Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ջհանգիրյանը՝ իր դեմ ցույց անող իր նախկին ուսանողների ու «թուրը ձեռքին» ԲԴԽ գնալու մասին

Հունվար 22,2021 15:45

ԱԺ արտահերթ նիստում «Իմ քայլի» պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը ԲԴԽ անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանից հետաքրքրվեց՝ այսօր ԱԺ-ի մոտ բողոքի ցույց անողները մատնանշում էին, որ դուք ԲԴԽ եք գնում՝ դատավորների վրա ճնշում գործադրելու, կա՞ նման գործիքակազմ։ Գագիկ Ջհանգիրյանը պատասխանեց․ «Իմ լիազորությունները հավասար են ԲԴԽ մյուս անդամների լիազորություններին։ Դրանցում կա՞ գրված, որ ես պետք է ճնշում գործադրեմ։ Չկա։ Ասում են նաեւ, թե ես ԲԴԽ եմ գնում նախագահի պաշտոնի համար։ Ժողովուրդ ջան, նախագահը պաշտոնավարում է եւ դեռ ժամկետ ունի։ Այսինքն, ես ո՞նց եմ գնում․․․այստեղից ասեմ՝ նախագահը ես եմ ու թուրն առնեմ գնամ բարձրագույն դատական խորհո՞ւրդ։ Նման մեկնաբանությունները կասկածելի աղբյուրներից են բաց թողնվել եւ իրականությանը չեն համապատասխանում։ Իհարկե, եթե հերթը գա ու հասնի իրավաբան-անդամների նախագահության հարցին եւ եթե ինձ առաջարկեն, ես ինձ շոյված կզգամ։ Չեմ հրաժարվի։ Բայց հիմա ես չեմ գնում այնտեղ նախագահի պաշտոնը գրավեմ, պաշարեմ, չգիտեմ ինչ անեմ․․․»։

«Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էլ այսպես դիմեց Գագիկ Ջհանգիրյանին․ «ԱԺ մատույցներում ակնհայտ երեւացել է ՀՀԿ երիտթեւը։ Անչափահաս որոշ գործիչների կողմից գնահատականներ տրվեցին ձեր մասնագիտական կարողությունների վերաբերյալ։ Ակնհայտ է, որ ձեր առաջադրումն անհանգստություններ է առաջացրել նաեւ ձեր նախկին ուսանողների մոտ։ Անհանգստության պատճառ կա՞։ Ինչո՞ւ են ձեր նախկին ուսանողներն ու որոշ քաղաքական ուժեր անհանգստացած ձեր եւ Դավիթ Խաչատուրյանի առաջադրմամբ։ Եթե գաղտնիք կա, ասեք՝ հասկանանք»։

Գագիկ Ջհանգիրյանը պատասխանեց․ «Իմ նախկին ուսանողներից կան եւ անհանգստացողների, եւ չանհանգստացողների մեջ, այնպես որ, ես փիլիսոփայորեն եմ վերաբերվում։ Ամեն մարդ իր որոշումն ունի»։

Հիշեցնենք, որ ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ է անում՝ օրակարգում ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում «Իմ քայլից» առաջադրված՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի եւ իրավաբան Դավիթ Խաչատուրյանի թեկնածության հարցով։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031