Լրահոս
Ոչ ոք չգիտեր…
Օրվա լրահոսը

«Եթե վարչապետը համաձայնվեր, 90 եւ ավելի տոկոսը՝ ադրբեջանցիները համարելու էին, որ Ադրբեջանում են, արդյոք դրա բերումով Շուշին լինելու էր հայկական վերահսկողության ներքո՞». Ռուբինյան

Հունվար 22,2021 17:26

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Նաիրա Զոհրաբյանի հարցին, հայտարարեց. «Շուշին հակամարտությունից եւ ազատագրումից առաջ ունեցել է 90 եւ ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն: Այսինքն, դուք ուզում եք ասել, որ 90 եւ ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով»:

Այս առնչությամբ այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հարցին՝ Փաշինյանի այդ ելույթը ադրբեջանական ԶԼՄ-ների առաջին էջերում հայտնվեց, հիմա Շուշին հայկակա՞ն է, թե՞ ադրբեջանական՝ պատասխանեց. «Վարչապետի ելույթն ամբողջովին խեղաթյուրված է ներկայացվել ե՛ւ մամուլում, ե՛ւ տարբեր ընդդիմադիր քաղաքական գործիչների խոսքում: Շուշին պատմական հայկական քաղաք է եւ դա պատմագիտական փաստ է»:

Ռուբինյանն ասաց, որ պատերազմից առաջ՝ 1987 թվականի դրությամբ Շուշիի բնակչության մոտ 90 տոկոսն ադրբեջանցիներ էին, հետեւաբար, ենթադրյալ վերադարձի դեպքում Շուշիի բնակչությունը պետք է դառնար 90 տոկոսով ադրբեջանական: Ըստ Ռուբինյանի, Փաշինյանի ասածը եղել է հետեւյալը՝ եթե ես համաձայնեի Շուշի փախստականների վերադարձին, արդյոք Շուշին կմնա՞ր հայկական. «Դուք ասեք՝ այս խոսակցությունն ընդհանրապես Շուշիի՝ հայկական լինել կամ չլինելո՞ւ մասին էր, թե՞ փախստականների վերադարձի արդյունքում Շուշիի փաստացի վերահսկողության: Ընդդիմադիր հատվածի եւ մամուլի մի զգալի հատված գիտակցաբար խեղաթյուրել է վարչապետի խոսքը»:

Ռուբինյանը հավելեց, որ բոլորն էլ գիտեն, որ մինչեւ 1920-ը Շուշին մեծամասամբ եղել է հայկական, հայաթափվել է՝ էթնիկ զտումների, այդ թվում՝ խորհրդային Ադրբեջանի հակահայ քաղաքականության բերումով, բայց 87թ.-ի դրությամբ Շուշիի բնակչության 90 տոկոսը ադրբեջանցիներ են եղել ու երբ խոսվում է փախստականների վերադարձի մասին, նկատի ունեն 87-ից հետո այնտեղ ապրած բնակչությանը:

Լրագրողները Պուտինի խոսքը մեջբերեցին, որ այն լինելու էր հայկական վերահսկողության ներքո, Ռուբինյանը պատասխանեց. «Վարչապետը մերժել է այդ առաջարկը ոչ թե ընդհանրապես, այսինքն, վարչապետը չի մերժել փախստականների՝ այդ թվում Շուշի վերադարձը, նա համաձայնվել է այն պայմանով, որ դա տեղի ունենա կարգավիճակի հարցի ճշգրտման հետ համընթաց առնվազն: Երբ փախստականները վերադառնում են այն պայմաններում, երբ ո՛չ միջանկյալ կարգավիճակ կա ֆիքսված, ո՛չ ֆիքսված կա վերջնական կարգավիճակի ֆիքսման մեխանիզմ, եւ մեկ այլ բան է, երբ դա տեղի է ունենում այլ պայմաններում: Ամբողջ բանակցային գործընթացում փախստականների վերադարձի հարց դրված է եղել եւ հայկական կողմը դեմ չի եղել, բայց դա կապված է եղել կարգավիճակի հարցի հանգուցալուծման հետ»:

Ռուբինյանը հարցադրում արեց. «Հարց եմ տալիս՝ 92 թվականի սկզբին Շուշին արդյոք հայկական վերահսկողության տա՞կ էր: Ո՛չ: Շուշին ազատագրվեց 92-ից հետո: Ենթադրենք, եթե վարչապետը համաձայնվեր 2021-ին 90 եւ ավելի տոկոսը, որի բնակչությունը՝ ադրբեջանցիները բնականաբար չէին ճանաչելու Արցախը, իրենց համարելու էին, որ իրենք Ադրբեջանում են, արդյոք դրա բերումով Շուշին լինելու էր հայկական վերահսկողության ներքո՞»:

Հարցին՝ թեկուզ, եթ այդպես լիներ, դա ավելի լավ չէ՞ր, քան այն, ինչ մենք հիմա ունենք՝ Ռուբինյանը պատասխանեց. «Հետադարձ հայացքով ամեն ինչ կարելի է համեմատական նայել: Երբ խոսքը գնում է կոնկրետ հոկտեմբերի այդ օրվա մասին, եղել է իրավիճակ, որ կարելի է կռվել, պայքարել եւ չհանձնել Շուշին եւ կարելի է է չպայքարել: Ընտրվել է պայքարելու ճանապարհը»:

Հարցին՝ հետադարձ հայացքով երբ նայում եք, սխալ չի՞ եղել այդ որոշումը՝ Ռուբինյանը պատասխանեց. «Իմանալով արդեն պատերազմի արդյունքը՝ անշնորհակալ գործ է գնահատել՝ սխա՞լ որոշում էր, թե՞ ոչ: Նույն տրամաբանությամբ 91-ին ՀՀ ղեկավարները կարող էին գնահատել, որ շանսերը քիչ են եւ չկռվեին: Կարող էին, չէ՞, Սարդարապատի ճակատամարտից առաջ այն ժամանակվա զինվորականները որոշեին, որ շանսերը շատ քիչ են եւ չկռվել»:

Ռուբինյանը համաձայնեց՝ կա մի փաստ՝ այս պատերազմի արդյունքը «լավը չէ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031