձրացման, իսկ դա կբերի, ստացվում է՝ այդ քայլով մրցունակ ես դարձնում կողքի երկրի ծառայություները, որից Հայաստանի քաղաքացիները օգտվելու հնարավորություն կունենան: Խոսքը Վրաստանի մասին է»:

Անդրադառնալով միկրոձեռնարկատիրության հարկային համակարգի վերանայմանը, պարոն Թադեւոսյանն ասաց, որ նրանց՝ արտոնյալ ռեժիմում հայտնվելը կբերի նաեւ հնարավոր չարաշահումների. «Այդ թվում այնպիսի ոլորտների անտեղի հարկից ազատման, որոնք, կարծես թե, պետության առաջնահերթությունների շարքում չեն եւ չեն նպաստում ո՛չ արտադրությանը ո՛չ արտոնություններին: Հիմնականում ստացվում է, որ միկրոձեռնարկությունների մեջ տեղավորվելու է ծառայություների ոլորտը, որոնց մի մասն այսպես թե այնպես ծախսատար չեն»:

Քննարկմանը ներկա Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը համոզված է, որ տնտեսության զարգացման որեւէ նախադրյալ չի ստեղծում ներկայիս գործող իրավիճակը, երբ Երեւանից դուրս գտնվող առեւտրով զբաղվող սուբյեկտները՝ «խադավիկները», վարսավիրները, «մոտոռիստները» գործունեություն են ծավալելու միկրոձեռնարկատիրության ոլորտում. «Դեմ այդ մտքին, որ արտոնություն պետք է կիրառել այդ ոլորտներում:  Ինչ վերաբերում է կրթության եւ առողջապահության ոլորտներում ԱԱՀ-ի արտոնության վերացմանը, ապա ամբողջ աշխարհը, Հայաստանի հանրապետությունն առավել եւս, պետք է նպատակադրված լինեն առողջապահական եւ կրթական ծառայությունների մատչելիության ապահովմանն ուղղված քայլերի ձեռնարկմանը, մինչդեռ այսօր մենք տեսնում ենք հակառակ պատկերը»:

Նրա խոսքով, տնտեսագիտության պարզագույն կանոն է, որ տնտեսության անկման փուլում խստիվ արգելվում է հարկադրույքներ բարձրացնել եւ այն պետք չէ խախտել, հատկապես, որ աշխատավարձերը, տրանսֆերտները կրճատվել են. «Սոցիալական բեռ ավելացնելը մեկ երրորդ աղքատության մակարդակ ունեցող երկրում եւ դեռ չգիտենք այն որքան կավելանա»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Լուսանկարը՝ http://araycho.blogspot.com/-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031