Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերադարձ Սոլոզը» հայ հանդիսատեսին ներկայացվում է ավելի շուտ, քան ֆրանսիացիներին». ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Հունվար 22,2021 15:54

Ֆրանսահայ ռեժիսոր եւ դերասան Սերժ Ավեդիկյանը Հայաստանում է` ներկայացնելու համար իր նոր` «Վերադարձ Սոլոզ» վավերագրական ֆիլմը, որի նախադիտումը կազմակերպվում է Վալերի Մանտոյի «Ակոս» վեպի հայերեն հրատարակությանը նվիրված միջոցառումների  շրջանակում` Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության նախաձեռնությամբ: Ֆիլմի ցուցադրությանը կհաջորդի քննարկում Սերժ Ավեդիկյանի և Վալերի Մանտոյի հետ: Սոլոզը Սերժ Ավեդիկյանի պապերի գյուղն է, որը գտնվում է Ստամբուլից 170 կմ հարավ: 1987-ից մինչեւ 2019 թթ հեղինակը մի քանի անգամ այցելել է պապերի գյուղ, իսկ առաջին նկարահանումները կատարվել են առանց թուրքական կողմի թույլտվության:

Այս առիթով Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում հրավիրված ասուլիսում Հայաստանում Ֆրանսիայի դեսպան ՆԳ Ժոնաթան Լաքոտը նշեց, որ Մանտոյի գրքի եւ Ավեդիկյանի ֆիլմի ներկայացմամբ դեսպանատունը վերամեկնարկում է մշակութային միջոցառումները, իսկ «Վերադարձ Սոլոզը» հայ հանդիսատեսին ներկայացվում է ավելի շուտ, քան ֆրանսիացիներին: Դեսպանի խոսքով, թեեւ ճամփորդելու հնարավորությունները կորոնավիրուսի պատճառով սահմանափակվել են, սակայն Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը սիրով է հյուրընկալում ֆրանսիացի արվեստագետների, որոնք պատրաստ են հանդիպել հայ հանդիսատեսի ու ընթերցողի հետ:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի եւ համագործակցության հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլեն էլ հավելեց, որ այն հակամարտությունից ու դժվարություններից հետո, ինչին բախվեց Հայաստանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը ցանկանում է վերահաստատել, որ գտնվում է Հայաստանի կողքին, որը մշակույթի եւ արվեստագետների երկիր է:

Սերժ Ավեդիկյան

Պարոն Նարժոլեն նշեց, որ դեսպանի հետ միասին վկայականներ են հանձնվել ֆրանսերենի խորացված ուսուցմամբ 119 դպրոցին, որի սան է եղել նաեւ Սերժ Ավեդիկյանը: Հայ-ֆրանսիական կապերի մասին խոսելիս նա ընդգծեց, որ Հայաստանը այն երկիրն է, որը երկու տարի առաջ հյուրընկալել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի եւ համագործակցության հարցերով խորհրդականն ասաց, որ բազմաթիվ համատեղ ծրագրեր կան առաջիկայում` սկսած ֆիլմերի փառատոնից, վերջացրած լուսանկարչական ցուցահանդեսով` ֆրանսիացի եւ հայ լուսանկարիչների ներգրավմամբ: Վերջինս նվիրված կլինի քաղաքային ժառանգության պահպանությանն ու բարեկարգմանը, իսկ գարնան վերջին նախատեսված է նաեւ ժամանակակից կրկես:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031