Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳՄՍՆ-ն ընդլայնել է հայերենի և հայագիտական առարկաների դասավանդման աջակցության ծրագրերը

Հունվար 22,2021 16:48
aybuben

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2019 թ․-ից բյուջետային ֆինանսավորմամբ էականորեն ընդլայնել է հայերենի և հայագիտական առարկաների դասավանդման աջակցության ծրագրերը:

2020–21 ուսումնական տարում, նախկին 4-ի փոխարեն, վերոնշյալ ծրագիրն իրագործվել է 6 պետության 8 հաստատությունների՝ Պրահայի Կարլովի (Չեխիայի Հանրապետություն), Բուխարեստի (Ռումինիա), Վենետիկի Կա՛Ֆոսկարի, Հռոմի Լա՛Սապիենցա (Իտալիայի Հանրապետություն), Զալցբուրգի (Ավստրիայի Հանրապետություն), Արգենտինայի Քենեդի (Արգենտինայի Հանրապետություն) համալսարանների, Պոտսդամի Լեփսիուսի տուն-թանգարանի և Հալլեի Մարտին Լյութերի անվան համալսարանի «Մեսրոպ» հայագիտական հետազոտությունների կենտրոնի (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) հետ:

Ծրագրի իրագործման նպատակով ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորումը հիմնականում իրականացվում է տվյալ համալսարանի և ՀՀ դեսպանությունների միջև կնքված հուշագրերի կամ համաձայնագրերի հիման վրա։

Համավարակի պատճառով 2020 թ.-ին ծրագրից դուրս են մնացել Կահիրեի համալսարանը (Եգիպտոսի Արաբական Հանրապետություն) և Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (Ռուսաստանի Դաշնություն): Նշյալ կառույցների հետ բանակցությունները և համաձայնագրերի ստորագրման գործընթացը կշարունակվի այս տարի:  2021 թ.-ին նախատեսվում է ծրագիրն իրագործել նաև Ուրուգվայի և Քիշնևի (Մոլդովայի Հանրապետություն) համալսարաններում: 2019 թ.-ին ծրագրի համար հատկացվել է շուրջ 16 մլն դրամ, 2020 թ.-ին՝ շուրջ 60 մլն, 2021 թ.-ին նախատեսվում է 120 մլն դրամ:

Համալսարանների ընտրությունը պայմանավորված է այնտեղ դասավանդումն իրականացնելու նախապայմաններով, մասնավորապես՝ Վենետիկի համալսարանում առկա հայագիտական հարուստ ժառանգությունը, Բուխարեստի համալսարանում՝ երկու երկրների մշակութային փոխառնչությունների և հայկական պատմագիտական նյութերն ուսումնասիրելու անհրաժեշտությունը:

Մյուս համալսարանների պարագայում նշանակություն են ունեցել հայկական համայնքի առկայության փաստը, տվյալ երկրի հետ հարաբերությունների սերտացման քաղաքականությունը կամ տվյալ համալսարանի դերն ու նշանակությունը տարածաշրջանային համատեքստում:

Դասավանդումն իրականացվում է հիմնականում տեղի հայագիտական ոլորտի կադրերի կողմից, երբեմն՝ նաև Հայաստանից գործուղված մասնագետի միջոցով (Բուխարեստի համալսարան):

Հաստատություններում հայերենի իրավական կարգավիճակը տարբեր է. Վենետիկի Կա՛Ֆոսկարի համալսարանում հայերենը դասավանդվում է 3 ուսումնական տարի՝ լեզվաբանների համար։ Բուխարեստում այն ընտրովի առարկա է։ Պրահայում և Զալցբուրգում դասավանդվում են նաև այլ հայագիտական առարկաներ՝ Հայոց պատմություն, Հայ քրիստոնեության պատմություն, Հայ գրականություն և այլն։

2020 թ․ առաջին անգամ ֆինանսավորվել են հետազոտական աշխատանքներ, որի նպատակով հուշագրեր են ստորագրվել Պոտսդամի Լեփսիուսի տուն-թանգարանի ինստիտուտի և Հալլեի «Մեսրոպ» հայագիտական հետազոտությունների կենտրոնի հետ:

Այս ծրագրով ԿԳՄՍ նախարարությունը հետամուտ է աջակցել հայերենի ու հայագիտության տարածմանը և ամրապնդմանը օտարերկրյա պետությունների համալսարաններում և հետազոտական կենտրոններում։ Սա հայկական մշակույթն ու ինքնությունը ճանաչելի դարձնելու, մեր ժողովրդի և մշակույթի նկատմամբ միջազգային հետաքրքրությունը մեծացնելու, ինչպես նաև տեղի հայ համայնքներում հայկական արժեքների պահպանմանը նպաստելու լայն հնարավորություն է:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ
ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031