«Մարտի մեկի դատավարությունը դոփում է տեղում, ո՞րն է ըստ ձեզ ձգձգման պատճառը։ Չեք կարծո՞ւմ, որ արհեստական ձգձգումները կարող են վատ նախադեպ դառնալ»,-ԱԺ արտահերթ նիստում այսօր ԲԴԽ անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանին հարցրեց «Իմ քայլի» պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։
Ջհանգիրյանը պատասխանեց․ «Այդ հարցի հետ կապված մտահոգությունները ձեր հետ լիովին կիսում եմ։ Եթե չեմ սխալվում, տարուց ավելի է, որ նախապատրաստական նիստի փուլը չի ավարտվել, չենք կարողանում մուտք գործել բուն դատաքննության փուլ։ Բացի կալանքի եւ այլ միջնորդություններից՝ այլ հարց չի քննարկվում։ Երեւում է, որ դա պաշտպանական մարտավարություն է։ Թե ինչ նպատակ են հետապնդում, կարծում եմ՝ հասկանալի է։ Անգամ չարժի պատասխանել։ Բայց դա աննորմալ երեւույթ է։ Չեմ հիշում 90-ականներից ի վեր մի դատաքննություն, որի նախապատրաստական փուլը մի քանի ամսից ավելի տեւի։ Լուրջ մտորելու տեղիք կա։ Լուծում հիմա չեմ կարող առաջարկել, բայց որ այդ գործընթացը չափից ավելի արհեստական ձգձգվում է, դա պաշտպանության իրավունքի չարաշահում է։ Դատարանն ու մեղադրողները բարեխղճորեն հանդուրժում են դա, բայց պաշտպանության իրավունքի չարաշահման սահմանը վաղուց անցել է»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
«Առավոտ». Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Արամ Վարդեւանյանը ՖԲ իր էջում անդրադարձել է Ջհանգիրյանի հայտարարություններին՝ գրելով. «Հետևում եմ «փառահեղ» ձևով քաղաքական չեզոքությունից զուրկ և իրավունքների խախտումների ասպետ` Ջհանգիրյանի ընտրության գործընթացին. իսկապես ԲԴԽ անդամի նման ընտրությունը` «աննորմալ երևույթ է, օրենքի արհեստական մեկնաբանություններով»..
Կարդացեք նաև
Հ.Գ. Կարդացեք ԲԴԽ անդամի լիազորությունները և կոնկրետ դատավորի վարույթի վերաբերյալ խոսելու-միջամտելու արգելքը»: