«Ամոթ է, որ Հայաստանի ղեկավարը տարածաշրջանի ամենահին հայկական քաղաքի մասին խոսում է հարյուր տարվա վիճակագրությամբ»,- «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը:
Հիշեցնենք՝ հունվարի 20-ին, պատասխանելով պատգամավորի հարցին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Այսինքն՝ դուք ուզում եք ասել, որ 90 եւ ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով»:
Թևան Պողոսյանի կարծիքով՝ ՀՀ ղեկավարի կողմից Շուշիի մասին նման գնահատականն ամոթալի է: Նա մանրամասնեց. «Ամոթալի է, որ Հայաստանի ղեկավարը տարածաշրջանում իրականում միակ պատմական հայկական քաղաքի մասին խոսում է հարյուր տարի առաջվա մի վիճակագրությամբ, որը ձևավորվել էր ջարդերի միջոցով, նույն ադրբեջանական քաղաքականության, ճնշելու, էթնիկ զտումների միջոցով»:
Կարդացեք նաև
Նա նշեց՝ իր մայրիկի հայրիկը փախել է Շուշիի ջարդերից, և առնվազն ցանկացած արցախցու համար պարզապես մեծագույն ցավ է լսել այդ բառը: Ըստ Թևան Պողոսյանի՝ միգուցե այդպիսով Նիկոլ Փաշինյանը փորձում է գտնել իր համար փաստարկներ, որ, դե, սրանից եմ վախեցել: Մինչդեռ ըստ նրա՝ անվախ կամ պատերազմի մեջ գտնվող ղեկավարը նույնիսկ այդ թղթերի վրա նայելով՝ կմտածեր, թե ինչպես պետք է կարողանա բանակցել, լուծում գտնել:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ